Արցախյան ազգային ազատագրական պատերազմի առաջին հերոսամարտերից վճռորոշ նշանակություն ունեցավ կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը 1992 թ. մայիսի 18-ին: Դա հիրավի պատմական իրադարձություն էր՝ կրակե օղակում հայտնված հայրենի Արցախ աշխարհը, սնուցող պորտալարի նմանությամբ, կապվեց մայր հայրենիքին: Վաղօրք նախատեսված էր՝ այս տարի նշվելու էր Քաշաթաղի ազատագրման 29-ամյակը: Նշվելու էր ըստ պատշաճի: Ավաղ… Եվ ահա, վերստին մեր դարավոր ոսոխի երախում հայտնված հայաշունչ երկրամասը, որտեղ տեղի էին ունենալու տոնախմբություններ, այսօր մեզ է ներկայանում իր հրաշակերտ պատմական հուշարձանների ու մշակութային կոթողների լուսանկարներով…
Կյանքի ճանապարհի բացման օրը մայրաքաղաքի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Հայկական Քաշաթաղ» խորագրով Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված շուրջ հարյուրի հասնող աշխատանքներում հայոց քանքարի քարակերտ արարումներն են՝ վանքեր ու եկեղեցիներ, մատուռներ ու խաչքարեր, բերդեր, ամրոցներ, կամուրջներ: Այս ամենը հողի իրական տիրոջ՝ հայի ու երկրամասի հայկականության անհերքելի վկայագրեր են, որոնք ներկա ու գալիք սերունդներին, թեկուզ արյան գնով, հարազատ եզերքի հետվերադարձի խորհուրդն են բարձրաձայնելու…
Ասենք, որ լուսանկարչական բարձրարվեստ այս գործերի հեղինակը 1989 թ. եղել է Բերձորում, զենք բռնել ու անդամակցել շենի ինքնապաշտպանական խմբերին, 1993 թ., երբ ազատագրական պատերազմը իր տարերքի մեջ էր, մասիսցիների ջոկատի կազմում մասնակցել է Քաշաթաղի շրջանում ընթացող դաժան մարտերին, այդ ընթացքում ծանոթացել ազատագրված գյուղերում (Հոչանց, Սոնասար, Արվական, Մշենի, այլ շեներ) ու դրանց մերձակա տարածքներում կանգուն կամ կիսավեր հուշարձան-կոթողներին, ժապավենին վերցրել՝ որպես այդ հերոսական օրերի անկորնչելի հիշատակներ:
-1996 թվականին, երբ հաստատվեցի եւ սկսեցի աշխատել շրջանում,- անցած օրերն է վերհիշում «Մերան» թերթի խմբագիր, նվիրյալ մանկավարժ, շրջանի կրթական համակարգում բարձր ու պատասխանատու պաշտոններ վարած զրուցակիցս՝ Զոհրաբ Ըռքոյանը,- աշխատանքի բերումով լինում էի տարբեր կրթօջախներում, զուգահեռաբար ծանոթանում այդ տարածքների պատմական հուշարձաններին: Հիշում եմ՝ առաջինը Հարար գյուղն էր՝ իր Սուրբ Ստեփանոս եկեղեցիով, երկրորդը՝ Ծիծեռնավանքը՝ Աստծո տան նույնանուն տաճարով: Սրանք, Մկնատամի խաչ, Վարազգոմ, Սթունիսի երկու, Հակի Սուրբ Մինաս ու տասնյակ այլ չքնաղ եկեղեցիներ, կոթողներ են ներկայացված ցուցահանդեսում:
Ինչպես ցավ ի սիրտ փաստեց զրուցակիցս՝ այս ամենին ծանոթանալուն, երբեմն նաեւ հայտնաբերելուն շատ անգամ օգնել են աշակերտները, տեղի բնակիչները, հովիվներն ու որսորդները, անտառապահները, ովքեր քաջածանոթ են եղել տարածքների հայաշունչ քարեղեն վկայություններին: Այսպես՝ որսորդ Գարեգինի շնորհիվ Կատոսավանքի մերձակայքում հայտնաբերվել է հայկական գերեզմանատուն՝ 9-րդ դարի խաչքարերով հանդերձ: Մինչ այդ դրա մասին արձանագրված որեւէ տեղեկություն չունենք: Իմ այն հարցին, թե ե՞րբ է վերջին անգամ «չրխկացել» իր լուսանկարչական ապարատն այդ չքնաղ վայրերում, Զոհրաբը հառաչանքով արձագանքեց.
-Դա 2020 թվականի սեպտեմբերի 26-ին էր: Այդ օրը Ծիծեռնավանքի եկեղեցական համալիրում նշվում էր սուրբ Գեւորգի օրը: Տրվեց սուրբ պատարագ: Վերջին պատարագը Ծիծեռնավանքի… Միջոցառման հաջորդ օրն արդեն պատերազմ էր… Ավերիչ պատերազմ…
Նորից գալով ցուցահանդեսին, նշենք, որ բացմանը խոսք ասաց Մեծ լոռեցու թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Նա ցավով նշեց, որ հայրենաճանաչության մրցութային իրենց ծրագիրը՝ լինել նաեւ Քաշաթաղում, մնաց երազանք, հույս հայտնելով, սակայն, որ վաղ թե ուշ գալու է նաեւ այնտեղ վերադարձի օրը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Զոհրաբ Ըռքոյանը: Նա ասաց, որ ներկայացված լուսանկարներն իր աշխատանքների ընդամենը սակավ մի մասն են, իսկ առաջիկայում մտադիր են հրատարակելու Քաշաթաղի պատմամշակութային կոթողները հավերժացնող երկլեզու ընդգրկուն պատկերագիրք:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Քաշաթաղի Բազմազավակ ընտանիքների հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը, շրջվարչակազմի տարբեր վարչությունների բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, արվեստագետներ, սիրված գուսան Հայկազունը, այլք:
Իսկ մենք հուսանք, որ բարբարոսի արյունոտ ձեռքը, այնուամենայնիվ, կչորանա, եթե փորձի իրագործել իր նենգ վճիռը՝ ավերել հայոց հողի Աստծո տան տաճարները, խաչքարերն ու դարավոր կոթողները… Չէ՞ որ դրանք տիրահաճո արարումներ են…