«Ի վեր քան զխաւար գիշերն առ արշալոյսն տուընջեան»
Մեք սիրեաք զնա։ Այլ Աստուած առաւել եւս սիրեաց զնա։
Նա, ով երբեւէ այցելի Ճապոնիա, հատկապես լինի Յոկոհամայում, ով գեթ մեկ անգամ լսած լինի Դիանա Աբգարի անունը, հատկապես հայը, հավանաբար, չի զլանա այցելել նաեւ արտասահմանցիների գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծն տիկնոջը` իր խոնարհումը բերելով նրա շիրմին ու վերոհիշյալ երկտողը կարդալ հենց նրա տապանաքարին, այն մեծ սիրո մասին, որին արժանացել է մեծ հայուհին` անմնացորդ նվիրվելով կարոտաբաղձ հայրենիքի դարդուցավին, օտար ափերում նետված յուրաքանչյուրին, ով հայտնվել էր այնտեղ փրկության փափագով… Այդպիսի սիրո արժանանում է նա, ով ինքն է նման սիրո սերմնացանը, իսկ Դիանա Աբգարը հենց այդպիսի սիրո շռայլ սերմնացան էր` առանց ակնկալիքի ու սպասման. թերեւս, միակ սպասումը նվիրական գործի պտուղները տեսնելն էր…
Իսկ ով էր Դիանա Աբգարը եւ ինչպես էր անցել այդ Մեծ սիրո ճանապարհը… Դիանա Հովհաննեսի Աբգարը կամ նույն ինքը` Անահիտ Աղաբեկյանը եւ որ նույնն է` Գայանեն, ծնվել է 1859 թ. հոկտեմբերի 12-ին։ Ծննդավայրը համարվում է բրիտանական Հնդկաստանի Յանգոն քաղաքը, քանզի կարծիքները տարատեսակ են. ոմանք կարծում են, որ նա ծնվել է Նոր Ջուղայում, ոմանք` Բոմբեյում, ոմանք էլ հակված են Կալկաթային… Ամեն դեպքում մի բան պարզ է, որ Աղաբեկյանների նախնիները նորջուղայեցիներ են, որոնց, ինչպես եւ բազում հայերի, ղզլբաշները 1605 թ. Նախիջեւանի Ջուղայից արտաքսել են Պարսկաստան, իսկ այն, որ Դիանային մանկուց երկու անունով են կնքել, վկայում է այն մեծ սիրո ու սպասելիքների մասին, որ հարազատները տածել են նորածնի հանդեպ, մինչդեռ Գայանե-Անահիտը եւս մի անուն պետք է ձեռք բերեր` ամբողջացնելու ազգային հատկանիշները համաշխարհայինի հետ, ու դառնար Դիանա։ Կան անհատներ, ում համար անունը պատահականություն չէ, ով տեր է կանգնում իր անվանը ու մինչեւ վերջ ծառայում նրան։ Սուրբ Գայանեի մասին գիտենք, գիտենք նաեւ, որ Անահիտ դիցուհին պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, նաեւ ռազմի աստվածուհին է հայկական դիցարանում, իսկ Դիանան նույն Անահիտն է հռոմեակա՛ն դիցարանում։ Դիանա Աբգարը իր խորհրդանշական անունների մարմնացումը եղավ ողջ կյանքի ընթացքում. սիրեց` որպես յուրահատուկ է մեծերին եւ սիրվեց, որպես մեծերին են սիրում…
Դիանայի հայրը` Հովհաննես Աղաբեկը, ծնողների հետ մանկուց էր տեղափոխվել Հնդկաստան, մայրը Թադեւոս Ավետիքի ընտանիքից էր` Շիրազից։ Դիանան յոթերորդ զավակն էր` ամենափոքրը։ Կալկաթայում նրան կրթության են տալիս կանանց մենաստան. այնտեղ սովորում է անգլերեն, սանսկրիտ ու հինդի, տանը` հայերեն։ Մայրը` Զմրուխտը, գրող էր, թարգմանիչ, ումից ժառանգել է ստեղծագործական հատկանիշներ ու ինքն էլ զբաղվել գրականությամբ, լեզուներով, հասարակական գործունեությամբ։ Հայրը կաթնամթերքի արտադրություն ուներ, ումից էլ ժառանգել է գործնական հատկանիշներ, արտադրություն կառավարելու հմտություններ։ Ժառանգական հատկանիշները զուգակցելով անձնական ձեռքբերումներին` Դիանան հասնում է ցանկացած ձեռնարկման անվերապահ հաջողության։ Կամային բարձր ինտելեկտը թույլ է տալիս նրան գործել անգամ ամենաանհնարին թվացող իրադրությունում։ Էությամբ նախաձեռնող` հաճախ է ընդունում կայծակնային ու արդյունավետ որոշումներ` թե՛ անձնական, թե՛ հասարակական խնդիրներ լուծելիս։ Նա, կարելի է ասել, բնույթով էր բարի կամքի դեսպան եւ այդ առաքելությունը կամովին էր ձեռնարկել ու արդեն իսկ լծվել հայ գաղթականներին հեռավոր ափերում սատարելու անշահախնդիր գործին` օգնելով նրանց թե՛ նյութապես, թե՛ բարոյապես եւ թե՛ կացարան տրամադրելով։
Հենց նրա ծավալած ակտիվ գործունեությունն էր Ճապոնիայում, որտեղ տեղափոխվել էր ամուսնանալուց հետո, որ թելադրեց ՀՀ վարչապետ, արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանին 1920 թ. հուլիսի 21-ին նրան նշանակել ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ Ծայրագույն Արեւելքում։ Չլիներ Դիանան Ճապոնիայում, ու չլիներ նրա գործունեությունն այնքան կարեւոր ու անհրաժեշտ, հազիվ թե Հայաստանում մտածեին հեռավոր Ճապոնիայում այդպիսի ներկայացուցիչ ունենալու մասին, այն էլ` կին, ինչն աննախադեպ էր ժամանակների համար եւ առաջինն էր համաշխարհային պրակտիկայում, այն դեպքում, երբ դեռ նոր-նոր էր շոշափվում անգամ կանանց ընտրական իրավունքի հարցը, եւ աշխարհում առաջադեմ անձինք պայքարում էին նախ եւ առաջ այդ հարցը լուծելու համար։ Պետք է ասել, որ Հայաստանում այդ հարցն էլ լուծված էր, եւ կինն ազատ էր իր իրավունքները պաշտպանելու հարցում։ Այդ ժամանակաշրջանում կանանց դեսպան նշանակելու մեկ-երկու դեպք եղել է աշխարհում, բայց հասարակական ակտիվ աշխատանքներում ընդգրկված երկու կանայք էլ չեն արդարացրել իրենց հանդեպ վստահությունը եւ շուտով հետ են կանչվել։ Ինչ վերաբերում է Դիանային, նա ոչ միայն արդարացրեց այդ վստահությունը, այլեւ սեփական նախաձեռնություններով, գործառույթներով ու հեղինակությամբ նոր որակ հաղորդեց այդ շատ կարեւոր պաշտոնին` այն դարձնելով առավել հարգի, առավել անհրաժեշտ ու մարդասիրական, քան կարելի էր պատկերացնել։
Թե ինչպես էր իր գաղափարներն իրագործում ու մատուցում Դիանա Աբգարը, նրա մասին հիացմունքով գրում է ճապոնական «Ջափըն գազեթը». «Բանախոսուհին, որ շատ արթուն տիկին մըն է եւ ունի գեղեցիկ, լեցուն ձայն, որ սերտիվ միացած է հռետորական հաճոյալի ձեւերու, ունկնդիրներու ուշադրութիւնը վառ պահեց մինչեւ վերջը, հաղորդելով անոնց իր անձնական եռանդը եւ հասուն գաղափարները իր նիւթի մասին»։ Վկայում են նաեւ, որ անգամ Դիանայի արտաքինն ու կեցվածքն էին այնքան ազդեցիկ, որ դահլիճ մտնելուն պես այլազգի դեսպաններն իսկույն ոտքի էին կանգնում, իսկ ագուլիսցի վաճառական Թովմաս Յարղուլյանն էլ, ով 1919 թ. այցելել է Դիանային, նկատում է, որ նրա մի խոսքը ավելի կշիռ ուներ թե՛ ոստիկանության եւ թե՛ զանազան կառույցների հեղինակավոր պաշտոնյաների համար, քան որեւէ անցաթուղթ։ Դիանան ստանում ու կարդում էր հայկական, ճապոնական, անգլիական, ամերիկյան, հնդկական մամուլ, իսկ հայերեն օրաթերթերը բաժանում նաեւ օտար լեզուներ չիմացող հայրենակիցներին, որ տեղյակ լինեն աշխարհի անցուդարձից։ Նրա մասին ճշգրիտ արտահայտվում է եւ ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաձիման. «Դիանա Աբգարը, որը 46 տարի ապրել էր հեռու Ճապոնիայում, մեր կարծիքով, միակ հայ կինն էր, որ լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին», ու, թերեւս, ասվածին կարելի է ավելացնել` այն քիչ կանանցից մեկը աշխարհում, որ այնքան տիրապետում էր համաշխարհային անցուդարձին եւ այնքան ծավալուն աշխատանք էր տանում այդ աշխարհը բարելավելու ուղղությամբ` առավել մարդասիրական ու բարոյական դարձնելու համար։
Նամակագրություններով կապեր էր հաստատում աշխարհի ազդեցիկ մարդկանց հետ, այդ թվում այնպիսի, ինչպես Վուդրո Վիլսոնն էր՝ իր մտահոգությունները հայտնելով հայրենիքի ու ազգային խնդիրների առնչությամբ, ամեն կերպ ջանալով օգտակար լինել հայրենակիցներին, այն դեպքում, երբ երբեւէ չէր եղել Հայաստանում, եւ պատկերացումները նրա մասին առավել քան հոգեւոր էին եւ առավել առարկայական, քան հայրենիքում ապրողներից շատ-շատերինը։ Միայն ինը գիրք գրել է Հայոց եղեռնի մասին, ջանք թափել այն ճանաչելու ուղղությամբ։ Սերտ կապեր է պահպանել Էջմիածնի հետ եւ անգամ բանաստեղծություն ուղարկել, որ որպես աղոթք ամեն օր հնչի եկեղեցիներում` «Աստուած պաշտպանեա՛ Հայաստան…»: Դիանան առիթը բաց չէր թողնում հայրենիքի համար ցանկացած գործ անելու, անգամ 300 մետաքսե եռագույն դրոշ է ուղարկում Հայաստան` պատվիրակ Գրիգոր Ձամոյանի հետ, ու արդեն զարմանալի չէ, որ նաեւ նրա ջանքերի շնորհիվ 1920 թ. մարտի 7-ին Ճապոնիան փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, ինչը առավել հեշտացրեց Հայաստանին օգնելու հնարավորությունը։
Դիանա Աբգարը ոչ միայն գթառատ մայր եղավ իր երեք զավակի համար, այլեւ նույն գթառատությամբ վերաբերվեց յուրաքանչյուրին, ով իր կարիքն զգաց, ոչ միայն հավատարիմ կին ու գործընկեր եղավ ամուսնու համար, այլեւ հավատարիմ զավակ եղավ իր երբեւէ չտեսած հայրենիքի համար ու այնքան մեծ ներդրում ունեցավ հայրենյաց գործում, որ 1926 թ. արժանացավ Ամենայն հայոց Գեւորգ Ե կաթողիկոսի հատուկ կոնդակին։ Նրա ջանքերով բազմաթիվ հայ գաղթականներ Սիբիրով ու Ճապոնիայով տեղափոխվել են ԱՄՆ ու Անգլիա, նրանցից շատերին ապաստան է տվել իր տանը, շատերի համար էլ լուծել իշխանությունների կողմից պահանջված 1500 իեն ունենալու խնդիրը` որպես երաշխիք, որ փախստականները չեն զբաղվի մուրացկանությամբ ու բեռ չեն դառնա պետության վրա։ Այսքանով հանդերձ, երբ նրա ընտանիքը հրաշքով փրկվեց 1923 թ. Ճապոնիայի մեծ երկրաշարժից` կորցնելով ամեն բան, անգամ հագուստը` հայտնվելով ծայրագույն կարիքի մեջ, նրան օգնության ձեռք մեկնելու կոչերը արդյունք չտվեցին, ու դարձյալ Դիանան անձամբ լուծեց սեփական խնդիրը` ապաստան գտնելով Կոբեում… Ինչ արած, սա է վիճակված մեծերին…
Դիանա Աբգարը վախճանվել է 1937 թ. հուլիսի 8-ին՝ այդպես էլ չտեսնելով այնքան սիրասուն ու բաղձալի հայրենիքը, որի աշխարհագրությունն ու պատմությունը խորախորհուրդ տեղ էին գրավել նրա մեծ սրտում…