Արցախյան նժույգի գենետիկ պոտենցիալի վերականգնման խնդրով ոչ քչերն են զբաղվել: Սակայն պատերազմական գործողությունները միշտ էլ խոչընդոտ են դարձել ավանդական զբաղմունքը պատշաճ հիմքերի վրա դնելու հարցում: Կամ՝ անհեռատես իշխանավորների մեղքով պարզապես վիժեցվել են «ոչ եկամտաբեր» այդ գործի բարելավմանն ուղղված մասնագետների ձեռնարկումները:
Ձիաբուծության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող փորձերն Արցախում դեռեւս ցանկալի արդյունքներ չեն տվել, չնայած վերջին տարիներին որոշակի առաջխաղացում է նկատվում: Հատկանշական է, որ 90ական թվականներին Արցախում մի խումբ մասնագետներ ճանաչված գիտնական Էդուարդ Գասպարյանի ղեկավարությամբ «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղի տնտեսության բազայի վրա քայլեր ձեռնարկեցին տոհմաբուծարան ստեղծելու ուղղությամբ: Ձեռք բերվեցին մեծ թվով զամբիկներ, Երեւանի ձիավարժարանից տրամադրվեցին խառնածին հովատակներ: Եվ ձիավարժարանի ու Երեւանի անասնաբուծական գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ գիտական աշխատանք ծավալվեց: Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները միաժամանակ համապատասխան տարածք հատկացրին տնտեսությանը: Եվ դեռ նորնոր էին ուրվագծվում հուսադրող առաջին արդյունքները, երբ ազերիների սանձազերծած պատերազմը ձախողեց ծրագրված պլանները: Ռազմական գործողությունների ժամանակ զամբիկների մեծ մասը (հովատակների հետ մեկտեղ) ազերիները քշեցին Շուշիի ուղղությամբ, եւ հետագայում դուրս բերվեցին Արցախի տարածքից:
Նախորդ պատերազմից հետո՝ 1999 թ., գյուղնախարարության մի խումբ բանիմաց մասնագետներ ձեռնամուխ եղան երկրում 40 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ (5 տարվա կտրվածքով) ծրագրի ստեղծմանը: Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ ազատ տարածքների հնարավորությունը, անասնաբուծական չօգտագործվող համալիրներն ու ֆերմաները լայն խթան կարող են դառնալ ակտիվ աշխատանքներ ծավալելու, ավանդական զբաղմունքը վերականգնելու եւ մոտ ապագայում ցանկալի արդյունքներ ակնկալելու համար: Մանավանդ որ փաստացի այդ «պատրաստի» շենքերն օգտագործելու դեպքում զգալիորեն կնվազեր ծրագրի արժեքը: Գաղափարը միահամուռ պաշտպանություն գտավ, նախապատրաստական առաջին աշխատանքները նույնիսկ ուրվագծվեցին ընդհանուր ուղղություններով, սակայն, ցավոք, անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն այդպես էլ «կես ճանապարհին» թողեց ծրագրի ջատագովներին: Մինչդեռ հեղինակներն այնքան մոտ էին տարիներ ի վեր շրջանառության մեջ դրվող գյուղանպաստ վաղեմի այդ գաղափարի իրականացմանը:
Էդ. Գասպարյանը կարծում էր, որ Արցախում պետք է վերականգնվի բոլորի համար հպարտության խորհրդանիշ արցախյան «ոսկեթույր նժույգը», որը բարի համբավ է վայելում երկրամասում: Հավաքագրելով անհրաժեշտ ձիագլխաքանակ՝ արաբական արագավազ թերեքի մաքրացեղ ձիերի արյան ներարկմամբ, նրա կարծիքով, կարելի է ստեղծել ղարաբաղյան նժույգի խառնածինը: Այս միտքը նրա մեջ ծագել է հանրապետության շրջափակման արտակարգ պայմաններում, եւ կատարված երկարատեւ գիտական ուսումնասիրություններից ու հաշվարկներից եկել էր այն եզրակացության, որ ձիաբուծությունը միմիայն եկամուտներ ու համբավ կբերի Արցախին:
Բենզինի, դիզելային վառելիքի դիֆիցիտի պայմաններում անխուսափելի համարելով ձիաբուծության զարգացումը լեռնաշխարհում, Էդ. Գասպարյանը խորհուրդ էր տալիս Ստեփանակերտ քաղաքին հարող տարածքներում (ալպիական մարգագետիններում) խառնածիններ ստանալու նպատակով ստեղծել ձիաբուծական տոհմային տնտեսություն, այնուհետեւ այդ բազայի վրա ձեռնամուխ լինել սերմնավորման կետի բացմանը եւ զտարյուն հովատակներով ազնվացեղ ձիագլխաքանակ ապահովել: Նա հեռանկարային է համարում անտառամերձ, արոտավայրերին մոտ տարածքներում երամակային պահվածքի կազմակերպումը՝ ընդգծելով նաեւ տոհմային տնտեսություններին զուգընթաց պայտերի, ձիու սարքերի, գյուղատնտեսական մի շարք գործիքների պատրաստման արտադրամասի ստեղծման անհրաժեշտությունը: Մտածելով, որ արցախյան ձիերի գենետիկ պոտենցիալի վերականգնումը, բնականաբար, կնպաստի նաեւ մարզական խաղերի, մասնավորապես՝ ձիավարժարանի եւ ձիարշավարանի ստեղծմանը, նա խորհուրդ է տալիս պետական աջակցություն ցուցաբերել:
Հետպատերազմյան տարիներին պետության, սփյուռքի բարերարների հովանավորությամբ տնտեսական, սոցիալական ու ռազմավարական նշանակության ոչ քիչ ծրագրեր են իրականացվել Արցախում: Միեւնույն ժամանակ ձիաբուծությունը, որպես ավանդական զբաղմունք, դեռ լիարժեք պահանջարկ չի գտել, չնայած զարգացման տեսանկյունից լայն հեռանկարներ ունի:
Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանի կարծիքով՝ վերջին տասնամյակներում, որպես բանող ուժ, ձին կորցնում է իր նշանակությունը: Միեւնույն ժամանակ, զբոսաշրջային եւ սպորտային զբաղվածության տիրույթում արցախյան նժույգի տեսակն առավել մեծ համբավ է ձեռք բերում: Նրա խոսքերով՝ ներկայումս հանրապետությունում ձիերի գլխաքանակը 2334ի է հասնում:
2018ից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքում (Հունոտի կիրճի տարածք) գործում էր ձիարշավարան (ձիաբուծարան), որտեղ բուծվում էին անգլիական, արաբական եւ ղարաբաղյան ցեղի երկու տասնյակ նժույգներ: Ակումբի նպատակն էր զարգացնել ձիասպորտն Արցախում, ձիարշավարանը համալրել այնպիսի ազնվագույն ցեղատեսակներով, որոնք լեռնային, դժվարամատչելի պայմաններում իրենց կդրսեւորեն լիարժեք: Մխիթարաշենից բացի, խմբակային ձիաբուծությամբ զբաղվում էին նաեւ Շահումյանի շրջանի Քարվաճառ, Հավսաթաղ, Մանաշիդ եւ Շուշիի շրջանի Քիրսավան համայնքներում: Յուրաքանչյուր խմբում 2050 ձի էր ընդգրկված, եւ քայլեր էին ձեռնարկվում տոհմի բարելավման ու գլխաքանակի ավելացման ուղղությամբ: Մի շարք համայնքներում էլ ձիեր էին բուծվում՝ զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության եւ անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով:
Ցավոք, 44օրյա պատերազմը, բազում նախագծերի թվում, անավարտ թողեց և Արցախում ձիաբուծության զարգացման ծրագիրը: Նշված բնակավայրերն այժմ թշնամու վերահսկողության տակ են, և ռազմագործողությունների ընթացքում նժույգների չնչին մասն է հնարավոր եղել տարհանել…
Ավանդական այդ զբաղմունքի խրախուսման համար ինչպես պետական, այնպես էլ բարեգործական հոգածություն է պահանջվում: Գաղտնիք չէ, որ լիարժեք տոհմային տնտեսություն ստեղծելու պարագայում միայն հնարավոր կլինի ազնվացեղ նժույգներ ունենալ եւ պահպանել արցախյան ոսկեթույրի համբավը…