Հարար
Նախկինում Արցախի Դիզակի մելիքության, այնուհետեւ Բերդաձոր գավառի կազմում գտնված Հարար գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է մոտ 10×5 մ արտաքին չափեր ունեցող միջնադարյան եկեղեցին: Ծովի մակերեւույթից մոտ 1.300 մետր բարձրության վրա գտնվող այս սրբատունը կառուցվել է 12-13 դդ., հնարավոր է՝ ավելի վաղ: 16-րդ դ. այն վերակառուցվել է եւ, ըստ 1671 թ. նույն եկեղեցում գրված Ավետարանի հիշատակության, կոչվել է Սուրբ Ստեփանոս: 1841 թ. եկեղեցին նորից է վերակառուցվել եւ վերանվանվել Սուրբ Հռիփսիմե:
Ըստ մատենագրության՝ այս սրբատանը միջնադարում գրվել է 3 Ավետարան: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող «Մաշտոց» ժողովածուներից մեկի մասին հիշատակվում է. «Ստեղծվել է Պաղտասար դպիրի ձեռքով եւ Մարտիրոս քահանայի պատվերով, 1666 թվականին Հագարան երկրի Հարար գյուղում»: 2 տարի անց ստեղծվել է մեկ այլ «Մաշտոց», որի հիշատակարանում գրված է եղել՝ «ՌՃԺԷ թուին [=1668 թ.] … յերկիրս Հագարեան ի գեօղն, որ կոչի Հարար»: Եվ մի 3-րդ գրչագրի Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «…արդ, գրեցաւ կենսաբեր սուրբ Աւետարանս ձեռամբ մեղապարտ եւ սուտանուն Պաղտասար դպրի, ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻ [=1671 թ.], ի յերկիրս Հագարեան, ի գեօղս որ կոչի Հարար, ընդ հովանեաւ Սրբոյս Ստեփաննոսի…»: Դեռեւս 20-րդ դարասկզբին Հարարի եկեղեցին գործող է եղել: «Արարատ» հանդեսը գրում է, որ 1905 թ. ապրիլին եկեղեցու քահանա է ձեռնադրվել Համբարձում Գրիգորյան Աղանյանցը: Այժմ պահպանված է Հարարի եկեղեցու հարավային պատը, որոշ չափով նաեւ՝ արեւմտյանը, որի մեջ խաչքար է ագուցված: Մուտքը հարավային կողմից է՝ սրբատաշ քարերով: Բարավորը խաչաքանդակով տապանաքար է: Մուտքի շեմը նույնպես տապանաքար է՝ 108×70 x 35 սմ չափերով, որի աջ կողմում հազիվ երեւացող երկտողանի արձանագրություն կա: Ըստ Ս. Կարապետյանի՝ տապանաքարը 12-13-րդ դդ. գործ է՝ հետեւյալ գրությամբ. «… /ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽ/Ա/ՉՍ ԲԱՐԵԽ/ԱՒՍՈՒԹԻՒՆ ՄԱՒՐ ԻՄՈՅ ԹՈՒ … Ե …»: Մկրտության ավազանը, որ համարվում էր կորած, վերջերս գտնվել էր եւ պահվում էր գյուղի բնակիչներից մեկի տանը: Եկեղեցին կառուցված է հիմնականում սպիտակ թերթաքարերից՝ կրաշաղախով, պատերի մեջ ագուցված են մի քանի տապանաքար ու խաչքար: Հյուսիսային պատը կից է հողապատնեշին, եւ նրա կեսից ավելին քանդված է: Սուրբ խորանին կից ավանդատներ չկան: Միանավ շինության թաղը նստած է եղել 2 կամարի վրա, որոնցից այժմ միայն հետքերն են մնացել:
Այստեղ պահպանված 2 խաչքարն էլ արձանագրություն չունեն: Անմշակ սեւագույն բազալտե խաչքարերից մեկն ունի մոտ 75x75x30 սմ չափեր, մյուսը՝ 100x85x28 սմ: Գտնվում են գերեզմանոցը պահող բլրակի գագաթին՝ հարավարեւմտյան կողմում՝ թփերի տակ: Տապանաքարերը բլրակի ներքին մասում են, տեղահանված են: 121x80x36 սմ չափերով ուղղանկյուն տապանաքարն ունի հետեւյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ / ՄԱՐՏԻՐՈՍԻ ՈՐԴԻ ԴԱՎԻԹԻՆ, / ՕՎ ՈՐ ԳԱՐՏԱՅ. ՌՄՂԵ [1846 թ.] / ՄԵԿ ԲԵՐԱՆ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ ԱՍԻ»: Մոտակա մեկ այլ՝ գրեթե նույն չափերի տապանաքարի եռատող արձանագրություն է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՀԱՐԱՐԵՑԻ ԴԱՎԻԹԻՆ, ՈՐԴԻ ՊՕՂՈՍԻ, / ԹՎԻՆ ՌՄՁԶ [1837 թ.]»: Տապանաքարի աջակողմյան անկյունը կոտրված է. բարեբախտաբար, կոտրված մասը տեղում է, ունի զարդանախշեր: Երրորդ արձանագիր տապանաքարն ունի 95x40x30 սմ չափսեր: Նույն արձանագրությունը շրջափակված է զարդանախշ շրջանակով. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ48 / ՄԵԿ ՈՐԴԻ Ս/ԱՐ/ԳՍԻ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ. / 1871 ԱՄԻ»: Տապանաքարի հակառակ երեսին 2 խաչ է քանդակված՝ մեջտեղում՝ հավերժության նշանը: Գերեզմանոցի հյուսիսարեւմտյան կողմում ճանապարհի հետք կա, որի 2 կողմում քարեր են շարված: Հնարավոր է՝ դրանք շիրմաքարեր են, որոնք թյուրքերը շարել են ճանապարհի եզրերին. Քաշաթաղի շրջանի մի շարք գյուղերում եւս այդպես են վարվել՝ Մազրայում, Զիրիկում, Մովսեսաշենում եւ այլն: Հին գերեզմանատեղից մի ճանապարհ է իջնում դեպի Հակարի գետի ափ: Ճանապարհն անցնում է քարանձավային համալիրի մոտով: Կա 40-ից ավելի քարանձավ, եւ դա, հավանական է, ժամանակին բնակատեղի է եղել: