Գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը ոչ միայն սպայական կոչում ուներ, այլեւ սպային բնորոշ հավատամք ու նվիրում, կամք ու արիություն, ռազմական հմտություններ ու գիտելիք, որ արիաբար գործի էր դնում թշնամու դեմ անհավասար մարտերում ու հաղթանակում։ Մարշալ Բաղրամյանը նրա մասին ասել է. «Այդ ժամանակվա հայ գեներալներից ամենատաղանդավորը Սիլիկյանն էր»։ Սիլիկյանն էլ բարձր է գնահատել իր հրամանատարության ներքո մարտնչող Դրաստամատ Կանայանի կամավորական II խմբի պատրաստվածությունը. «Դրոյի դրուժինան փառահեղ դրուժինա էր, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունն էր»։
Պատմության ընթացքում հայկական զորախմբերը երբեք աչքի չեն ընկել մեծ թվաքանակով, առավել եւս արյունարբու գործողություններով, քանզի հայի գենի մեջ բացակայում է մարդասպանության, վայրենության գործոնը։ Հնագույն ժամանակներից ունենալով սեփական գիրն ու մշակույթը, այն ծառայեցրել ենք բանականությանը, մարդկային վեհ տեսակի արմատավորմանը, մարդկության զարգացման առաջընթացին, կյանքի բարոյականացմանն ու գեղեցկացմանը… Այդպես էլ, շարունակաբար, ստիպված լինելով պաշտպանել այն հողը, որի վրա ապրում ենք, դարձյալ գործի ենք դրել մեր խելքն ու միտքը, հնարամտությունը եւ թշնամու դեմ պայքարել ենք ռազմիկին վայել քաջությամբ ու մեծահոգությամբ` առանց ստորացնելու նրա արժանապատվությունը, կտտանքների չենթարկելով ռազմագերիներին եւ անխտրական բուժելով նրանց վերքերը…
Ոտնձգություն չենք արել ո՛չ նրանց բնակավայրերի, ո՛չ էլ մշակույթի հանդեպ, սակայն, ունենալով այնպիսի ոխերիմ թշնամիներ, ինչպես ազերիներն ու թուրքերն են, նրանց կողմից ոչ միայն չի գնահատվել իրենց հանդեպ մեր մեծահոգությունը, այլեւ համարվել է թուլության նշան եւ ընկալվել որպես մեզ ոչնչացնելու, մեր հազարամյակների պատմություն ունեցող օրանն ու արժեքները իրենց վերագրելու ցինիկության թույլտվություն։ Այդպես էլ վերջին պատերազմում` հաղթանակի էյֆորիայի մեջ հայտնված Ադրբեջանի իշխանությունները աշխարհով մեկ տարածեցին խելացնոր զառանցանքներ` ոչ ավելի, ոչ պակաս, ողջ Արցախը, Հայաստանի ուղիղ կեսը, անգամ մայրաքաղաք Երեւանը հայտարարեցին իրենց պատմական ու պապենական տարածքներ` մոռանալով պատմության մեջ իրենց հայտնվելու բախտախնդրության պատեհության եւ չեղած տեղից պետության տեր դառնալու մասին` ընդամենը XX դարի սկզբին։ Օգտվելով իրենց վայրագությունների հանդեպ աշխարհի հանդուրժողականությունից, պատերազմի ավարտից հետո սրանք մի նոր քայլարշավ սկսեցին հայոց հողերի ու մշակույթի վրա` իրենց «դարավոր» գոյության փաստը փորձելով ապացուցել հենց քրիստոնեական արժեքների առկայությամբ` դրանք վերագրելով ուդիներին (ուտիներ), ուդիներին էլ` իրենց։ Այս խեղկատակության մեջ մի բան է զարմացնում, իսկ ինչո՞ւ հայերին էլ չեն վերագրում իրենց. չէ որ հայերն էլ, ինչպես ուդիները, ապրել են Ադրբեջանի գյուղերում ու քաղաքներում, Բաքվում, իսկ ուդիները միայն Ադրբեջանում չէ, որ ապրել են, ինչպես որ հայերն ու ադրբեջանցիները ու այլ ազգեր, որ ապրել են թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ այլուր, այնինչ Ուտիքը կամ Ուտյաց աշխարհը Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգն էր եւ 301 թ. էլ հայերի հետ միասին ընդունել է քրիստոնեություն ու կազմել հայկական մշակույթի մաս։
Հայաստանը, ինչպես եւ նրա մասը կազմող Ուտիքը նվաճելու արշավանքը թուրքերն սկսել են XI դարում` տարածաշրջանում առաջին անգամ իրենց հայտնվելուց ու հաստատվելուց հետո. ու հիմա հարց է ծագում` ի՞նչ կապ ունեն թուրք-ազերիները մ. թ. ա. հազարամյակներ առաջ տարածաշրջանում արմատներ ձգած հայերի կամ ուդիների հետ։ Շատ չխորանալով պատմության մեջ, հարկ է հիշեցնել ազերիներին, որ XIX դարի 40-50–ական թթ. Ուտիքը մտել է Թիֆլիսի, XIX դարավերջին եւ XX դարասկզբին` հիմնականում Ելիզավետպոլի եւ մասամբ` Բաքվի նահանգի մեջ, 1920-ից հետո Տուչքատակ (Տավուշ) եւ Աղուէ գավառների արեւմտյան հատվածները մտել են ՀՀ կազմի մեջ, իսկ մեծագույն մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, որը, շարունակելով հայերի հանդեպ ցեղասպան քաղաքականությունը, մինչեւ 1988 թ. ամբողջովին հայաթափել է իր տիրապետության տակ հայտնված տարածքը։
Հայաստան աշխարհի վրա թուրք-ադրբեջանական նվաճողականության դեմ պայքարում անուրանալի է ռազմական գործիչների եւ տոհմիկ ազնվականների ժառանգ, ազգությամբ ուդի Մովսես Սիլիկյանի դերակատարությունը, ով իր ազգության դիմաց նշում էր` հայ։ 1935 թ. նոյեմբերի 29-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) պետական անվտանգության վարչությունում տված ցուցմունքում Մովսես Սիլիկյանը պարզաբանել է, թե ինչու է որոշ դեպքերում ազգությունը նշել հայ. «Քանի որ չէին հասկանում, թե ինչ ազգ է ուդին», իսկ ադրբեջանական իշխանությունները շատ լավ էլ հասկանում էին եւ հասկանում են, թե ինչ ազգ է ուդին եւ նույնքան թշնամաբար էին տրամադրված նրանց հանդեպ, որքան հայերի, եւ պատահական չէ, որ 1990 թ. հունվարին` Բաքվում հայերի ջարդերի ժամանակ, ոչ միայն հայերը, այլեւ շատ այլազգիներ ստիպված էին փախչել Ադրբեջանից, առավել եւս` ուդիները, որոնք հազարամյակների ընթացքում արմատներով, պատմությամբ, մշակույթով, լեզվով, դավանանքով, կենցաղով սերտորեն կապված են եղել հայերի հետ։ Վերոհիշյալ ջարդերից խուսափելու համար Բաքվից ստիպված էր փախչել եւ Մովսես Սիլիկյանի միակ որդին` Գեորգին, ում մասին այնուհետեւ տեղեկություններ չեղան։
Մովսես Սիլիկյանը ռուսական եւ հայկական բանակների ռազմական գործիչ էր, ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ-մայոր (սեպտեմբերի 22, 1917), Հայաստանի առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մայիսի 28, 1919), ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (ապրիլի 24, 1919)։ Ծնվել է Ռուսական կայսրության Բաքվի նահանգում` 1862 թ. սեպեմբերի 14-ին։ 1882-84 թթ. սովորել է Մոսկվայի II զինվորական գիմնազիայում, որն ավարտել է ենթապորուչիկի կոչումով, այնուհետեւ ավարտել Ալեքսանդրովյան III զինվորական ուսումնարանը եւ սպայական շինարարական դպրոցը, նշանակվել Կարսում տեղակայված Կուբանյան 155-րդ գնդում վաշտի հրամանատար, 1914 թ. ստացել գնդապետի աստիճան։ Առաջին համաշխարհայինի ժամանակ մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի` ռուս-թուրքական մարտական գործողություններին, գեներալ Թովմաս Նազարբեկյանի Կովկասյան II հրաձգային բրիգադի կազմում եղել VI հրաձգային գնդի հրամանատար, մարտական գործողություններ մղել Հյուսիսային Պարսկաստան ներխուժած թուրքական զորամասերի եւ համիդեական գնդերի դեմ, թուրք-քրդական հարձակումներից ապահովել Էրզրումի (Կարինի) ազատագրման օպերացիան, իսկ երբ 1916 թ. Մուշի վրա հարձակման են պատրաստվում թուրքական` Դարդանելյան VII եւ VIII դիվիզիաները, Մովսես Սիլիկյանը նշանակվում է Մուշ քաղաքի կայազորի պետ։ Մովսես Սիլիկյանի հրամանատարության ներքո գործել է եւ Դրոյի ենթակայության տակ գտնվող հայկական II կամավորական խումբը, որն իր քաջագործություններով, ինչպես նշվեց վերը, հիացրել է գնդապետին։
1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Սիլիկյանը նշանակվում է Վանի ջոկատի հրամանատար, իսկ օգոստոսի 22-ին նրան շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ Սիլիկյանի ռազմական տաղանդը, հմտություններն ու համարձակությունը լավագույնս դրսեւորվեցին 1918 թ. մայիսի 21-29-ը տեւած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Երեւանի համար մղվող մարտերում։ Նա էր, որ զորքերին տվեց դեպի Ալեքսանդրապոլ արշավելու եւ այն փրկելու հրաման։ Սիլիկյանը` որպես հմուտ ռազմական գործիչ, ձգտում էր մարտեր մղել երկրի համար կենսական կենտրոններից հեռու, կանխարգելել թշնամու առաջխաղացումը` առաջնորդվելով «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, բայց եւ նույն հաջողությամբ պատրաստ էր կազմակերպել մայրաքաղաքի մատույցներում հայտնված թշնամու լիակատար ջախջախումը, ու երբ փրկվեց Երեւանը, փրկվեցին Արարատյան դաշտում ծվարած գաղթականներն ու բնիկ հայությունը, թշնամին ստիպած եղավ ճանաչել Հայաստանի անկախությունը։ Այդ մարտերի մասին մարշալ Բաղրամյանն իր հուշերում գրել է. «Հարկավոր է ասել, որ գեներալ Սիլիկովն այդ բավականին բարդ իրադրությունում ընդունել է, ես կասեի, տաղանդավոր որոշում…»:
Ցավոք, Սիլիկյանը չկարողացավ խուսափել ստալինյան բռնաճնշումներից. քանիցս կալանավորվելով ու հանցանքների ապացույցների բացակայության հետեւանքով ազատ արձակվելով, այնուամենայնիվ, 1937 թ.` առանց լուրջ հարցաքննության ու մեղադրանքների, դատապարտվեց մահապատժի, որն իրականացվեց նույն թվականի նոյեմբերի 22-ին` Ավանի ձորում` հաշվի չառնելով ո՛չ հայրենիքին մատուցած անժխտելի ծառայությունները, ո՛չ էլ առաջացած տարիքը։ Դրանից ուղիղ 50 տարի հետո` 1987 թ. նոյեմբերի 10-ին, Մովսես Սիլիկյանն արդարացվեց, երբ ՀԽՍՀ գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՀԽՍՀ ՆԳ ԺԿ որոշումը: