Անկախությունը, անկախ հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը: Սրանք ազգային հերոս Գարեգին Նժդեհի խոսքերն են, մարդու, ում կյանքը լիովին նվիրված էր իր հարազատ ժողովրդի փրկությանը թուրք-բոլշեւիկյան սպառնալիքից: Նրա սրից թշնամու զինվորը տապալվել է հայոց հողի վրա, ուր ներխուժել էր կոտորելու ու թալանելու համար, այլ ոչ թե իր տանը: Նժդեհը ոգեւորեց անհաղթ սյունեցիներին, առաջնորդեց նրանց, ստիպեց հավատալ իրենց հզորությանը եւ դրա շնորհիվ կարողացավ պահպանել Սյունիքը: Թուրք-բոլշեւիկյան նվաճողներին չհաջողվեց իրականացնել իրենց պլանները: Նժդեհը կրում էր Դավիթ Բեկի գաղափարախոսությունը եւ հավատարիմ էր նրա ազատագրական գաղափարներին, որոնք 18-րդ դարի սկզբին կարող էին հանգեցնել պետականության վերականգնման, եթե չլինեին դավաճանները, որոնք դավադրաբար սպանեցին Դավիթ Բեկի ազատագրական պայքարը շարունակող Մխիթար սպարապետին եւ խաչ քաշեցին հայոց անկախության ձգտումների վրա:
Նժդեհի պայքարի, դրա առաջնահերթությունների, նպատակների ու ձգտումների մասին շատ է խոսվել եւ դեռ կխոսվի: Բայց այդ ամենում կարմիր թելի պես անցնում է մի գաղափար. նա ողջ էությամբ իր ժողովրդի նվիրյալ զավակն էր, եւ նրա գործունեության յուրաքանչյուր դրվագ հետապնդել է ազգային ազատագրական նպատակ: Նա կերպար է, օրինակ, որին պետք է ձգտեն նմանվել բոլորը, ովքեր զգում են իրենց հայրենիքը եւ անտարբեր չեն նրա ցավերի նկատմամբ:
Զարմանալի չէ, որ թշնամին այսօր էլ շարունակում է հարձակվել Նժդեհի վրա՝ փորձելով նրան ներկայացնել որպես ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած անձի: Նպատակն ամենեւին էլ Հայրենական մեծ պատերազմի իդեալների պաշտպանությունը չէ, այլ կեղծիքի օգնությամբ գրոհը՝ հայոց ազատատենչ ոգու վրա: Նժդեհը ոգի է, գաղափար, որի միայն անունը հայ երիտասարդությանը ցուցադրում է այն ուղղությունը, որը կհանգեցնի հայոց վերջնական ազատագրությանը: Նրա մտքերն արմատներ են ձգում յուրաքանչյուր հայի հոգում եւ լիառատ բերք են տալիս, անկախ նրանից, թե ինչ են բարբաջում ադրբեջանցիները, թուրքերը կամ նրանց դոլարներից կուրացած արտասահմանցի անգրագետ ոչնչությունները: Երբ խոսում ենք ինքնիշխանության մասին, փաստում ենք, որ ազատ ենք ամեն ինչում, այդ թվում՝ մեր սիրո ու ատելության մեջ, որոնք մեր անցած կյանքի գնահատականներն են: Բայց նաեւ որոշումներ ենք կայացնում՝ հստակ հասկանալով, որ երբ ոմանք սկսում են «հիշել» Նժդեհին, պատրաստվում են հերթական նենգությանն ու ստորությանը: Այս առումով Նժդեհը նաեւ փարոս է, քանզի ճիշտ ժամանակին լույս է սփռում սպասվող իրադարձությունների վրա:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արտաքին հետախուզության առաջին բաժնի ղեկավար Վարդան Մելքումյանի հետ հրապարակախոս Սերգեյ Առուստամյանի՝ քչերին հայտնի զրույցը: Վարդան Մելքումյանը «ծառայողական պարտականությունների բերումով» շփվել է Նժդեհի հետ Երեւանի բանտում: Հետախույզի հիշողություններն անգնահատելի նյութ են տալիս լեգենդար հայի կյանքի մասին:
-Հիմա, չգիտես ինչու, ընդունված չէ խոսել հայկական հողերի ապօրինի բռնազավթումների մասին: Բայց հիսունականների սկզբին այդ հարցը բարձրացվեց, եւ եթե ես չեմ սխալվում, նույնիսկ՝ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունովի՝ Քաղբյուրոյին հղած նամակում: Բնականաբար, մենք՝ հետախույզներս, պետք է լուծեինք ինչ-ինչ խնդիրներ՝ անմիջականորեն կապված այդ հարցի հետ: Այդ ժամանակ ես առաջին անգամ մտածեցի Նժդեհի մասին, այն մասին, որ նա շատ օգտակար կարող է լինել: Նժդեհը նստում էր Վլադիմիրի բանտում: 1944 թ. ձերբակալվելով Բուլղարիայում՝ նա, որպես գերմանական ռազմական հետախուզության գործակալ, Ռազմական տրիբունալի կողմից դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: Իմ պատկերացումները ես շարադրեցի ղեկավարությանը ներկայացրած հաշվետվությունում: Իմ առաջարկը հավանության արժանացավ, եւ շուտով Նժդեհն արդեն Երեւանում էր: Մեկ-երկու օր անց կայացավ մեր առաջին զրույցը:
-Դուք կարո՞ղ եք հիշել, թե ինչպիսին էր Նժդեհը:
-Նա բարձրահասակ, թիկնեղ, գեղեցիկ տղամարդ էր՝ շատ խելացի աչքերով, նրա դեմքը գունատ էր, ինչպես այն մարդկանցը, ովքեր հազվադեպ են դուրս գալիս թարմ օդի: Այդ ժամանակ նա արդեն նստել էր 7-8 տարի, եւ կարելի է ենթադրել, որ բանտային ռեժիմն անբարենպաստ էր նրա առողջության համար:
-Ո՞ր լեզվով էր նա խոսում Ձեզ հետ:
-Ռուսերենով:
-Նա ռուսերե՞ն գիտեր:
-Գերազանց: Չէ՞ որ սովորել էր Պետերբուրգի համալսարանում: Բայց, ըստ իս, մի շարք այլ լեզուներ էլ գիտեր՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն…
-Ձեզնից բացի, ո՞վ էր շփվում Նժդեհի հետ:
-Հիմնականում՝ ես, երբեմն նրա հետ իմ աշխատակիցներն էին «աշխատում»:
-Ինչպիսի՞ պայմաններում էին նրան պահում: Ինչպես Վլադիմիրո՞ւմ:
-Ոչ: Դա, այդուհանդերձ, Նժդեհն էր: Նրան լավ խուց էր հատկացված, բայց կրկին՝ ճաղերով:
-Շատերի՞ն էր հայտնի, որ Նժդեհը Երեւանում է:
-Առավելագույնը՝ հինգ հոգու:
-Նա Երեւանում հարազատներ ունե՞ր:
-Ինչպես երեւում է՝ քույրը:
-Նա տեսնվե՞ց նրա հետ:
-Ոչ: Քույրը նույնիսկ չիմացավ, որ նա մեզ մոտ է:
-Ինչի՞ համար էին նման խստությունները:
-Որովհետեւ նա պետք է լուծեր պետական հսկայական կարեւորության առաջադրանք, եւ այդ մասին ոչ ոք չպետք է իմանար:
-Ի՞նչ առաջադրանք էր դա:
-Հուսով եմ՝ գիտեք, որ Նժդեհը փիլիսոփա էր: Նա, օրինակ, պնդում էր, որ միայն այն ազգը կարող է կատարել իր պատմական առաքելությունը, որը ոգեշնչված է ցեղի զգացումով: Ազգը, որն ապրում է առանց իր ցեղային էությունը գիտակցելու, առանց պատմական հիշողության, ժողովուրդ չէ, ազգ չէ, այլ բնակչություն, եսասեր անհատականությունների ամբոխ եւ դատապարտված է անհետանալու պատմական ասպարեզից: Դա, անկասկած, ազգայնական տեսություն է, բայց այն չէ, ինչ ունեին գերմանական ֆաշիստները, որոնք իրենց ռասան վեր էին դասում. այլ կերպ ասած՝ գերմանական ժողովուրդը, ըստ նրանց, բարձր էր բոլորից: Նժդեհի փիլիսոփայությունը հայրենասիրական մեծ փիլիսոփայություն էր՝ կոչված ազգային ինչ-որ գաղափարի շուրջ միավորելու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին, գաղափար, որը կարող էր փրկել նրան ձուլումից, նրա մեջ վերածնել անցյալի ոգին: Ղեկավարվելով հենց այդ սկզբունքներով՝ նա, ենթադրում եմ, 1933 թ. ամերիկյան Բոստոնում հիմնադրեց «Ցեղակրոն ուխտ» ազգային-հայրենասիրական կազմակերպությունը, որը համարում էր, որ իր հիմնական խնդիրն է կրթել ցեղը երկրպագող սերունդ, որի ներկայացուցիչները կապրեն եւ հանդես կգան որպես ցեղի ծառաներ, որտեղ էլ որ լինեն եւ ինչ դիրք էլ զբաղեցնեն: Պատերազմի սկզբին այս կազմակերպությունը բաղկացած էր մոտ վեց հազար մարդուց: Մեր խնդիրն էր՝ Նժդեհի օգնությամբ հետախուզության նպատակներով օգտագործել Թուրքիայում ապրող ցեղակրոնցիներին:
-Եվ Նժդեհը համաձայնե՞ց աշխատել ՊԱԿ-ի համար:
-Քիչ է ասել՝ համաձայնեց: Նա ուրախացավ, որ կրկին կարող է ծառայել հայրենիքին, որին սիրում էր որդիական անկեղծ սիրով:
-Ինչի՞ց եզրակացրիք, որ նա սիրում էր իր հայրենիքը: Այդ մասին խոսե՞լ է Ձեզ հետ:
– Ոչ: Ես դա տեսա:
-Ինչպե՞ս:
– Մի անգամ մտքովս անցավ նրան ցույց տալ Երեւանը: Նստեցրի մեքենայի հետեւում, նրա կողքին էին չեկիստներ Կ. Աբովյանն ու Վ. Մելիքյանը: Գնացինք Մոնումենտ: Այնտեղ նրան խնդրեցի դուրս գալ մեքենայից: Դուրս եկավ ու քանաքեռյան բարձունքից սկսեց նայել Երեւանին: Ոչինչ չասաց, եւ ես նրա հետ չխոսեցի: Այդ րոպեին, հավանաբար, խոսել հնարավոր չէր: Չէի կարող կռահել, որ նրա հետ հանկարծ նման բան կարող է լինել: Նա ինձ թվում էր երկաթից ձուլված մարդ, բայց ահա, ինչպես երեխան, լացում էր դառն ու անմխիթար: Նայում էր իր առջեւ փռված քաղաքին, ու նրա այտերով հոսում էին արցունքները: Այդ պատճառով ասացի, որ «տեսել եմ»…
-Նա Ձեզ այդպես էլ ոչինչ չասա՞ց:
-Ոչ: Միայն խնդրեց թույլատրել, որ մի քիչ հարազատ հող վերցնի:
-Դուք թույլատրեցի՞ք:
-Իհարկե: Նա մի բուռ հող վերցրեց, լցրեց շորի մեջ ու դրեց գրպանը: Հետո, երբ նորից հայտնվի Վլադիմիրի բանտում, ոմն Պ. Կուզմենկո, ակնհայտորեն՝ նրա խցակիցը, կգրի ստեղծագործություններ, որոնցում կպատմի այն մասին, թե ինչպես են բանտ բերել մի ծերունու, որն իր պարկում մի բուռ հարազատ հող էր պահում: Նա ասել է, որ այդ բուռ հողն իր երկրի մի մասն է: «Դու, ինչ է, Անթե՞յն ես»,- հարցրել է խցակից «բանաստեղծը»: «Ես շատ եմ տանջվել, սիրելիս, պայքարել եմ քառասուն տարի: Եվ ահա հարազատ մի բուռ հող»,- ասել է ծերունին: Այդ նույն ստեղծագործության մեջ Կուզմենկոն նշում է, որ խուզարկության եկած զինվորները Նժդեհից խլում են այդ հողը:
-Ի՞նչ եղավ հետո:
-Հետո մենք նրա հետ մշակեցինք մի «լեգենդ», որով նա պետք է մեկներ Բուլղարիա, որպեսզի այնտեղից կապ հաստատեր Թուրքիայում գտնվող իր մարդկանց հետ:
-Նա մենա՞կ պետք է գնար:
-Ոչ: Ինձ հետ: Բայց նույնիսկ դրան մերոնք դժվարությամբ գնացին՝ վախենալով, թե նա Բուլղարիայում հանկարծ չփախչի:
-Իսկ եթե փախչե՞ր:
-Ստալինը դեռ կենդանի էր: Իմ հաշիվը, կարծում եմ, արագ կմաքրեին…
-Նժդեհն իսկապե՞ս Աբվերի գործակալ էր:
-Ես կուզեի մտածել, որ չի եղել ու երբեք չի աշխատել Միության դեմ, որում գտնվում էր իր հայրենիքը: Իմ կարծիքով՝ նա միշտ ցանկացել է օգտակար լինել Հայաստանին: Գերմանացիների հետ շփումներն էլ միայն այն բանի համար էր հաստատել, որ եթե Անդրկովկասը նվաճվի, կարողանա զգուշացնել Գերմանիայի դաշնակից թուրքերի կողմից հայերի հնարավոր ցեղասպանության մասին:
-Դա Ձեր ենթադրությունների արդյո՞ւնք, է, թե՞ ինչ-որ փաստեր ունեք:
-Ես նաեւ փաստեր ունեմ: Նժդեհյան «Ցեղակրոն ուխտ» կազմակերպությունը երիտասարդ էր: Գերմանացիները որոշեցին այն օգտագործել իրենց նպատակներով: Իմանալով Թուրքիայի նկատմամբ Նժդեհի վերաբերմունքի մասին՝ նրան առաջադրանք տվեցին ջոկատ կազմել 30 երիտասարդ հայերից՝ նրանց Թուրքիա նետելու համար: Նժդեհը ստեղծեց այդ ջոկատը, պատրաստեց նրանց գործակալական աշխատանքի համար, սակայն գերմանացիները խաբեցին նրան: Նրանք այդ երեսուն հոգուն ուղարկեցին Ղրիմ՝ հարձակվող ռուսական բանակի դեմ պայքարելու նպատակով: Հայկական այդ ջոկատի մեծ մասն անմիջապես անցավ մեր կողմը, իսկ մյուսները շուտով ձերբակալվեցին համապատասխան մարմինների կողմից:
-Նժդեհը գիտե՞ր այդ մասին:
-Անկասկած: Նա ինքն է պատմել մեզ:
-Դուք նրան հավատո՞ւմ էիք:
-Չվստահել չէր կարելի: Հերիք էր նրան մեկ անգամ տեսնել՝ հասկանալու համար, որ այդպիսի մարդն ունակ չէ ստելու:
-Իսկ նրա հետ ե՞րբ գնացիք Բուլղարիա:
-Ոչ մի տեղ էլ չգնացինք: Իմ ու Նժդեհի գործը, որի շուրջ աշխատեցինք մոտ մեկ տարի, պայթեց օճառի պղպջակի պես, Մոլոտովի ելույթից անմիջապես հետո, երբ նա հայտարարեց, որ Խորհրդային Միությունը տարածքային որեւէ պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ: Իսկ մենք, ինչպես արդեն ասացի, աշխատել էինք այդ «հարցի» շուրջ:
-Եվ ի՞նչ եղավ Նժդեհի հետ:
-Իմանալով, որ «նահանջի» հրաման է տրված, նա տխրեց: Չեմ բացառում, որ, ծառայելով հայրենիքին, հույս ուներ արդարացվել, հայտնվել ազատության մեջ: Չգիտեմ: Ինձ թվում է՝ Նժդեհը դասվում է այն անհատականությունների շարքին, որոնք, գամված լինելով շղթային, կարող են իրենց ազատ զգալ: Մի անգամ նա ասաց. «Լիարժեք ազատ է միայն նա, ով ազատ է մահվան վախից»: Իսկ նա, իմ կարծիքով, մահից այնքան էլ չէր վախենում: Միայն ցանկանում էր, որ այն փոքր-ինչ այլ հանգամանքներում իրեն այցելի:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Նժդեհը, հասկանո՞ւմ եք, հանկարծ դարձավ չպահանջված: Նա դեռ շարունակում էր նստել բանտում: Գուցե այդպես էլ կնստեր մինչեւ վերջ: Բայց մի անգամ շատ հուզված ինձ ասաց. «Դուք ինձ պետք է օգնեք: Այս խնդրանքով չեմ կարող դիմել մեկ ուրիշի: Շուտով կդառնամ 60 տարեկան: Առողջությունս այն չէ: Չեմ ուզում մեռնել հայկական բանտում: Չեմ ուզում թաղվել հայկական հողում: Ի՞նչ կարող են մտածել թուրքերը: Չե՞ն ասի, որ, ահա, հայ Նժդեհին սպանեցին հայերը, որոնց հետաքրքրությունների համար նա պայքարեց իր ողջ կյանքի ընթացքում: Ոչ, ես չեմ կարող մեռնել այստեղ: Ինձ կրկին ուղարկեք Վլադիմիր: Այնտեղ՝ օտար երկրում ինձ համար ավելի հեշտ կլինի…»: Շուտով նրան տարան:
Իսկական նվիրյալ զավակ, ով չցանկացավ, որ իր մահից հետո թշնամին մեղադրի իր ժողովրդին: Ծանր իրավիճակում էլ շարունակում էր մտածել ոչ թե իր առողջության, այլ ազգի մասին: Ուստի Նժդեհը կապրի, քանի դեռ ապրում է հայը: Իսկ դա նշանակում է, որ ազատության ու անկախության ոգին միշտ կուղեկցի նրան, եւ դեռ կգան սերունդներ, որոնք կճանաչեն իրենց ակունքներն ու կհասկանան հայ ժողովրդի պատմական առաքելությունը՝ աշխարհին պարզելով հայոց Եռագույնն ու պատասխանատվության կանչելով դահիճներին:
Փառք հայ ժողովրդի նվիրյալ զավակ Գարեգին Նժդեհին, ով այսօր եւ հավերժ հայի հոգում վառ կպահի անկախության գաղափարը: Փառք հավերժական Հայաստանի Հանրապետությանը: