Հայոց անկախության հռչակման 30-ամյակին հասանք։ Հասանք, բայց այսօր էլ պետք է պայքարենք, որ պահպանենք մեր երկիրը, մեր անկախությունը։ Պահպանենք ու միշտ հիշենք այն քաջորդիներին, ովքեր նահատակվեցին Արցախի ազատագրման եւ Հայոց անկախության կերտման ճանապարհին։ Հիշենք ու միշտ փառաբանենք այն անմահ հերոսներին, ովքեր ընկան հայոց սահմանը պաշտպանելիս՝ սկսած 1988 թվականից։
Լինելով Արցախյան շարժման ակտիվ մասնակից՝ համալրեցի նաեւ արցախյան գոյամարտին մեր հայրենիքի տարբեր հատվածներում մարտնչողների շարքերը, հատկապես՝ Բերդաձորում ու Քաշաթաղի շրջանում։ Հաղթեցինք արցախյան գոյամարտում, բայց՝ հազարավոր քաջորդիների արյան գնով։ Իմ մարտական ընկերներից շատերն այսօր ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ են՝ ընկան ռազմի ճամփաներին։ Ազատագրելով ու վերահայացնելով Քաշաթաղի շրջանը՝ ավելի քան 25 տարի բնակվեցի այնտեղ՝ շրջկենտրոն Բերձորում, որի ազատագրումով 1992 թ. մայիսի 18-ին կայացավ ՄԻԱՑՈՒՄ-ը։ Մեծ զոհերի գնով եղան նաեւ Քաշաթաղի շրջանի ազատագրումը, կյանքի ճանապարհի պաշտպանությունը։ Բերձորում՝ բլրակի վրա է Արցախյան գոյամարտում անմահացած հերոսներին նվիրված հուշահամալիրը, որն այսօր էլ կանգուն է, եւ նաեւ այս տարվա սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, Բերձորում բնակվող մեր հայրենակիցները ծաղիկներ խոնարհեցին 3 խոնարհված պատերի մոտ, որոնց վրա փորագրված է ավելի քան 300 անուն-ազգանուն։
Քաշաթաղի շրջանի ազատագրման ու պաշտպանության համար նահատակվածներն են քար դարձել։ Այստեղ կանգուն է նաեւ Հատուկ գնդի նահատակներին նվիրված խաչքար-հուշակոթողը՝ դարձյալ նահատակ-քաջորդիների անուններով սալաքարերի հետ։ Շուշիի ազատագրման մարտերում է զոհվել երեւանցի Երվանդ Կարապետյանը։ Հայրը՝ քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանը, Բերձորի առաջին բնակիչներից էր, եւ նա այստեղ կերտեց 2 հուշաքար՝ մեկը խաչքար՝ նվիրված իր նահատակ որդուն եւ Շուշիի համար նահատակված բոլոր հերոսներին։ Մյուսը սուրը պատյանից հանող Հայոց արծիվն է, որ խորհրդանշում է Հայոց բանակի ուժը։ Բնակվելով Քաշաթաղում՝ աշխատանքային այցերով հաճախ էի հանդիպում արցախյան զորամասերի մեր զինվորներին, լինում մարտական դիրքերում։ 2014 թ. օգոստոսին, 2016 թ. ապրիլին սկսված մարտական գործողությունների ժամանակ քաշաթաղցի շատ կամավորականների հետ եղել ենք առաջնագծում, ժամկետային զինծառայողների հետ մասնակցել սահմանի պաշտպանությանը։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված հազարավոր քաջորդիների շարքում 70 հոգի Քաշաթաղի շրջանից են:
Կորցրինք նաեւ մեր պատմական հայրենիքի այս հատվածը, որը շենացրել ու հայացրել էինք սկսած 1992 թվականից։ Շրջանի տարբեր համայնքներից, մինչ վերջին կործանիչ պատերազմը, տարբեր ժամանակներում Հայոց սահմանը պաշտպանելիս զոհվել ու վիրավորվել են մոտ 10 քաշաթաղցի զինվորականներ։ Եղնիկներ լեգենդար զորամասի զինվոր, Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ Հակոբ Գագիկի Խաչատրյանը 2015 թ. մարտի 19-ին հերոսաբար մարտիրոսվեց իր 3 մարտական ընկերների հետ՝ պաշտպանելով հող-հայրենին եւ ոչնչացնելով մոտ 20 ասկյարի, որոնք փորձել էին հատել Հայոց սահմանը։ Հակոբին հոր կամքով հուղարկավորեցին հայրենի Աղաձոր գյուղում՝ Խուստուփ լեռան դիմաց։ Ցավ է՝ գերության մեջ է այսօր նաեւ Հակոբի շիրիմը։
Հազարավոր նահատակներ կերտեցին Հայոց անկախությունը, պաշտպանեցին այն, ու շատերն ընկան, որ հայն ապրի անկախ ու ազատ իր երկրում։ Հիշենք բոլորին ու պարտավորվենք շարունակել նրանց կիսատ թողածը, հետ բերել կորցրած հայրենիքը։