Մեզ շրջապատող խնդիրներն այնքան շատ են, որ ամեն օր օբյեկտիվորեն խոսում ենք մեծ ու խորքային խնդիրներից՝ հաճախ չնկատելով այն, որ անմիջապես աչքներիս առաջ է։ Մինչդեռ այդ՝ առաջին հայացքից մեր օրերի համապատկերում չնչին թվացող խնդիրները լուրջ գործոններով են պայմանավորված՝ հոգեբանականից սկսած մինչեւ ֆինանսական, եւ նույնքան լուրջ հետեւանքներ էլ թողնում են։ Պետության գործերում մանրուքներ չկան, այն մեր տունն է։ Իսկ տան խնդիրները տանտերը լուծել է փորձում՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք մեծ են, թե փոքր։
Լուսանկարներում պատկերված է Երեւանի Ավան վարչական շրջանի մայթերից մեկը։ Ավելի ստույգ՝ թիվ 52 մանկապարտեզի գլխավոր մուտքի դարբասներին հարող քայլուղին։ Առաջին լուսանկարում մայթի՝ դեռ ամառային տեսքն էր՝ ասֆալտապատ։ Պահոցիցս գտա, երբ լուսանկարել էի երեխաներին։ Այս մայթը ամռանը քանդեցին, ասացին, թե պետք է սալահատակեն եւ երկու կողմից անցուղի սարքեն շարժողական խնդիրներ ունեցողների համար։
Սարքեցին ու գնացին։ Արդեն աշուն է։ Թե ինչ վիճակում են թեքահարթակները, պարզ երեւում է լուսանկարներում, որ երեկ եմ արել։ Ի դեպ, թեքահարթակներն էլ կիսով չափ են դրվել։ Մյուս կեսը չկա։ Բացի այդ մայթի կողքի քանդած ասֆալտն այդպես էլ չնորոգվեց։ Նաեւ՝ լավ չեն ամրացվել ոչ մայթի եզրաքարերը եւ ոչ էլ սալահատակի քարերը։ Վերջիններս տեղ-տեղ ընդհանրապես չեն ամրացվել։ Թե ինչ կլինի առաջին անձրեւներից հետո, դժվար չէ պատկերացնել։
Եթե հակիրճ, ապա այնպիսի տպավորություն է, որ քանդել են ասֆալտն ու տեղը շպրտել սալահատակը։ Ոնց ընկել՝ ընկել է։ Այս անգամ չենք ասի, թե ինչպե՜ս կարելի է, մեղմ ասած, այսքան անփույթ լինել, ինչպե՜ս կարելի է քամուն տալ առանց այն էլ դժվար վիճակում գտնվող մեր երկրի գումարները, չենք փնտրի մայթը սարքողին, գործը վերահսկողին եւ այլն, եւ այլն։ Փոխարենը կֆիքսենք այստեղ՝ սպասելով պատկան մարմնի աշխատանքին։
Լուսանկարները՝ հեղինակի