1968 թվական. Երկրորդ աշխարհամարտի ամենահեղինակավոր ու փառապանծ զորահրամանատարներից մեկը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, մայր հայրենիքում է, իսկ հերթական հանդիպումը՝ պետական համալսարանի ուսանողների հետ: Լեփլեցուն դահլիճում հնչում է ուսանողներից մեկի հարցը՝ արդյոք երբեւիցե հանդիպե՞լ է Զորավար Անդրանիկի հետ: Մարշալը պատմում է, որ 1918 թ. իր ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ: Նույն գյուղի մոտ էր նաեւ Զորավար Անդրանիկը՝ 15000 գաղթականներով: Առավոտյան նա իր մոտ է կանչում ապագա մարշալին եւ ապտակ հասցնում. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել: Սա մեր հայրենիքն է, ինչ կարեւոր է, թե ովքեր են ղեկավարում…»: Այնուհետեւ վերհիշում է, որ այդ թվականներին շատ էին խոսակցությունները, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերի՜ք է՝ մենք ինչքան կռվեցինք…»: Այդ ապտակը սթափեցնում է Բաղրամյանին: Մեծանուն զորավարի խոստովանությամբ՝ Անդրանիկի հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ…
Շուրջ վաթսունհինգ տարի զինվորական համազգեստը չհանած Հովհաննես Բաղրամյանը ծնվել է Գանձակի նահանգի Չարդախլու գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում: Ինչ իմանային աշխատասեր ու բանիմաց Խաչատուր հայրը եւ ավանդապահ հայուհի Մարիամ մայրը, որ իրենց համեստ հարկի տակ լույս աշխարհ եկած արու զավակը տասնամյակներ անց փառավորելու է ոչ միայն Բաղրամյանների գերդաստանը, այլեւ աշխարհաճանաչ է դարձնելու բնօրրան Չարդախլուն, Ղարաբաղը, հային, Հայաստանը: Ի դեպ, նույն առաքելությամբ այս նույն շենում իր աչքերն էր բացելու Բաբաջանյան ազգանունով մեկ այլ Խաչատուրի Համազասպ որդին՝ նախկին Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը: Մեկ գյուղ՝ երկու փառահեղ զորավարներով…
Ապագա զորավարը սովորել է Գանձակի երկաթուղային երկդասյա դպրոցում, այնուհետեւ՝ Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանում: Երկու կրթարանն էլ գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդամենը մի քանի ամսով աշխատանքի է անցնում Գանձակի երկաթուղում: Ընդամենը, քանի որ 1915 թ. գարնանը թուրքական նենգադավ իշխանություններն արդեն սկսել էին իրագործել հայակործան իրենց արյունոտ ծրագիրը: «Առաջին անգամ ռուսական բանակի զինվորի համազգեստ ինքնակամ հագել եմ 1915 թվականի՝ Առաջին աշխարհամարտի դժնդակ տարիներին: Կարճատեւ վարժանքից հետո ես՝ որպես շարքային, ուղարկվեցի գեներալ Բարաթովի էքսպեդիցիոն կորպուսի 2-րդ Կովկասյան սահմանապահ գունդ, որը տեղակայված էր Իրանի տարածքում: Մասնակցել եմ բազում մարտերի իմ հայրենիքի՝ Հայաստանի հավերժական թշնամիների՝ օսմանյան ենիչերիների դեմ: Չեմ թաքցնում՝ դյուրին չէին այդ առաջին մարտերը թշնամու դեմ, բայց կարող եմ վստահեցնել՝ ձեռքս երբեք չի դողացել…»,- ժամանակներ անց գրելու էր մարշալը:
1918 թ. հունվարին Բաղրամյանը նշանակվում է նորակազմ Հայկական առաջին հեծյալ գնդի 1-ին էսկադրոնի հետախույզների դասակի հրամանատար: Գնդի դիվիզիոնը, որի կազմում էր նաեւ Բաղրամյանի նշյալ դասակը, Խորասանում միանում է Զորավար Անդրանիկի զորամիավորմանը, նրա կազմում մարտնչում Արեւելահայաստան ներխուժող թուրքական բանակի դեմ՝ պաշտպանելով Էրզրումի շրջանի բազմահազար հայ բնակչության տեղաշարժը դեպի Ալեքսանդրապոլ: Այդ օրերի մասին խոսելիս մարշալը մշտապես մեծ հպարտությամբ էր տալու Անդրանիկ Զորավարի՝ իր բնորոշմամբ՝ Հայաստանի լեգենդար հերոսի անունը, որի զինվորը լինելու բախտն էր ունեցել հայրենիքի համար ծանրագույն՝ 1918 թվականին: Բաղրամյանը մասնակցելու էր նաեւ Սարդարապատի հերոսամարտին: Նույն թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո նա, որպես էսկադրոնի հրամանատար, շարունակում է ծառայությունը Հայկական 1-ին հեծյալ գնդում, որը տեղակայված էր Ալեքսանդրապոլում: 1920թ. վերջին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո 1-ին հեծյալ գունդը համալրում է Կարմիր բանակի կազմը: Մեկ տարի անց, մայիսին Բաղրամյանը Ալ. Մյասնիկյանի հետ վերադառնում է Հայաստան, նշանակվում նախ ռազմժողկոմատի շտաբի պետի օգնական օպերատիվ հարցերի գծով, իսկ 1922 թ. աշնանը՝ նորակազմ Հայկական հրաձգային դիվիզիայի հեծյալ գնդի գնդացրային էսկադրոնի հրամանատար:
1934-1936 թթ.՝ Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938-ից՝ ավագ դասախոս ԽՍՀՄ ԶՈԻ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, որն ավարտել էր: Այս ընթացքում կարճ ժամանակով բռնադատվում է՝ 1937-ին Բաքվում ռեպրեսիայի ենթարկված եղբորը օգնած լինելու պատճառով, եւ հեռանում բանակից: Զորքերում հրամանատարական ծառայության է վերադառնում 1940-ից՝ դառնալով Կիեւի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ:
1941 թ. հունիս: Ֆաշիստական Գերմանիան ներխուժում է ԽՍՀՄ տարածք: Սկսվում է Մեծ հայրենականը: Բաղրամյանը նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արեւմտյան ռազմաճակատում: Մասնակցում է Ուկրաինայի արեւմուտքում եւ Կիեւի համար մղվող տանկային ահեղ ճակատամարտերին, որոնք ղեկավարում էր գեներալ Միխայիլ Կորպոնոսը: Նրա զոհվելուց հետո ամբողջ զորքը գերի էր ընկնելու գերմանացիներին: Բաղրամյանն այն սակավաթիվ սպաներից էր, որ կարողանում է խուսափել այդ ճակատագրից եւ նշանակվում է մարշալ Սեմյոն Տիմոշենկոյի շտաբի պետ, մասնակցում Ռոստովի մոտ ընթացող մարտերին, 1942-ի խարկովյան հաջողակ հակահարձակմանը: Այնուհետեւ ստանձնում է Ռոկոսովսկու նախկին՝ 16-րդ բանակի հրամանատարությունը: Հենց այս բանակը ղեկավարելու ընթացքում հրամանատարը վարում է մի քանի բացառիկ հաջողված ռազմագործողություններ, որոնցից առանձնակի էր Օրեոլի մոտ «Կուտուզով» օպերացիան: 1943 թ. նոյեմբերին գեներալ-գնդապետի կոչումով հայորդուն է վստահվում 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատարությունը: Բելառուսում եւ Լիտվայում հաղթարշավով է ավարտվում բաղրամյանական «Բագրատիոն» ռազմագործողությունը: Գեներալ-գնդապետի բանակները ճեղքում-հասնում են Բալթիկ ծով՝ շրջապատելով 30 գերմանական դիվիզիաները Լատվիայում: Սխրանք, որի համար Բաղրամյանն արծանանում է Սովետական Միության հերոսի կոչման:
1945-ի սկզբին Բաղրամյանի բանակը մասնակցում է Արեւելյան Պրուսիայի գրավմանը: Նա է ղեկավարում Քյոնիգսբերգի գրավման օպերացիան, իսկ նույն թվականի վերջին Մերձբալթիկայում շրջափակված հզոր զորամիավորմանն ստիպում է հանձնվել:
Մեծանուն զորահրամանատարը միության կրկնակի հերոսի կոչման էր արժանանալու 1955 թվականին՝ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, իսկ բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման՝ 1954-ին:
Մինչ հայ հանճարեղ զորահրամանատարը անգամ հետմահու շարունակում է պանծացնել իր անկոտրուն ազգի փառքն ու պատիվը, ադրբեջանցի կոչված չնչին արարածները, չարությունից ու նախանձից ժահրահարված, հասցրել են ոչնչացնել նրա, մարշալ Բաբաջանյանի հուշակոթողները կրկնակի մարշալածին Չարդախլու գյուղում… Մոռանալով, սակայն, որ, միեւնույն է, ողորմելիներ են իրենք հայոց հանճարեղ գենի ու հզորության առաջ, որ վաղ թե ուշ գալու է հատուցման պահը: Անպայման է գալու…