Չնայած այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանցի զինվորականները շարունակում են խոչընդոտել հայ ուխտավորների այցը Դադիվանքի վանական համալիր:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ ոչ մեկի մոտ չի կարող կասկած հարուցել այն իրողությունը, որ Դադիվանք տանող ճանապարհը գոցված է մնում Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության հետեւանքով, հենց երկրի նախագահի անմիջական ցուցումով՝ վանական համալիրը փորձելով դարձնել իշխանություններից դժգոհ «կրոնական փոքրամասնությունների մենաշնորհը»: Թեմի առաջնորդը, սակայն, վստահ է, որ բոլոր ուժերն անզոր են Աստծո առաջ եւ գործած հանցագործությունների ու մեղքերի համար մի օր անպայման պատժվելու են: «Ենթադրվում էր, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո վանականները հնարավորություն կունենան անարգել իրականացնել իրենց առաքելությունը եւ Աստծո տանը հյուրընկալել ուխտավորներին: Բայց հարեւան երկրի հոգեւոր առաջնորդը դրժեց իր խոստումը, եւ առ այսօր Բաքվից դրական արձագանք չկա: Հավանաբար, երկրի առաջնորդի օրինակով նա եւս այդ գործելաոճով է փորձում «խաղաղություն եւ կայունություն» ստեղծել տարածաշրջանում եւ «բարիդրացիական հարաբերություն» հաստատել հայերի ու մյուս ազգերի հետ»…
Որքան էլ որ զավեշտական լինի, հիմա էլ որպես ուխտագնացության հիմնական խոչընդոտ ադրբեջանցի զինվորները համարում են «տարածքում հայտնաբերված սողանքները», որ կարող են «վտանգել մարդկանց կյանքը»: Սրտաճմլիկ նկարագրություն է չէ՞: Տեսեք, հակառակորդը որքան է մտահոգված հայ ուխտագնացների ճակատագրով, որ, անվտանգության պահանջներից ելնելով՝ ստիպված է համապատասխան միջոցներ ձեռնարկել…
Ըստ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ այս ծանր, անորոշ ժամանակներում, Դադիվանքի վանական համալիրի հոգեւորականները հերոսական կամք եւ հաստատակամություն են դրսեւորում, անխաթար ու անսասան են պահում հավատքը, դարերի ընթացքում կուտակված մեր հոգեւոր, քրիստոնեական արժեքները՝ հակառակորդին թույլ չտալով պղծել Աստծո տունը: Երախտիքի խոսքեր ուղղելով ռուս խաղաղապահների հասցեին՝ նա հավատացած է, որ «սառույցը կկոտրվի, քանզի արդարության ու ճշմարտության դեմ ոչ ոք չի կարող սուր ճոճել»… Սրբազան հայրը հավելում է, թե Արցախի առաջնորդարանը համագործակցում է խաղաղապահ ուժերի հրամանատարության, ինչպես նաեւ մշտական կապի մեջ է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ՝ «օր առաջ ուխտագնացների այցը Դադիվանք ապահովելու նպատակով»:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը չի թաքցնում իր անհանգստությունը եւ Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու, այսպես կոչված, «վերականգնողական աշխատանքների» վերաբերյալ: Նրա խոսքերով՝ առաջնորդարանը Բաքվին է դիմել այդ գործընթացներին հայ ճարտարապետ-մասնագետներին ներգրավելու խնդրանքով, սակայն ապարդյուն: «Պատասխանը հիասթափեցնող եւ վրդովվեցնող է,- ասում է սրբազանը:- Հակառակորդի պնդմամբ՝ անհանգստանալու կարիք չկա, ու «եկեղեցին վերականգնվում է ժամանակին կատարված ստույգ փաստերի եւ նկարների հիման վրա»: Այսպես ահա սրբապղծվում, վերափոխվում են թշնամու վերահսկողության տակ գտնվող վանքերն ու եկեղեցիները, պատմամշակութային մյուս հուշարձանները, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուների այցն Արցախ անհասկանալի պատճառներով ձգձգվում է»:
Անդրադառնալով Դադիվանքի վանական կյանքի եւ ապրելակերպի իրենց առաքելությանը՝ վանահայր Ներսես աբեղա Հարությունյանը ցավով է նշում ադրբեջանցի զինվորականների կողմից դրսեւորվող արհամարհական եւ թշնամական վերաբերմունքի մասին, որոնք «վախի մթնոլորտ» են փորձում ստեղծել եւ հայ վանականներին ստիպում հեռանալ: Ի պատասխան հոխորտանքների եւ կամայականությունների՝ բարեբախտաբար, ռուս խաղաղապահներն ամեն կերպ վիժեցնում են նրանց մտադրությունները եւ զգուշացնում, որ «կարգը խախտելու պարագայում կենթարկվեն պատասխանատվության»:
Հիշեցնենք, որ հավատացյալների վերջին ուխտագնացությունը Դադիվանքի վանական համալիր կայացել է այս տարվա մայիսին: