«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Տեղեկատվականացման միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադիր եւ խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ազատ Վարդանյանի հետ
-Պարո՛ն Վարդանյան, նախորդ հարցազրույցի ընթացքում տեսականորեն քննարկեցինք ներդրումային միջավայրը, իսկ հիմա ավելի մանրամասն կնշե՞ք, թե, ըստ Ձեզ, ի՞նչ հստակ քայլեր պետք է արվեն թե՛ պետության, թե՛ մասնավորի կողմից օրենսդրական, տնտեսական, իրավական դաշտում, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ ներգրավել:
-Առհասարակ, ներդրողները գնահատում, հաշվարկում են որոշ ռիսկեր` քաղաքական, տնտեսական, օրենսդրական, իրավական եւ այլն: Անգամ ամենաապահով երկիրը չի տալիս երաշխիք, որ ներդրողը չի բախվի վերոնշյալ ռիսկերին: Հայաստանի մասով ներդրողներին կարելի է բաժանել երկու դասի. առաջինը սփյուռքի ներկայացուցիչ-ներդրողներն են, մյուսը` արտասահմանյան խոշոր ընկերությունները, որոնք բացարձակապես հայկական չեն, բայց մեզ համար շատ կարեւոր են: Կարեւոր են այն առումով, որ այն երկիրը, որտեղ հիմնված են այդ ընկերությունները, թիկունք են կանգնում ներդրում ընդունող երկրին: Այս իմաստով շատ մեծ նշանակություն ունի նման խոշոր ընկերությունների ներգրավվածությունը: Աշխարհում չկա որեւէ պետություն, որը լիովին մեկուսացվի մյուս երկրներից. բոլորը միախառնված են ներդրումների վերաբերյալ թեմաներով, այսինքն ամեն ջանք գործադրում են որքան հնարավոր է՝ շատ ներդրումներ բերելու իրենց երկիր: Վառ օրինակ է Չինաստանը, որը ծաղկեց խոշոր ներդրումների շնորհիվ, չնայած առկա էին թվարկածս բոլոր ռիսկերը: Մեկուսացման փորձ արել է Խորհրդային Միությունը, սակայն այդ մեթոդը չաշխատեց, ուստի տեխնոլոգիաները դրսից էին ներկրում: Այդ տարիներին Հայաստանում էլ կային բավական մեծ թվով սարքավորումներ, որոնք Գերմանիայից, Իտալիայից եւ այլ եվրոպական երկրներից էին ներկրել: Ներդրողը հետաքրքիր հոգեբանական մղում ունի. նա առաջին հերթին տվյալ երկրում այլ ներդրողների փորձն է ուսումնասիրում, հետո եզրակացություն կատարում տվյալ երկրում ներդրում կատարելու շահեկանության վերաբերյալ:
-Իսկ որո՞նք են Հայաստանի համար այն ճշգրիտ քայլերը, որոնց շնորհիվ ներդրումների հոսքը կմեծանա:
-Հայաստանի համար ամենաճիշտ ճանապարհը, իմ պատկերացմամբ, այլ երկրների հետ ունեցած պայմանագրերն օգտագործելն է. մոտ 35 երկրի հետ Հայաստանի Հանրապետությունն ունի տարատեսակ պայմանագրեր, որոնք, ի դեպ, բավական լուրջ նշանակություն ունեն: Կանադայի օրինակով կարող եմ ասել. ունենք 3 միջպետական պայմանագիր ներդրումներ ապահովելու, ամրապնդելու, կրկնակի հարկման բացառման վերաբերյալ: Այս պայմանագրերը գործածել է պետք: Շեշտն անհրաժեշտ է դնել երկկողմանի հարկումը բացառող պայմանագրի վրա. սա ներդրողին կարող է ավելի շատ գրավել, քան տվյալ երկրում աշխատուժի էժան լինելը: Այո՛, տնտեսագիտության տեսանկյունից էժան աշխատուժի առկայությունը կարեւոր է, սակայն ամենաառաջնայինը չէ: Նմանատիպ պայմանագրերի մասին տեղեկացնել է պետք հասարակությանը, տնտեսական փորձագետներին ու խոշոր ներդրողների հետ աշխատող անհատներին: Պայմանագրերի շահագործումից հետո հաջորդ քայլը, որ պետք է անել ներդրողներ հրավիրելու համար, ժամանակին գործող ինստիտուտների վերականգնումն է, որոնք կոչվում էին առեւտրային ներկայացուցիչներ: Մեր երկրում նախապատվությունը տալիս են հիմնականում սփյուռքի հետ աշխատող ներկայացուցիչներին, սակայն դա ավելի շատ քաղաքական գործառույթ ունեցող աշխատանք է, ոչ թե տնտեսական: Այս ներկայացուցիչները պարտադիր է, որ ունենան հեղինակություն տվյալ երկրում, այսինքն` իրենց խոսքը եւ վերլուծությունը լսողներ շատ լինեն: Կարծում եմ` պետք է հաշվի առնել, որ նման առեւտրային ներկայացուցիչները պատրաստ կլինեն առանց վարձատրության աշխատել այս ուղղությամբ: Զարգացող երկրները հիմնականում նման ձեւով են աշխատում: Նրանց շարժառիթը հայրենիքի համար ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ճիշտ կլինի, որ այս ինստիտուտը գտնվի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Ներկայացուցիչը պետք է զինված լինի տեղեկատվությունով տվյալ երկրի, օրենքների, դատաիրավական համակարգի եւ այլնի մասին: Ճիշտ կլինի, որ նա համագործակցի դեսպանատների հետ, այդպիսով նաեւ դեսպանատների գործառույթներն ավելի կհեշտացվեն: Տարատեսակ ճանապարհներով ներկայացուցիչը պետք է կարողանա ներկայացնել իր երկիրը` շեշտը դնելով առաջին հերթին տնտեսական առավելությունները ցույց տալու վրա: Եթե չկան այդ առավելությունները կամ շատ քիչ են, մշակույթն է գալիս առաջին պլան, քանի որ այն գրավիչ ու մշտապես աշխատող տարբերակ է: Մշակույթի օգնությամբ ավելի համապարփակ կարծիք է ձեւավորվում տվյալ պետության վարկանիշի մասին: Միջազգային դաշտում նման առեւտրային ներկայացուցիչների փորձ եղել է, կա ու բավական հաջողված է: Այդ գործընթացը կտապալվի, եթե քաղաքականացվի. ներկայացուցչի աշխատանքային գործառույթների հիմքում պետք է լինի միայն տնտեսական շարժառիթը: Աշխարհում կան ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում հենց ամենառիսկային երկրներում կամ տարածաշրջաններում: Որոշ երկրներում նման ընկերություններին նույնիսկ նախնական փուլում ֆինանսավորում են պետական ֆինանսական կազմակերպությունները, օրինակ` Կանադայի միջազգային զարգացման գործակալությունը (CIDA): Պետք է միայն ճիշտ աշխատանք տարվի նման գործակալությունների հետ: Ներդրողի համար կարեւոր դեր է խաղում կանխատեսելիությունն իր հաշվարկները կատարելիս:
-Վերջին շրջանում շատ է խոսվում Հնդկաստան-Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության մասին: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է իրատեսական այս համագործակցությունը, ի՞նչ հեռանկարներ կարող է ունենալ:
-Փորձը ցույց է տվել, որ Հայաստանի ներուժը հենց Հայաստանում ճիշտ չեն գնահատում տարանցիկ երկիր լինելու տեսանկյունից: Գուցե դա ուրիշ խոչընդոտներ էլ ունի: Նման մեծ տնտեսական ծրագրի մաս կազմելու համար առաջին հերթին ներդրումային բարենպաստ միջավայր է անհրաժեշտ ստեղծել, նվազեցնել ռիսկերը: Իրականում հրաշալի է, որ Հայաստանը դիտարկվում է որպես նման մեգատնտեսական ծրագրի մի մաս, սակայն այս ուղղությամբ եւս բավական շատ աշխատանք կա անելու: Տարիներ առաջ Չինաստանը մեր երկրում երկաթգիծ կառուցելու ծրագիր էր ներկայացրել: Սկզբնական շրջանում դա համարվում էր ոչ եկամտաբեր: Այնուհետեւ հաշվարկեցին եւ հասկացան, որ մոտ 27-28 տարում ներդրված գումարը կփոխհատուցվի (խոսքը մոտավորապես 3.5 մլրդ դոլարի մասին է): Հավանաբար, ոչ ճիշտ քաղաքականության, ներդրումային բարձր ռիսկերի արդյունքում ծրագիրը կյանքի չկոչվեց: Չնայած նախկին փորձին, քաղաքական ոչ կայուն իրավիճակին եւ այլ ոչ բարենպաստ գործոնների` անպայման պետք է փորձել: Մենք այժմ, մեղմ ասած, լավ վիճակում չենք, պետք է պահպանենք ու ամրապնդենք մեր գոյությունը տարածաշրջանում: Դրա համար կարեւոր են անվտանգությունն ու տնտեսական զարգացումը. դա մեծ ուժ է ներկայացնում: Նախորդ տարվա 44-օրյա պատերազմում մենք չենք պարտվել, քանի որ մեր հակառակորդ երկիրն ուժեղ էր, այլ որովհետեւ այնտեղ առկա էր հեղինակավոր խոշոր ընկերությունների ներկայություն: Դրանք, բնականաբար, պետք է թիկունք կանգնեին այն երկրին, որտեղ ներդրում են կատարել: Իմ ասածի բուն էությունը հենց սրանում է, որ պետք է փորձենք խոշոր ընկերությունների ներդրումներ ներգրավել մեր երկիր` պայմաններ ստեղծելով նրանց համար՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով ներդրումային ռիսկերը: Ներդրումներ կատարելու ոլորտներ մեր երկրում կան` ընդերքն ուսումնասիրելու եւ շահագործելու, էլեկտրաէներգիայի եւ այլ ոլորտներ: Այս երկու ոլորտն էլ կարելի է նորացնել. այլեւս ժամանակակից չեն ջէկ-երը, հէկ-երը: Հայաստանի մասով մի բան ասեմ. մեր երկրում գործում է ընդերքի օգտագործման մասին օրենք, սակայն դրա մեջ միախառնել են եւ՛ ընդերքի ուսումնասիրությունը, եւ՛ շահագործումը: Դրանք տարբեր երեւույթներ են: Ավելի ճիշտ կլինի դրանք բաժանել երկու մասի, թեկուզ նույն ինստիտուտը զբաղվի այդ երկու գործողություններով: Ընդերքի շահագործման ժամանակ օգուտ, շահույթ կա, իսկ ուսումնասիրության ժամանակ որեւէ շահույթ չկա: Կանադայի Տորոնտո քաղաքում գործում է միջազգային բորսա, որի շնորհիվ ֆինանսավորվում են գրանցված ընկերությունները, որոնք նույնիսկ կատարում են միայն ուսումնասիրություններ: Մեր տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի ընկերություն այդ բորսայում գրանցված չէ: Պետությունը բոլոր դեպքերում իր շահույթն ունի, քանի որ, ինչպես հայտնի է, պետբյուջեն գլխավորապես կազմվում է հարկերից: Ընդերքն ուսումնասիրող կազմակերպությունը հաստատում է, որ կա շահագործման ենթակա պաշար, եւ պետությունը հետագայում դա կարող է օգտագործել շահույթ ունենալու նպատակով: Համաշխարհային պրակտիկայում ավելի հեշտ եւ հասանելի մեթոդներ կան էներգիա ստանալու, օրինակ` երկրագնդի ջերմային էներգիայի շահագործումը: Դա մաքուր, անսպառ էներգիա է: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում կատարվել է ուսումնասիրություն էներգետիկ նման այլընտրանքային աղբյուրներ գտնելու նպատակով, եւ ուսումնասիրությունների արդյունքում գտնվել է 3 նման տեղավայր, որտեղից կարելի է ստանալ Երկրագնդի ջերմային էներգիա: Կան նաեւ ջերմային էներգիա ստանալու առանձին տեխնոլոգիաներ, որոնց ներդրման արդյունքում 1 շենքի կամ հիմնարկի համար ապահովվում է ջերմային էներգիա: Կարեւոր է նշել, որ նման տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու համար հնարավոր է նույնիսկ մասնակի ֆինանսավորում ստանալ: Մեզնից պահանջվում է ճիշտ աշխատել: