«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական քաղաքագիտական կայքի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանի հետ
-Պարո՛ն Օրդուխանյան, ռազմական հակամարտությունից զատ գոյություն ունի հոգեբանական առճակատում: Ըստ Ձեզ` ի՞նչ մեթոդով պետք է դիմակայել նման պայքարում:
-Հակամարտությունները լինում են բազմաշերտ, եւ դրանց շերտերը փոխլրացնող բնույթ ունեն: Եթե որեւէ պետության նկատմամբ իրականացվում է տոտալ պատերազմ, ապա դա ենթադրում է ռազմականին զուգահեռ նաեւ տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմ: Ըստ էության, Արցախի եւ Հայաստանի հանդեպ պատերազմական դրսեւորումները տարբեր ինտենսիվությամբ իրենց մեջ բովանդակել եւ բովանդակում են նաեւ հոգեբանական բախման տարրեր: Դրանց դիմակայելու համար անհրաժեշտաբար հարկավոր է, նախ եւ առաջ, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վերականգնում եւ ոգեղենության բարձրացում, ինչն ուղղակիորեն դրական կանդրադառնա նաեւ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Ուստի, կարծում եմ, մեր հոգեբանները թե՛ զինված ուժերում, թե՛ հասարակության մեջ բազմաձեւաչափ աշխատանք ունեն կատարելու: Գերեվարման դեպքերը, որոնք մասամբ նաեւ ուղեկցվել են զինված բանակայինների անձնատրությամբ, զենքը վայր դնելով եւ հանձնվելով, ըստ էության, նաեւ բարոյահոգեբանական վիճակի հետեւանք են՝ որպես տեղեկատվական պատերազմի դրսեւորում, երբ թե՛ ներսում, թե՛ արտաքին տարբեր աղբյուրներ հետեւողականորեն տարածում են բանակին, ժողովրդին վհատեցնող, թուլացնող տրամադրություններ: Ինչեւէ, միակ մեթոդը, որով կարելի է պայքարել հոգեբանական առճակատման դեմ, տեղեկատվության զտումն է, տեղեկատվական հակազդումը եւ վհատեցնող տրամադրություններ չսպառելու նպատակով հասարակության պատրաստումը:
-Իսկ մենք օգտվո՞ւմ ենք վերոնշյալ ձեւերից թշնամիների դեմ պայքարում:
-Ցավո՛ք սրտի, ես չեմ տեսնում այս խիստ կարեւոր մարտահրավերին դիմագրավելու նպատակով տրամաբանված, համակարգված եւ կազմակերպված կուռ մոտեցում: Խոշոր հաշվով, այդ մարտահրավերին դիմակայությունը որոշ անհատների ջանքերով է միայն սահմանափակվում: Իսկ դրա արդյունքը շոշափելի չէ, քանի որ հասարակության ընդհանուր մեդիագրագիտության մակարդակը դեռեւս ցածր է: Հասարակությունն ավելի շատ հակված է սպառելու «հեշտ մարսվող» տեղեկատվություն եւ հազվադեպ է համադրում մի քանի աղբյուրներից միեւնույն երեւույթի մասին ստացված տեղեկությունները, որպեսզի կարողանա հիմնավոր դատողություններ անել՝ որպես հետեւություն: Սա նշանակում է, որ մենք իսկապես դեռ մեծ անելիք ունենք այս խնդիրը լուծելու առումով: Սակայն հարկ է նկատել, որ վերջին շրջանում՝ մասնավորապես պատերազմից հետո, պետական մակարդակով մեդիագրագիտությանն սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել, ինչը ողջունելի է, բայց դեռեւս ոչ բավարար: Դրա ծավալները պետք է մեծացնել:
-Հոգեբանական գրոհները կատարվում են հիմնականում տեղեկատվական «պատերազմների» միջոցով: Ըստ Ձեզ` ի՞նչ անելիքներ ունենք այս ոլորտում:
-Տեղեկատվական պատերազմի նպատակը ճնշիչ, վհատեցնող, անգործության մատնող հոգեբանական ազդեցություններ թողնելն է: Այս պարագայում հարկ է նկատել, որ օրինակ՝ թշնամական բնույթի ադրբեջանական (եւ ոչ միայն) տեղեկությունները թե՛ պատերազմի օրերին, թե՛ նույնիսկ այսօր շատ արագ են տարածվում մեր վիրտուալ տիրույթում, իսկ դա արդեն մեր դեմ տեղեկատվական պատերազմում նրանց առավելության մասին է խոսում: Այս տիրույթում առավելություն ստանալը խիստ վտանգավոր է, քանի որ այդ տեղեկությունների ազդեցության ներքո մարդկանց մի մասի մոտ ձեւավորվում է որոշակի գիտակցություն, ինչը նաեւ վերածվում է որոշակի վարքագծի՝ հանգեցնելով հասարակության շրջանում պերմանենտ անկայունության վիճակի, ինչպես նաեւ առաջացնելով մշտական կասկածներ, վախեր եւ ձեւավորելով անվստահության մթնոլորտ ու փոխադարձ թշնամանք հենց հասարակության ներսում: Դրանցից խուսափելու համար էլ շատերը նախընտրում են երկրից հեռանալ՝ արտագաղթել: Խոշոր հաշվով՝ հասարակությունը դառնում է թշնամական քարոզչության ուղիղ սպառողը: Այս սպառնալիքները չեզոքացնելու համար աներկբա է, որ մենք կարիք ունենք շատ արագ կազմակերպելու եւ համակարգելու տեղեկատվական պատերազմներին ոչ միայն հակազդելու, այլեւ տեղեկատվական պատերազմ մղելու հմտությունների ձեւավորման գործընթացը թե՛ հայեցակարգային, թե՛ կիրառական ոլորտներում: Իրավիճակը թելադրում է, որ կրթության տարբեր մակարդակներում՝ սկսած հանրակրթությունից, մեդիագրագիտության եւ տեղեկատվական հակազդեցության դասընթացներ կազմակերպվեն: Մենք պետք է սովորենք տեղեկատվության հետ վարվելականոնները, բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը»: Տեղեկատվությունը նույնպես պրոդուկտ է, որը պետք է գործածել իմանալ: Պետք է սովորել չսպառել «տեղեկատվական աղբը», որն ուղիղ իմաստով վնասակար է մեր առողջությանը: Ուստի, թե՛ պետական, թե՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով այս խնդրի լուծումը պետք է դառնա հրատապ եւ անհետաձգելի: