«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը Շուշիում գործող այն բացառիկ հաստատություններից էր, որ ունենալով ուսումնատեխնիկական հարուստ բազա ու երկրի տնտեսության համար անհրաժեշտ կադրերի պատրաստման ներուժ, տարածաշրջանում հավասարը չուներ: Ավելին՝ հիմնադիրների կողմից ջանքեր էին գործադրվում առավել լրջագույն եւ հավակնոտ ծրագրեր իրագործելու ուղղությամբ: Ցավոք, ի թիվս մեկ տասնյակի հասնող կրթօջախների, թշնամու սանձազերծած պատերազմի պատճառով ուսումնարանը եւս հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ, եւ ողջ համալիրը «սեփականաշնորհվեց»: Դժվար է հաշտվել հատկապես այն մտքի հետ, որ հայրենիքի ազատագրման համար մղված ծանր մարտերում 10 շրջանավարտներ նահատակվեցին՝ անավարտ թողնելով երազանքներն ու մտահղացումները:
Կարեւորելով հաստատության դերը, մասնավորապես շինարարության բնագավառում արհեստավարժ մասնագետների շարքերը համալրելու խնդրում, կառավարությունը որոշում կայացրեց պատերազմից հետո կրթօջախի կենսագործունեությունը վերականգնելու վերաբերյալ: Մինչեւ ձեռք կբերվի սեփական շենք-շինություն, ուսումնարանը հանգրվանել է Ստեփանակերտի թիվ 4 հիմնական դպրոցի մասնաշենքում, որտեղ ուսանողներին է տրամադրվել երկու հարկը:
«Եզնիկ Մոզյանի» գործադիր տնօրեն Նարինե Իշխանյանն ափսոսանքով է հիշում թշնամուն «ավար թողած» հարուստ գույքի եւ արհեստանոցների մասին: Միայն ուսանողներին տեղափոխող ավտոբուսն է հնարավոր եղել փրկել կորստից, եւ հիմա ստիպված են ուսուցման համար հարմարավետ նոր պայմաններ ստեղծել, համատեղ ուժերով հաղթահարել դժվարությունները:
Ըստ գործադիր տնօրենի՝ պետության եւ բարերարների աջակցությամբ շենքը հարմարեցվում է կրթօջախի պահանջներին, Երեւանից ձեռք են բերվում անհրաժեշտ գույք, սարքավորումներ ու գործիքներ: 181 ուսանողից շուրջ 120-ը հաճախում է պարապմունքներին, մյուսները եւս ցանկություն են հայտնել վերադառնալ: Հատկանշական է, որ գործող 7 մասնագիտությունից 6-ը նոր տարվանից սկսել են գործել: Հասարակական սննդի խումբը համալրվելուց հետո, Ն. Իշխանյանի հավաստմամբ, պարապմունքները կվերսկսվեն: Իսկ մինչ ծրագիրը լիարժեք կգործի, սովորողների տրամադրության տակ են հարմարավետ ճաշարանն ու հանրակացարանը: Գործադիր տնօրենը հավելեց, որ շրջաններից եկածներն օրը երեք անգամ անվճար սնվում են: Նրանց հնարավորություն է տրվում ուսմանը զուգընթաց մասնակցել շինարարական աշխատանքներին եւ գումար վաստակել:
Պատերազմից հետո, երբ հրատապ է դառնում ավերված բնակֆոնդի վերականգնման, տեղահանված անապաստան ընտանիքների համար բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որակյալ մասնագետների պատրաստումն առավել պահանջված է լինում: Պատահական չէ, որ «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի ճակատագրով մտահոգված է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը բարեգործական խողովակներով փորձում է զորավիգ լինել կրթօջախին եւ վերականգնել «կադրերի պատրաստման դարբնոցի» բարի համբավը: