«Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետեւ դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու: Որովհետեւ դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում են հեռվից: Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետեւ դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու: Որովհետեւ առանց քեզ անձրեւը ջուր է սովորական, լեռները՝ քարերի կուտակում, սերը՝ շքեղություն հավելորդ եւ որդի ծնելն անգամ՝ ավելորդություն… Ես այս երգը երգում եմ գլխաբաց, որովհետեւ դու նա ես, ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին՝ օրհնությամբ գնա, երբ մենք ճանապարհ ենք ընկնում, երբ մենք սկսում ենք օրը, երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…»:
Թաթուլ ԿՐՊԵՅԱՆ
Նրա արմատները հայրենի Կարսում էին, որի կարոտից տոչորվող Կրպեյանների մազապուրծ սերունդը նախ հանգրվանելու էր Ուջանում, իսկ հետո տեղափոխվելու սահմանին ավելի մոտ ընկած Արեգ գյուղ՝ ըղձանքով, որ այստեղից գուցեեւ տեսանելի կլինի շան երախում թողած իրենց բերդաքաղաքը, եւ պատեհ առիթի դեպքում իրենք շուտափույթ կվերադառնան պապենական օջախ: Ավաղ, այդպես չէր լինելու, թեեւ շարունակում ենք հավատալ ըղձալի ու արդար այդ օրվան…
Արեգում էր ծնվելու Կրպեյանների աչքի լույս վեցերորդ զավակը, դպրոց էր գնալու, Գյուլիզար տատից զարհուրանքների ու էրգրի մասին պատմություններ էր լսելու՝ իր արյան հիշողությանն ի պահ տալով այդ ամենը: Հետո ուսանող էր դառնալու մայր բուհում, այնտեղ ստեղծելու էր «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը, երգելու էր «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրելու, մոռացությունից փրկելու Սասունի ու Կարսի ժողովրդական, ազգագրական, ինչպես նաեւ ազգային ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Մինչ 1988-ի Արցախյան հուժկու շարժման պոռթկումը անդամագրվելու էր «Միացում» երիտասարդական միությանը, դառնալու էր դրա առաջնորդող դեմքերից մեկը եւ 1987-ի հոկտեմբերի 17-ին ակտիվորեն մասնակցելու մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ նախաձեռնած ցույցին: Անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում էր հայտնվելու՝ առնվելով նրանց հսկողության տակ:
Հայրենիքի սահմաններին եւ Արցախում ազերի բաշիբոզուկները սկսել էին իրենց բորենիական նկրտումներն ի ցույց դնել անասնագողություններով, հովիվների, անզեն մարդկանց սպանություններով ու առեւանգումներով: Արտին լեռան գագաթին խարույկ վառած եւ հայրենիքի սիրուն երդում տված Թաթուլ Կրպեյան արորդին, որ արդեն ընտանիք էր կազմել եւ ունեցել իր առաջնեկին՝ Ասպրամ դստերը, դեռ նրա լեզուն չբացված, հոգու թելադրանքով մեկնելու էր վտանգված լեռնակղզի: Եվ 1990-ի սեպտեմբերին ոչ թե մայր բուհ էր փութալու որպես 4-րդ կուրսի գերազանցիկ ուսանող, այլ որպես ուսուցիչ մեկնելու էր Գետաշեն, պատմություն, աշխարհագրություն, երգ-երգեցողություն էր դասավանդելու շենի երկու դպրոցներում՝ վաստակելով անկաշառ սեր ու հարգանք իր անձի հանդեպ: Ցերեկները սերունդ էր կրթելու, գիշերները՝ զենքը ձեռքին հսկելու հարազատ դարձած շենի սահմանները: Հետո իր ջոկատով ստանձնելու էր Գետաշենի եւ Մարտունաշենի ինքնապաշտպանության ղեկավարումը: Նաեւ մասունք դարձած նամակ էր գրելու մերձավորներին, իր անխոս ու անմեղ հրեշտակին. «Իմ Ասպրամիկ, ես քեզ շատ եմ սիրում, բայց ոչ քեզ եմ արժանի, ոչ էլ քո մորը: Խնդրում եմ, ինձ ներեք, իմ հարազատ ծնողներ, ես ձեզ բոլորիդ սիրում եմ, բայց համառ ու երախտամոռ դուրս եկա… Խնդրում եմ, ինձ շատ-շա՜տ ներեք…»:
Իսկ առջեւում օրհասական իրադարձություններ էին. 1991 թ. ապրիլի 30-ին Գյանջայում տեղակայված խորհրդային բանակի 24-րդ դիվիզիայի ռազմական ծանր տեխնիկան, Ադրբեջանի օմոնը եւ զինված ջոկատները մտնում են Գետաշեն եւ Մարտունաշեն: Դա «Օղակ» գործողության սանձազերծման օրն էր: Մահվան աչքերին անթարթ հայացքով նայող Գետաշենի ինքնապաշտպանության հրամանատարին հաջողվում է գերի վերցնել 17 խորհրդային զինվորի, նրանց ուղեկցորդ մեկ անլվա ադրբեջանցու եւ շեն ներխուժած զինվորների հրամանատար, գնդապետ Մաշկովին: Պայթեցման պատրաստ նռնակը ափի մեջ պահած հերոսը գնդապետից առգրավում է խորհրդային բանակի եւ օմոնի համատեղ մշակած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը: Գործողության կասեցման հրամանը միայն նսեմացած գնդապետը կարող էր արձակել: Գնդապետն համառում էր, Թաթուլը՝ ընդվզում: Նման իրավիճակում ընդվզումները լինում են ճակատագրական: Ինքնապաշտպանության արծվասիրտ ու անզիջում հրամանատարն այլեւս խանգարող հանգամանք էր եւ նրանից ազատվելը՝ անհրաժեշտություն: Եվ հնչում է մեղկ ու դավադիր կրակոցը՝ թիկունքից… Թաթուլն ընկնում է, նրա հետ նաեւ իր զինակից ընկերներից: Անպաշտպան մնացած Գետաշենը մատնվում է ավարի ու ավերի…
Թաթուլ Կրպեյան ազգային հերոս, որ օժտված էր աստվածային շնորհներով, պատմագետ էր, ռազմագետ, բանահավաք, երգիչ ու բանաստեղծ.
Հայ, հավերժիր ու ապրիր,
Դու էլ չի լաս, հայու կռունկ…
Որքան հզոր պիտի լիներ մարդը, որ իր նորածնից առավել հող ու հայրենիք սիրեր, մահվան դեմհանդիման՝ երկյուղ չունենար մահից. «Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»: Իսկ երբ վերջին անգամ գալիս է մայրաքաղաք՝ մարգարեանում է. «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա՝ ինձ կբերեն…»:
Բերեցինք, որ դառնա հայրենապաշտության խորհրդանիշ, որ սերունդներ սքանչանան ու սնուցվեն նրա արծվապաշտ կերպարի օրինակով: Որ նոր Թաթուլներ բարձրանան Արտին լեռը ու երդվեն հայ վրիժառության ասպետներին: Երդվեն Թաթուլ Կրպեյանի անունով ու հույս ճառագեցնեն հայոց նոր ու գալիք արեւագալներին…