Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան դժվար է կապել հնարավոր հրաշքների հետ։ Հրաշք չի կարող լինել, եւ մեր առաջին խնդիրն է հզորացնել մեր գիտությունը, որի զարգացման հետ անմիջապես կապված է նավթային երկրների (որոնց թվին պատկանում է Ադրբեջանը) առավելությունների վերացումը։ ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը հասկացավ, որ համաշխարհային քաղաքականության մեջ Զ․Բժեզինսկու հումանիտար գիտությունն ավելի հզոր գտնվեց, քան ֆիզիկոսների եւ քիմիկոսների ատոմային եւ միջուկային ռումբերը։ Տարբեր կազմակերպությունների հարցումները ցույց են տալիս, որ հայ գիտնականներն այսօր եւս առաջնագծում են։ Համապատասխան գիտական ներուժ մենք ունենք, բայց միշտ մղում ենք երկրից դուրս։ Նաեւ խորհրդային իշխանության օրոք հայազգի հզոր գիտնականներ Կամո Ս․Դեմիրճյանը, Ն․Ս․Ենիկոլոպովը, Գ․Ա․Թոսունյանը, Բ․Գ․Ալեքյանը եւ շատ ուրիշներ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս դարձել են միայն Մոսկվա տեղափոխվելիս, Ռ․Աթոյանը, Մ․Քրմոյանը եւ ուրիշներ համապատասխանաբար ԽՍՀՄ Լենինյան եւ Պետական մրցանակի դափնեկիր դարձել են՝ աշխատելով ռուսական գիտական հիմնարկներում։ Իսկ հայ եւ անդրկովկասցի միակ հայտնագործություն արած գիտնականը՝ մեխանիկ Կարո Չոբանյանը (ստացել է աշխարհի վերջին, 102-րդ հայտնագործության վկայականը), այդպես էլ մնաց անհայտ, քանի որ չլքեց հայրենիքը։ Դեռ 1921 թվականին Հայաստանի առաջին կրթության նախարար Ա․Մռավյանը նամակներով հրավիրել է աշխարհով մեկ սփռված հայ գիտնականներին՝ կայացնելու Հայաստանի գիտությունը։ Իսկ հետո…
Այսօր նոր-նոր նկատվում է ինչ-որ բարեհաճություն հայաստանյան գիտության նկատմամբ, տեսնենք դա արդյունքներ կտա՞…
Սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին բուհական եւ ակադեմիական շրջանակներում անցկացված հարցումների արդյունքում «Ռոսիյսկայա սեմյա» Ռուսաստանի ազգային միությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչների մեջ ռուսական գիտությանը ամենամոտ կանգնած գիտնական անվանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանին` Երեւանից։ Մադոյանը Ռուսաստանում ճանաչված գիտնական է, դեռ 2000 թվականին Հր․Աճառյանի, Գ․Ջահուկյանի, Ա․Ղարիբյանի եւ մեր մյուս մեծերի հետ նրա անունն ընդգրկվել էր «Աշխարհի առաջավոր լեզվաբանները» հանրագիտարանում (Ведущие языковеды мира. Москва, ,Энциклопедияե)։ 2015 թ. նա ՌԴ նախագահ Վ․Պուտինի կողմից պարգեւատրվել է կառավարական պարգեւով՝ Պուշկինի մեդալով։ Մոսկվայում, Ուկրաինայում, Գերմանիայում տպագրված ավելի քան 200 արժեքավոր գիտական աշխատությունների, մենագրությունների հեղինակ է։ Նրա մշակումները տեղ են գտել նաեւ ՌԴ բուհական դասագրքերում։ Հայտնի են նրա ոչ միայն լեզվաբանական, գրականագիտական, այլեւ իրավաբանական աշխատությունները (Վ․ Մադոյանը նաեւ իրավաբանության դոցենտ է)։
Բայց մի՞թե միայն նա։ Այժմյան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների ցուցակն սկսվում է հայկական ազգանուններով։ Մեր ակադեմիկոսներն աշխատել ու աշխատում են գիտության բոլոր բնագավառներում եւ բացարձակ արդյունավետ։ «Մենք կարող ենք դառնալ գիտության բնագավառում աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, եթե ձգտենք օգտագործել եղած գիտնականների հնարավորությունները, որոնք, ցավոք, արդեն 55-60 տարեկան ու ավելի են, լուրջ ուշադրություն դարձնենք մեր միջնակարգ եւ բարձրագույն դպրոցին,- ասում է Վ․Մադոյանը «ՀՀ»-ի հետ զրույցում: -Սովորելու իրավունք պետք է ունենան բոլորը, բայց համապատասխան կրթության մակարդակը հավաստող փաստաթուղթ՝ միայն եզակիները։ Առատորեն, առանց տարբերակման բաժանելով բարձրագույն կրթության դիպլոմներ, մենք ոչ թե ընդառաջում ենք միջակություններին, այլ ասպարեզից դուրս մղում տաղանդավորներին՝ խաչ քաշելով գիտության մակարդակի վրա»։
Մեր ոխերիմ թշնամիների առավելությունը նավթն է։ Աշխարհի հետ միասին պայքարելով էներգիայի նոր աղբյուրների ստեղծման համար՝ մենք կլուծենք նաեւ մեր պատմական խնդիրները։
Այսօր յուրաքանչյուր ազգ փորձում է աշխարհով մեկ հաստատել իր նվաճումների առավելությունը, իր առավելությունները։ Դա վերաբերում է նաեւ հումանիտար գիտություններին։ Երկրագնդի խաչմերուկներում չկորչելու համար մեր լեզվաբանները պետք է աշխատեն բարձրորակ ավտոմատ թարգմանչի ստեղծման վրա, զարգացնեն այն միջազգային տեսակետը, որ հայոց լեզուն հնդեվրոպական ընտանիքի մայր լեզուն է, տնտեսագետները մշակեն մրցակցության համակարգ բոլոր բնագավառներում, քաղաքագետները՝ մեր երկրի կայուն իշխանության համակարգ։ Եվ այլն։ Սատարենք գիտությանը, որ գիտությունն էլ սատարի մեզ։
Մեր ապրած աշխարհն այսօր ավելի բարդ ու անհասկանալի է, քան եղել է երբեւէ։ Այս իրավիճակից կշահեն նրանք, ովքեր կկարողանան ճիշտ կողմնորոշվել, առանց զգացմունքներին ենթարկվելու։ Քանի որ մեզ ամենամոտ երկիր մնում է Ռուսաստանը, Վ․Մադոյանին, որպես ռուս եւ սլավոնական աշխարհի մասնագետի, խնդրեցինք պատասխանել մի քանի հարցի՝ նկատի ունենալով նաեւ վերջին օրերին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպման արդյունքները։
-Ի՞նչ կարծիքի եք ռուսերենի ուսուցման ուժեղացման միտումների մասին Հայաստանում։
-Մեզ մոտ ոմանց թվում է, թե ռուսերենի դեմ պայքարը հայրենասիրություն է, եւ դա կուժեղացնի հայերենի դիրքերը։ Չեմ կարծում, որ լեզուների իմացության պակասը օգտակար է որեւէ ժողովրդի համար։ Ինչ վերաբերում է դրանով հայոց լեզվի գործառույթների թուլացմանը, կասկածում եմ, որ մեր աչքի առաջ տեղի ունեցող` ռուսերենի փոխարինումը անգլերենով, ուժեղացնում է հայոց լեզուն։ Բացի այդ, Ռուսաստանի հետ պետական հետագա մերձեցումը կարդինալ գիծ է դառնում եւ ապացուցված օգտակար է Հայաստանի համար։ Ամենից շատ ռուս մտավորականներն են, որ պայքարում են հայ ժողովրդի համար, հայտնի են ոչ միայն Զատուլինը, Սոլովյովը, Տրետյակովը, Ժիրինովսկին, նրանք Ռուսաստանի ամենաինտելեկտուալ եւ հայրենասեր մտավորականներն են։
-Դուք ձեր հիմնական կարիերան կերտել եք ԽՍՀՄ-ում, ի՞նչ կարծիքի եք Ռուսաստանի որոշ շրջանակներում զարգացող նոստալգիայի տրամադրությունների մասին՝ կապված խորհրդային ժամանակների հետ։
-ԽՍՀՄ-ում ես ստացել եմ կրթություն Մ․Վ․Լոմոնոսովի անվ. պետական համալսարանում (բանասիրության գծով), Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում (իրավաբանության գծով), գիտական կոչումներս ստացել եմ նշված եւ Բելառուսի (ք. Մինսկ) պետական համալսարաններում։ 1990 թվականից (36 տարեկանում) գիտությունների դոկտոր եմ։ Դժվար թե Հայաստանում, որտեղ աշխատում էր գերազանցապես ծանոթությունը, ինձ նման հնարավորություն ընձեռեին։ Նոստալգիա կա, սակայն ազատությունն ամենաթանկն է։ Ազատության տարիներին ստացել եմ բազմաթիվ հրավերներ` աշխատելու ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՄՆ-ում ու Կանադայում, սակայն, չնայած ինձ շրջապատող իրավիճակին, երջանիկ եմ, որ ծառայել եմ իմ ժողովրդին։ Ավելի քան 50 անգամ ելույթ եմ ունեցել արտասահմանում։ Միշտ զգացել եմ թիկունքում մեր հայրենիքը, զգացել եմ իսկական հպարտություն, երբ իմ ազգանունից հետո հնչել է «Հայաստան» անունը տարբեր լեզուներով։ Բայց իմ կյանքի հիմնական ձեռքբերումը համարում եմ իմ կրթօջախի` «Անանիա Շիրակացի» համալսարանի ստեղծումը` անկախությունից անմիջապես հետո, որն այսօր էլ շարունակում է, հաղթահարելով ամեն կարգի դժվարություններ, մեր ժողովրդի համար պատրաստել բոլոր տեսակետներից արժանավոր եւ որակյալ մասնագետներ, ինչպեսեւ ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի` իմ ղեկավարած լեզուների ամբիոնը, որը բարեխիղճ կատարում է իր աշխատանքը հինգ լեզվով։ Երկուսն էլ՝ մայր հայրենիքում։
-Մ. Գորբաչովի օրոք Դուք համարձակ քննադատել եք նրան, այսօր ի՞նչ կարծիքի եք Ռուսաստանի ներկայիս ղեկավարի եւ նրա` հայկական կողմնորոշումների մասին։
-Գորբաչովը խիստ բացասական դեր խաղաց համաշխարհային պատմության մեջ։ Մի մարդ, որը կարող է նման անհեռատես ձեւով քայքայել իր պետությունը, դառնալ հազարավոր մարդկանց տառապանքների պատճառ ամբողջ աշխարհում, տառապանքների, որոնց կարծես թե վերջ չկա ոչ Ուկրաինայում ու Հայաստանում, ոչ Իրաքում եւ Սիրիայում, արժանի է պատժի, այլ ոչ թե մեծարման։ Այսօրվա Ռուսաստանին մնում է փորձել վերականգնել երկրի հեղինակությունն ու կշիռը, որը չափազանց դժվար գործ է։ Զարմանում եմ, թե ինչպես ԱՄՆ-ն աչքաթող արեց Պուտինին։ Զ․Բժեզինսկու ծրագրերով՝ Ռուսաստանի տարածքը վաղուց պետք է ավարտվեր 1530 թ. Մոսկովյան Ռուսիայի սահմաններով։ Ինչ վերաբերում է անձամբ Վլադիմիր Պուտինին, նրա հետ շփման ընթացքում համոզվեցի, որ բացարձակ տաղանդավոր քաղաքական գործիչ եւ անհատականություն է: Նրա հայկական կողմնորոշումը զգացել եմ ոչ միայն պարգեւատրման ժամանակ իմ հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունից։ Պետք չէ մոռանալ, որ նա Ռուսաստանի ղեկավարն է, եւ Հայաստանի նկատմամբ դրսեւորած դրական վերաբերմունքը նրա կողմից Ռուսաստանի շահերի ռազմավարական եւ պատմականորեն խորը գիտակցման արդյունք է:
-Դուք ճանաչված սլավոնագետ եք, ի՞նչ կասեք այսօրվա ռուս-ուկրաինական ճգնաժամում սլավոնական համերաշխության գործոնի բացակայության մասին։
-Մինչեւ 1703 թվականը սլավոնական ժողովուրդների առաջատար համարվել է Լեհաստանը։ Նույնիսկ այժմ Եվրոպայի սլավոնները լեհ աղջիկներին ավելի բարետես են համարում։ 1703 թվականին Պետրոս Ա-ն վերջ դրեց Լեհաստանի առաջնությանը եւ հզորացրեց իր երկիրը՝ այն անվանելով… լեհերեն՝ Ռոսիա (մինչ այդ այն Մոսկովյան Ռուսիա էր)։ 18-րդ դարի վերջին Լեհաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես հետո Ֆինլանդիան (1809-1917)։ Լենինյան հեղաշրջումը Լեհաստանին եւ Ֆինլանդիային բերեց ազատություն, իսկ Հայրենական մեծ պատերազմի արդյունքում Լեհաստանը, ինչպես նաեւ Չեխիան կրկնապատկեցին իրենց տարածքները Գերմանիայի հաշվին։ Իմիջիայլոց, Ստալինին Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ առաջարկել էին ընտրել Լեհաստանը կամ Արեւմտյան Հայաստանը։ Այդ, Չարենցի խոսքով, նեղճակատ կինտոն, իհարկե, նախընտրել էր, իր կարծիքով, աշխարհի համար ավելի տեսանելի Լեհաստանը, որը հիմա Ռուսաստանի ոխերիմ թշնամին է։ Մյուս սլավոնական երկրները (բացի Սերբիայից) հրաժարվում են Ռուսաստանի հետ բարեկամությունից, քանի որ, իմ կարծիքով, վախենում են ԱՄՆ-ից եւ կախված են նրա ֆինանսական օգնությունից։ Գումարած` խորհրդային հեգեմոնիայի թողած նստվածքը։ Մեծ դեր է խաղում նաեւ կրոնը. բոլոր սլավոնական երկրները, բացի Սերբիայից եւ Բուլղարիայից, կաթոլիկ են։
Ուկրաինան (ռուսերեն՝ «ծայրամաս») համարվել է Ռուսաստանի մի մասը։ Մինչեւ 1918 թվականը ռուսական բարբառները բաժանվում էին չորս խմբի՝ հյուսիսային ռուսական, հարավային ռուսական, բելառուսական եւ փոքր ռուսական (ուկրաինական)։ Առաջին մեծ հարվածը ռուս ժողովրդին հասցվեց 1918-ին, երբ այն բաժանվեց երեք մասի (ժողովուրդների)՝ մեծ ռուսական, բելառուսական եւ փոքր ռուսական։ Ստեղծվեցին նոր երկրներ՝ Ուկրաինա եւ Բելոռուսիա, հորինվեց լրացուցիչ մի քանի տառ, ուկրաինական եւ բելառուսական դպրոցներ, որոնք ամրապնդեցին բաժանումը։ Ուկրաինացիները համարում են, որ Ռուսիան սկսվել է Կիեւից, եւ Կիեւն էլ պետք է լինի ընդհանուր Ռուսիայի մայրաքաղաքը, իսկ այժմյան ռուսները մաքուր սլավոն չեն․դրանք ռուսների եւ թաթարների խառնուրդ են։ Մյուս կողմից՝ ամբողջ հարավային Ուկրաինան եւ Կիեւը հիմնականում բնակեցված են ռուսներով։ Հետագայում բարդություններից խուսափելու համար Ուկրաինայի ղեկավարությունը (ԱՄՆ-ի դրդմամբ) որոշեց փակել ռուսական դպրոցները, իսկ ռուսներին համարել ուկրաինացի, ինչպես Ֆրանսիայում բոլոր քաղաքացիներին համարում են ֆրանսիացի։ Այսպես աստիճանաբար ձեւավորվեց մեծ կոնֆլիկտը, որն այսօր սպառնում է ողջ աշխարհին։ Արի ու մի հիշիր Հ․Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»…
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ