Արմավիրի Այգեշատ գյուղում է ծնվել Արցախյան գոյամարտի հերոս հրամանատարներից Յուրա Հովհաննիսյանը՝ 26-ի Յուրան։ Վերջերս հերոսի անունով ծննդավայրում բացվեց ռազմամարզական կենտրոն՝ հրաձգարանով, որը գործում է «Հայքյան» ասոցիացիայի կազմում: Կենտրոնը ղեկավարում է նույն գյուղի բնակիչ, հայ ազգագրական երգերի ու պարերի գիտակ Հրայր Սուրմալեցին։
Մինչ հիմնական արարողությունը, գյուղի մշակույթի պալատում՝ Հրայր Սուրմալեցու գլխավորությամբ, հայ ազգագրական ու ռազմական պարերի կատարումով, մարտարվեստի ցուցադրությամբ հանդես եկան կենտրոնի սաները։ Հրաձգարանը տեղակայված է մշակույթի պալատի հարեւանությամբ գտնվող համայնքապետարանի շենքում։ Բացման արարողությանը ներկա էին համայնքի բնակիչներ, բարերարներ, ովքեր օժանդակել են կենտրոնի ստեղծմանը, մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, զինվորականներ։ Հրաձգարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին արցախյան գոյամարտի նշանավոր հրամանատարներից Արկադի Կարապետյանը՝ Ագոն, եւ Սամվել Խաչատրյանը։ Նույն գյուղի բնակիչ է Ս. Խաչատրյանը, ով որդիների հետ աջակցել է կենտրոնի հրաձգարանի նորոգման աշխատանքներին, եղել է Արմավիրի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Իր ելույթում նա կարեւորեց նման կենտրոնների գոյությունը։ Ասաց, որ Յուրա Հովհաննիսյանը եղել է իր մանկության ընկերն ու համադասարանցին։ Ներկայացրեց հերոս հրամանատարի կենսագրական որոշ տվյալներ։ Ծնվել է 1953 թ. նոյեմբերի 19-ին, ուսուցչի ընտանիքում: 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1975 թ.: Արցախյան գոյամարտը սկսվելուց դարձել է ռազմական ջոկատի, այնուհետեւ գումարտակի հրամանատար։ Նրա գումարտակի դիրքերը թշնամու ռամական կետեր Ջանհասան-Քյոսալար գյուղերն էին վերահսկում՝ պայմանական 26 բարձունքներից։
Շուշիի ու Ստեփանակերտի մեջտեղում գտնվող «26» բարձունքը ամենավտանգավոր ու ծանր կետն էր մինչեւ Շուշիի ազատագրումը: Թշնամին անընդհատ լարված աշխատում էր այդ ուղղությամբ, քանի որ եթե անցներ «26» բարձունքը, կվտանգվեր Ստեփանակերտը։ Հենց այդ մարտական տեղանունով էլ հրամանատարը մկրտվեց «26»-ի Յուրա: 1993 թ. հունիսի 27-ին Յուրան Մարտակերտի դիրքերից Ստեփանակերտ վերադառնալիս Մաղավուզ եւ Մատաղիս գյուղերի խաչմերուկում զոհվում է ականի պայթյունից: Մեքենայի վարորդը ողջ մնաց, բայց զոհվեց նաեւ ազատամարտիկ Համլետը։ Յուրա Հովհաննիսյանը հուղարկավորված է Եռաբլուրում: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, կառավարական այլ պարգեւներով: Հերոսի անունով է կոչվում նաեւ հարազատ կրթօջախը։ Հրայր Սուրմալեցին շնորհակալություն հայտնեց իր ձեռնարկի աջակիցներին, սաներին, որ սիրով են հաճախում մարզումներին, շինարար հայրիկին եւ նրա ընկերներին, ովքեր անհատույց նորոգել են դահլիճը։ Ասաց՝ մենք ուժեղ ենք միասին, ու ավելացրեց, որ շփվելով տարբեր նման կառույցների հետ, որոշել է հարազատ գյուղում եւս ստեղծել պատանիներին ու երիտասարդությանը մարզելու կենտրոն՝ հրաձգարանով։
Այսօր եւս մեր ժողովուրդը վտանգի առջեւ է, եւ բոլորս պետք է կարողանանք զենք օգտագործել, մարզվել, իսկ պատանիներն ու երիտասարդները պետք է մշտապես պատրաստ լինեն։ 2 օդամղիչ հրացան հրաձգարանին է հատկացրել Ալիկ Գալստյանը, իսկ Անդրանիկ Հակոբյանը հատկացրել է 10 ինքնաձիգի կրկնօրինակ (մուլյաժ)։ Գյուղի միջնակարգ դպրոցի կողմից կենտրոնին է հատկացվել համապատասխան գույք՝ սեղան, նստարան, գրատախտակ։ Կենտրոնին մեծ աջակցություն է ցուցաբերել «Լեռք» մարզակրթական հիմնադրամը։ Հատկացրել են օդամղիչ հրացաններ, հեռադիտակներ։ Առավել կարեւոր է նաեւ համագործակցությունը «Լեռք»-ի հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արկադի Կարապետյանը, գործադիր տնօրեն Արման Մխիթարյանը, հիմնադիր անդամներից Վլադիմիր Նիկողոսյանը նույնպես ներկա էին բացման արարողությանը եւ կենտրոնին դարձյալ այլ անհրաժեշտ պարագաներ հատկացրին։ Կենտրոնի սաների հետ որպես հրահանգիչ է աշխատում նաեւ Երեւանում գործող «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի մարզիչ Ալբերտ Գասպարյանը, ով կենտրոնին նվիրեց Գարեգին Նժդեհի դիմանկարը՝ հավատով՝ Մեծ հայի ոգով են շարունակելու մարզումները կենտրոնի սաները։ Զրույցի ընթացքում ասաց՝ «Շվաքը» հիմնադրել է արցախյան վերջին պատերազմում մարտիրոսված Սեւակ Մնացականյանը՝ Սեւակ Խոյեցին, ով նաեւ «Մասունք» ազգագրական համույթի անդամ էր։
Բացման արարողությունից հետո կենտրոնի սաները, ավագները օդամղիչ հրացաններով փորձեցին իրենց հմտությունները։ Ընթացքում զրուցեցի գյուղի դպրոցի տնօրեն Էդգար Սարգսյանի հետ, ով ընդամենը 7 ամիս է, ինչ ղեկավարում է այս կրթօջախը, որտեղ սովորում են 216 աշակերտ։ Նա կարեւորեց կենտրոնի դերը, որտեղ կմարզվեն նաեւ իր աշակերտները։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Այգեշատի հարեւան Տանձուտ գյուղի բնակիչ Մարտիրոս Շահնազարյանը, ում որդի Անդրանիկը 2020 թ. դեկտեմբերի 12-ին Հադրութի Մեծ Թաղեր-Խծաբերդ հատվածում իր հրամանատարությամբ գործող ջոկատի մարտիկների հետ հերոսաբար մարտնչել է իրենցից 10 եւ անգամ ավելի քանակով թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, ժամեր շարունակ պահել մարտական դիրքերը եւ մարտիրոսվել 8 մարտական ընկերների հետ։ Նա ողջունեց ձեռնարկը՝ հավատով, որ ինչպես իր որդին ու ընկերները, այնպես էլ նոր սերունդը կդառնան հայրենիքի պաշտպաններ, եւ մաղթեց, որ այլեւս կորուստներ չունենանք։