Հայրենի երկրամասին է նվիրված ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի խմբագրությամբ լույս տեսած «Արցախի հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատությունը, որի շնորհանդեսը կայացավ երեկ Երեւանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում: Ներկա էին քաղաքական գործիչներ, Արցախի նվիրյալ բարեկամ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ԱրՊՀ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, լրագրողներ, հյուրեր:
Ներկայացնելով նոր ու կարեւոր աշխատությունը, Դ. Բաբայանը տեղեկացրեց՝ գիրքը տեղեկատու կամ հանրագիտարանատիպ աշխատություն է, որն օգտակար կլինի քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Իր էջերում պարունակում է Արցախի մասին փաստեր եւ խորհուրդներ առանցքային գաղափարների եւ բանալի հասկացությունների վերաբերյալ: Ընդամենը 92 էջից բաղկացած գիրքը բաժանված է 3 մասի, յուրաքանչյուր մասում քննարկված են տարբեր հարցեր ու խնդիրներ: «Անհրաժեշտ պատմական հասկացություններ» վերնագրված առաջին մասում ներկայացվել են Արցախի Հանրապետության, պատմական Արցախ նահանգի, «Ղարաբաղ» հասկացության, Հյուսիսային Արցախի եւ առհասարակ Արցախի պատմությունը, ինչպես նաեւ՝ «Ադրբեջան» եւ «ադրբեջանցիներ» երեւույթներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ «Երբեմն կան բացեր, օրինակ, թե ի՞նչ է Արցախը, եւ ի՞նչ է Ղարաբաղը: Ես համոզված եմ, որ հասարակության գերակշիռ մասը դրանք չի տարբերակում: Դրա համար մենք փորձել ենք ներկայացնել այս ամենը, որ եթե մարդ պատմաբան չլինի, գոնե այս տարբերակով կարողանա ճիշտ եւ հավաստի տեղեկություն ստանալ»,- ասաց Դ. Բաբայանը:
Գրքի էջերում նաեւ կան քարտեզներ՝ նվիրված պատմական Արցախին։ Խոսելով առհասարակ Արցախի պատմական իրողության մասին՝ Դ. Բաբայանը նշեց՝ Արցախը մեծ եւ վճռորոշ դեր է խաղացել Հայոց պատմության եւ դիվանագիտական պատմության մեջ: Ինչ վերաբերում է Արցախի ներկա վիճակին՝ ԱՀ ԱԳ նախարարն ասաց. «Ներկայացված են մի շարք կարեւոր հասկացություններ, որոնք ամենաշատն են շահարկվում հատկապես Ադրբեջանի կողմից: Անընդհատ խոսում ենք Խոջալուի մասին: Պետք է նշեմ, որ Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ: Մեր սահմանները վերածվել են շփման գծի: Աշխատության մեջ կարճ ներկայացված է այն, ինչը պետք է իմանալ, եւ թե ինչպես պետք է պայքարել ադրբեջանական «փաստարկների» դեմ եւ մեր ազգային շահերից ելնելով՝ մեր քաղաքականությունը վարել»:
Գրքի երկրորդ՝ «Ադրբեջան-ղարաբաղյան հակամարտություն. իրավական, քաղաքական եւ մարդասիրական հարթություններ» մասում ներկայացված են նաեւ մարդասիրական ասպեկտներ՝ փախստականներ, գերիներ եւ այլն: Ներկայացված են ադրբեջանական կողմի ուժային փորձերը տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած 1918-ից մինչեւ 2020 թ. վերջին պատերազմը, ահաբեկիչների ներգրավումը, մշակութային ցեղասպանությունը: Երրորդ մասը վերնագրված է «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությունները»։ Այս մասում տեղեկություն է տրվում Արցախի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին։ Կարեւորվում են Արցախի ռազմաքաղաքական ներուժը, միջազգային ճանաչման գործընթացը, խորհրդարանական դիվանագիտությունը եւ այլն։
Գիրքը լույս է տեսել հայերեն՝ բարերարների աջակցությամբ։ Դ. Բաբայանն ասաց. «Այս աշխատությունն ընդհանրական փոքրիկ հանրագիտարան է բոլոր կարեւոր առանցքային գաղափարների եւ հասկացությունների վերաբերյալ: Մենք այժմ սկսել ենք ռուսերեն թարգմանությունը, քանի որ պահանջարկը կա: Ամենայն հավանականությամբ՝ կթարգմանենք նաեւ անգլերեն: Թարգմանության ավարտից հետո նպատակ ունենք տպագրել երկու թարգմանություններն էլ»։ Թարգմանության գործում իր աջակցությունն առաջարկեց Գուրգեն Մելիքյանը։ Դ. Բաբայանի ելույթից հետո լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին բանախոսին։ Նա պատասխանեց դրանց՝ Արցախի հարցում եւ ապագայի վերաբերյալ առավել կարեւորելով հայության միասնությունը։ Վերջում իր մակագրությամբ գրքի օրինակներ նվիրեց ներկաներին։