Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Քաջասիրտ հրամանատարը

Հունիսի 23, 2022
Սոցիում
Քաջասիրտ հրամանատարը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
779
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1992 թ. հունիսի 21-ին ՀՀ նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերը, որի զորամասերը եւ ստորաբաժանումները մասնակցել են Արցախի ինքնապաշտպանական մարտերին եւ ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը։ Արցախյան առաջին ու հաղթանակած գոյամարտը հազարավոր քաջորդիների մաքառումի, հերոսացման, նվիրումի ու հայրենասիրության արդյունք էր։ Պատերազմի մասնակից անմահ հերոսներից էր Ռոբերտ Հայկարամի Գեւորգյանը։

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանից 58 կմ հարավ-արեւմուտք ընկած Քասախ գյուղն ունի 2 միջնակարգ դպրոց, որոնցից առաջինը կոչվում է Ռոբերտ Գեւորգյանի անունով։ Ծնվել է 1958 թ. հունվարի 1-ին: 1975 թ. ավարտելով միջնակարգը` ընդունվում է երեւանի էլեկտրատեխնիկական տեխնիկում, որի երրորդ կուրսից զորակոչվում է խորհրդային բանակ: 1980 թ. մարտի 26-ին ընդունվում է 5407 զինվորական մաս՝ 5-րդ վաշտի հրահանգիչ։ Նույն թվականի ապրիլ-հունիս ամիսներին սովորում է Վրաստանի Սոֆինոյի ենթասպայական դպրոցում եւ ավարտելով՝ ստանում ենթասպայի զինվորական կոչում: 1985 թ. էքստեռն կարգով սովորում եւ ավարտում է Լենինգրադի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը եւ հունիսի 24-ին ստանում լեյտենանտի կոչում։ Վերադառնալով հայրենիք՝ շարունակում է ծառայությունը, 2 ամիս անց արդեն ավագ լեյտենանտ էր։

Շուտով սկսվեց Արցախյան շարժումը, եւ մեր ժողովուրդը կանգնեց նոր մարտահրավերի առջեւ։ Հայրենիքի պաշտպանության, ազատագրման գործը ոտքի հանեց շատերին, այդ թվում նաեւ Ռոբերտ Գեւորգյանին, ով 1990 թ. ապրիլի 2-ին արդեն կապիտանի կոչում ուներ: Այդ ժամանակ ստեղծվում են Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ (ՄՀՆՋ), որի կազմում 2-րդ մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնում 1990 թ. հոկտեմբերի 25-ից ծառայության է անցնում Ռոբերտը, ով 6 օր առաջ պարգեւատրվել էր «Անձնվիրաբար ծառայության համար» շքանշանով: 1990 թ. դեկտեմբերի 7-ին նշանակվում է 2-րդ գումարտակի շտաբի պետի, հետագայում՝ գումարտակի հրամանատարի պաշտոններում: 1990-ից մասնակցել է Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի պաշտպանությանը եւ մարտական գործողություններին: Մարտական ընկերներն այդ ժամանակվա մասին պատմել են, թե ինչպես էր Ռոբերտն իր ենթակայությամբ գործող գումարտակով դարձել թշնամու ահ ու սարսափը։ Արցախյան առաջին գոյամարտում շատ կարեւորություն ունեցավ Մեղրիի շրջանի Նյուվադի-Նռնաձոր գյուղի ազատագրումը թուրքերից, որտեղ այդ ժամանակ մեծ թվով ադրբեջանցի օմօնականներ էին տեղավորվել։ 1990-91 թթ. տարբեր ռազմական ջոկատներ փորձել էին գյուղն ազատագրել, սակայն թշնամին մեծ ուժերով էր պաշտպանվում։ 1991 թ. օգոստոսին կապիտան Ռ. Գեւորգյանն իր գումարտակով կարողացավ ազատագրել Նյուվադին, եւ դա հնարավորություն տվեց մեր երկրի հարավային թեւը՝ Մեղրիի, Կապանի, Գորիսի շրջանների սահմանամերձ բնակավայրերը, պաշտպանել։

1991 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ռ. Գեւորգյանի հրամանատարությամբ գործող ՄՀՆՋ-ականները մասնակցել են Գորիսի շրջանի Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Խոտ, Խնածախ գյուղերի պաշտպանությանը եւ օժանդակել մեր ջոկատներին՝ հակառակորդին մի քանի կիլոմետր հետ շպրտելով հայկական գյուղերի պաշտպանական դիրքերից: 1991 թ. դեկտեմբերին Ռ. Գեւորգյանի գումարտակը գործուղվում է Գորիսի շրջան։ Ինչպես այժմ, այն ժամանակ էլ թշնամին տիրել էր Գորիս-Կապան գլխավոր ճանապարհին, շրջափակման մեջ էին Շուռնուխը, սահմանամերձ այլ բնակավայրեր, կտրված էր կապը Մեղրիի հետ։ Գեւորգյանն իր գումարտակի եւ ֆիդայական ջոկատի հետ մտնում է Շուռնուխ: Գյուղը ազատագրում է եւ խաղաղ բնակչությանը տեղափոխում շրջկենտրոն: 1992 թ. հունվարին գործուղվում է Մեղրու շրջան՝ պարետային ժամ իրականացնելու: 1992 թ. մարտ-ապրիլին նրա գումարտակն արդեն Տավուշի շրջանում էր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի, Արծվաբերդ սահմանամերձ գյուղերի պաշտպանության եւ մարտական գործողություններ կատարելու համար: Իսկ ապրիլ-մայիսին դարձյալ Շուռնուխում էր։ Ռ. Գեւորգյանին մարտական առաջադրանքները ճիշտ եւ արհեստավարժ իրականացնելու համար 05.05.1992 թ. շնորհվում է մայորի զինվորական կոչում: Մայոր Գեւորգյանն իր գումարտակով 1992 թ. հուլիս-օգոստոսին գործուղվել է Կրասնոսելսկի շրջանի՝ շրջկենտրոնից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա եւ թշնամու կողմից ամբողջովին շրջապատված Արծվաշեն գյուղի ազատագրմանը մասնակցելու համար: Իր գումարտակով եւ մի քանի ֆիդայական ջոկատների հետ ճեղքում է թշնամու օղակն ու այնտեղից դուրս բերում խաղաղ բնակչությանը: Այս մարտական գործողության ժամանակ իր գումարտակից ոչ մի զոհ կամ վիրավոր չի լինում: 1992 թ. օգոստոսին գործուղվում է Նոյեմբերյանի շրջան եւ շուտով՝ սեպտեմբերի 1-ին, նշանակվում է ՀՀ նորաստեղծ ներքին զորքերի մոտոհրաձգային գնդի հրամանատար:

1992 թ. հուլիսից մոտ 1 տարի թշնամին 2 կողմից՝ հյուսիսից ու հարավից, ձգտում էր փակել Արցախ-մայր հայրենիք կյանքի ճանապարհը: Այդ ընթացքում բազում զոհերի գնով կարողացանք պաշտպանել ճանապարհը։ 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին հաջողվեց ամբողջովին ազատագրել Լաչինի շրջանի հյուսիսային հատվածը, Քարվաճառը, բայց հարավային կողմում Կուբաթլուի, Զանգելանի ու Ջաբրայիլի շրջանները դեռ թշնամու ձեռքում էին, եւ այս կողմից էր թշնամին փորձում հետ բերել կորցրածը։ Ու տարբեր ջոկատներ էին հսկում հարավային դիրքերում, որոնք ստացել էին «Կոբրա» անվանումը։ Ապրիլ-մայիս ամիսներին այս հատվածը պաշտպանում էին նաեւ Ռ. Գեւորգյանի գնդի մարտիկները։ Այդ ժամանակ նույն դիրքերում պատահաբար հանդիպեցի Ռ. Գեւորգյանին։ 1993 թ. մայիսի 8-ին Լաչին-Բերձորում էի. հերթափոխից իջել էի քաղաքից հարավ ընկած «Կոբրա» կոչվող դիրքերից։ Բերձորում զենքը հանձնեցի հրամանատարին. ցանկանում էի Շուշի գնալ՝ մասնակցելու բերդաքաղաքի ազատագրման առաջին տարվա տոնախմբությանը։ Սպասում էի մեքենայի։ Քիչ հեռու մեր զինվորների մի խումբ էր կանգնած. դիրքեր պետք է բարձրանային տղերքը։ «Արծիվ 19» ջոկատի տղաներն էին՝ հրամանատար Գառնիկ Գառնիկյանի (1994-ին զոհվեց Հորադիզում) հետ։ Ծանոթացանք։ Իմանալով՝ նաեւ լրագրող եմ, հրամանատարն առաջարկեց իրենց հետ դիրքեր բարձրանալ եւ ռեպորտաժ պատրաստել իր ջոկատի մասին։ 2 օր անց դիրքերից իջանք հենակետ՝ Մելիքպեյա-Մելիքահող գյուղ։ Պարզվեց՝ այս հատվածում էր տեղակայված նաեւ ՀՀ ՆԳՆ ռազմական մի գումարտակ՝ ոստիկանության մայոր Ռուբեն Գեւորգյանի հրամանատարությամբ։ Ծանոթացա հրամանատարի հետ, եւ միասին բարձրացանք առաջնագիծ։ «Հակառակորդը տեխնիկայի ու կենդանի ուժի տեղաշարժ է կատարում մեր դիրքերի դիմաց,- ասաց Ռ. Գեւորգյանը,- անընդմեջ համալրում է ստանում: Միաժամանակ մշտապես ռմբակոծում ու գնդակոծում են դիրքերը»: Իրենց հենակայանն էլ շատ հեռու չէ, Սաֆյան կոչվող գյուղում է:

Զրուցում էինք դիրքապահների հետ, եւ քիչ անց թշնամին սկսեց կրակել: Մի քանի ակնթարթ, ու տղերքը դիրքավորվեցին: Պատասխանը լռեցրեց թշնամուն։ «Թշնամին մեր զգոնությունն էր ստուգում,- ասաց հրամանատարը,- առնելով պատասխան՝ սսկվեց»: Այդ օրերին Գեւորգյանի հսկողության տակ գտնվող տեղամասում թշնամու հարձակումը հետ է մղվում բազում անգամ, ու մոտ 200 հոգանոց խմբից ոչ մի զոհ կամ վիրավոր չի լինում: 1993 թ. օգոստոսի 21-ին Ռ. Գեւորգյանին շնորհվում է փոխգնդապետի կոչում: Պատերազմը դեռ շարունակվում էր։ 93-ի աշնանը վերջապես ազատագրվեց ներկայիս Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը՝ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանները, ինչպես նաեւ՝ Ջաբրայիլի մի հատվածը։ 1994 թ. Ռ. Գեւորգյանն իր գումարտակով գործուղվում է Ֆիզուլու շրջան։ Մարտի 5-ին Ֆիզուլիից տուն վերադառնալիս Ռ. Գեւորգյանն իր եւ վիրավորներով լի շտապօգնության մեքենաներով ընկնում է թշնամու ծուղակը: Կրակը վերցնելով իր վրա՝ հրամանատարը շտապօգնության մեքենայի վարորդին հրամայում է հետ գնալ, որպեսզի փրկվեն մեքենայում գտնվող 8 զինակիցները: Անհավասար մարտի բռնվելով թշնամու հետ եւ մարտի դաշտում թողնելով երեսունից ավելի թշնամու դի՝ փոխգնդապետը փրկում է նրանց կյանքը, իսկ իր փամփուշտները վերջանալուց հետո ձեռնամարտի է բռնվում եւ հերոսաբար նահատակվում։

1994 թ. հուլիսի 21-ին հետմահու շնորհվում է գնդապետի զինվորական կոչում: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1645-Ա հրամանով պարգեւատրվել է «Սխրագործության համար» շքանշանով: Հուղարկավորված  է Եռաբլուրում: Քասախի Ռ. Գեւորգյանի անվան դպրոցի բակում նրա դասընկերների կողմից տեղադրվել է հերոսի կիսանդրին, որի մոտ են դպրոցի աշակերտներն անցկացնում արիության դասերը, այլ միջոցառումներ։ Վերջերս հերոսի որդու՝ Անդրանիկ Գեւորգյանի հետ այցելեցինք նրա անվան դպրոց, որտեղ կայացավ արիության դաս։

Թեգեր: Արցախպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ճանաչում էին որպես բժիշկ

Ճանաչում էին որպես բժիշկ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստուածանից վախեցիր եւ Նորա պատուիրանքները պահիր, որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist