Ադրբեջանցի զավթիչների կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների ավերման եւ սրբապղծման խելահեղ ձեռնարկումն իր գագաթնակետին է հասել: Պատմությունը կեղծելով եւ խեղաթյուրելով՝ Ադրբեջանի գիտնականները շարունակում են զեղծարար Զիա Բունիաթովի թշնամական արշավը՝ նպատակ ունենալով իսպառ ջնջել հայկական հետքը: Ասել է թե՝ այդ ամենն իրականացվում է պետական մակարդակով, մանրակրկիտ ծրագրված: Ընդ որում՝ գործընթացն արագացնելու համար բարբարոսներն անարգել հոշոտում են ամեն հայկականը, քրիստոնեականը:
Ազգային հոգեւոր մեր արժեքները յուրացնելու եւս մի միջոց է «բացահայտել» թշնամին՝ իր հայատյաց քաղաքականության հիմքում կիրառելով հայկական վանքերն ու եկեղեցիներն աղվաններին վերագրելու հերթական կեղծիքը: Այդ մասին վերջերս բարձրաձայնեց հարեւան երկրի մշակույթի նախարարը: Ադրբեջանը որոշել է Արցախի բռնագրաված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի բերդաքաղաքում գտնվող Աստծո տաճարները «կասկածի տակ» առնել եւ միջազգային կառույցներից պահանջել «համապատասխան հանձնաժողով» ստեղծել, «քննության» ենթարկել դրանց ծագումնաբանությունն ու պատկանելությունը: Այդ երկրի իշխանությունների «խավիարային դիվանագիտության» մաս կազմող վերոհիշյալ ձեռագիրն անչափ վտանգավոր նոր քայլերի մասին է վկայում՝ մեզ հիշեցնելով Ջուղայի խաչքարերի ոչնչացման ու հայկական հետքի վերացման դասական օրինակներից մեկը:
Այս պայմաններում մեր պարտքն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում կատարվող հրեշավոր հանցագործությունների վրա, բարձրաձայնել դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած եւ թշնամու կողմից յուրացվող մեր վանքերի ու եկեղեցիների մասին: Այս մտահոգություններն են, որ ինձ «ստիպեցին» անդրադառնալու Արցախի հոգեւոր թեմի վերաբացման կապակցությամբ տարիներ առաջ հեղինակածս «Հոգեւոր կյանքի վերածնունդն Արցախում» (2001 թ., Երեւան, «Ամարաս» գրահրատարակչություն, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով) գրքի որոշ հատվածների, որոնք անժխտելի, բացառապես պատմական փաստեր ու իրողություններ են պարունակում: Մեջբերումներ այդ գրքից.
«Շուշիում տարիներ առաջ գործում էին հայկական 7 եկեղեցիներ, կույսերի մեկ վանք եւ մեկ ռուսական եկեղեցի: Ներկայումս քաղաքում գոյություն ունեն միայն երկու եկեղեցիներ՝ Ամենափրկիչն ու Ս. Հովհաննես Մկրտիչը: Մնացած եկեղեցիները ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ավերվել, ոչնչացվել են:
Գրավոր հիշատակությունների համաձայն՝ 1722-ից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տեղում գոյություն է ունեցել մի փոքրիկ բազիլիկ եկեղեցի: Նույն վայրում հետագայում, 1858 թ., Խանդամիրյանց բարերարների կողմից կառուցվել է եռահարկ զանգակատուն: Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը տեւել է 19 տարի՝ 1868-1887 թթ. Ղազանչեցոց միջոցներով: 110 տարի առաջ, 1888 թ. սեպտեմբերի 20-ին եկեղեցին օծվել է առաջին անգամ, տաճարում հայտնաբերված արձանագրությունից պարզվել է, որ եկեղեցու ճարտարապետը Շուշիի քաղաքացի Սիմոն Տեր-Հակոբյանցն է, ով այն տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետն էր: Եկեղեցին գործել է մինչեւ 1930 թ.: Այդ թվականին էլ Արցախի տարածքում փակվեցին բոլոր վանքերն ու եկեղեցիները:
1981 թ. հայ մտավորականների ճնշման արդյունքում թույլատրվում է, որ եկեղեցիներում վերանորոգման աշխատանքներ իրականացվեն՝ (իբրեւ ճարտարապետական կոթող): Յոթ տարի շարունակ տարվող քրտնաջան աշխատանքները դադարեցվեցին 1988 թ., արցախյան շարժման սկզբին: Վերջին հայն արտաքսվեց Շուշիից: Հենց այդ ժամանակ էլ մեծ վնաս հասցվեց եկեղեցուն: Ջարդուփշուր արվեցին զանգակատան առաջին հարկի վերնամասում գտնվող հրեշտակների մարդահասակ չորս արձանները, եկեղեցին վերածվեց զինապահեստի: Ղազանչեցոց եկեղեցում հավաքվել ու պահպանվել են արժեքավոր բազմաթիվ ձեռագիր ու տպագիր մատյաններ՝ 1612, 1658 եւ 1660 թվագրության տարիներով: Բացի մատյաններից, տաճարն ունեցել է նաեւ եկեղեցական թանկագին մասունքներ՝ «սուրբ կենաց փայտը», մի շարք սրբերի մասունքներ, որոնց մեջ Սուրբ Գրիգորիս Աղվանից կաթողիկոսի աջը, Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Մերկերյուսի մասունքները: Ցավոք, շատ կարեւոր ձեռագրեր այրվել են:
Կարկառաբերդի 16-րդ դարի Ավետարանը պահպանվել եւ գտնվում է Երեւանի Մատենադարանում: Շուշին նախկինում կոչվել է նաեւ Կարկառաբերդ (Կարկառ գետի անունով), որն ունեցել է իր մանրանկարչության դպրոցը: Ամենափրկչի վերականգնման համար խոշոր միջոցներ են տրամադրել Անդրեաս Ռուբյանը Նյու Ջերսիից, Կալիֆորնիա նահանգի եւ Մարսելի (Ֆրանսիա) հայերը: Ծնուդով չորս շուշեցիներ նվիրել են 10 հազարական դոլար, ՀՀ նախկին գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանը զանգակատան խաչի բարերարն է: Իսկ բուն զանգակատան բարերարը ծնունդով արցախցի, մոսկվաբնակ խոշոր գործարար եւ լրագրող Լեւոն Հայրապետյանն է: Նա միաժամանակ Գանձասարի վանքի բարերարն է, մի ճյուղով՝ Ջալալյանների հայտնի տոհմից սերված:
Ս. Ղազանչեցոց եկեղեցու տաճարն ու զանգակատունը նորոգվել են բարերարների, ժողովրդի, ինչպես նաեւ Արցախի իշխանությունների օգնությամբ: Մեր ազգային ու ռազմական հաղթանակների գեղեցիկ պսակն է Ամենափրկիչ եկեղեցու զանգերի ղողանջը: Որպես փառաբանում, որպես ուրախության զուլալ արցունք, որպես անմոռաց հիշատակ մեր նախնյաց, որոնք կառուցեցին սքանչելի տաճարը, ու որպես հավերժ հիշատակ եւ հոգիների լուսավորում մեր ազգի զավակաց: Քաջորդիներ, որոնք իրենց կյանքը տվեցին արցախյան գոյամարտի ընթացքում եւ մանավանդ 1991-ին՝ Շուշիի ազատագրման ժամանակ: Իսկ հոգեւոր առումով ամեն մի սրբավայրի ազատագրումն ու նրա վերասրբագործումն աստվածահաճո եւ օրհնաբեր գործ են: Ինչն էլ ունի մեծագույն հոգեւոր արժեք թե՛ տվյալ քաղաքի, թե՛ Արցախի, թե՛ համայն հայության, ողջ քրիստոնյա աշխարհի համար»:
Ինչպես հայտնի է, որպես հայոց արեւելից կողմ, Արցախը ժամանակի ընթացքում (իբրեւ հոգեւոր առանձին միավոր) ընդգրկվել է Աղվանից կաթողիկոսության մեջ: Արցախի տարածքում բազմել են կաթողիկոսները, իսկ Աթոռը տեղափոխվում էր քաղաքից քաղաք: 15-րդ դարի վերջին կաթողիկոսության աթոռանիստը հայտնվեց Ս. Գանձասարի վանքում (երբեմն կոչում էին Գանձասարի կաթողիկոսություն): Իր ժամանակին Արցախը ունեցել է հոգեւոր երեք թեմ: Հետագայում կաթողիկոսությունը, դադարեցնելով իր գործունեությունը, փաստորեն, վերածվեց մետրոպոլիտության: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նախկին մարզն ընդամենն ուներ մեկ թեմ, որի հոգեւոր կենտրոնը Գանձասարն էր, իսկ վարչական կենտրոնը՝ Շուշի քաղաքը: Պատմական փառավոր անցյալ ունեցող թեմը գործունեությունը դադարեցրեց 1930 թ.: Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ շուրջ 6 տասնամյակ լիովին փակվեցին բոլոր եկեղեցական դռները: Ու միայն արցախյան ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ 1989 թ. հոկտեմբերի 1-ին Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի հայրապետական օրհնությամբ հնարավոր եղավ կրկին վերաբացել Արցախի թեմը: Գանձասար վանքի Ս. Հովհաննես տաճարում տեղի ունեցած եկեղեցական արարողությամբ (Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը Սուրբ Վարագա Խաչի տոնի առթիվ պատարագ մատուցեց) լեռնաշխարհում նշանավորվեց հոգեւոր կյանքի վերածնունդը:
Արցախյան շարժման տարիներին Արցախում կառուցվել են ավելի քան երկու տասնյակ նոր եկեղեցիներ, որոնցից երկուսը՝ Սուրբ Հովանի մայր տաճարը եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին մայրաքաղաք Ստեփանակերտում: Վերանորոգվել եւ վերաբացվել են շուրջ 100 եկեղեցիներ: Դժբախտաբար, դրանց մի զգալի մասը թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում է եւ հիմնահատակ ավերվել է բարբարոսների կողմից, պղծվել: Եկեղեցիների ճակատից քերվում, հանվում են հայատառ հին գրությունները, ոչնչացվում գմբեթները, հող է նախապատրաստվում հայկական պատմամշակութային հուշարձանները «սեփականաշնորհելու» համար, իսկ արցախցիների բողոքը՝ ուղղված միջազգային կառույցներին, առայժմ անարձագանք է մնում: