Ե՞րբ է Հայոց երկրում ստեղծվել հայկական բանակ, այս հարցին կարելի է պատասխանել՝ հենվելով քերթողահայր Խորենացու մատյանի փաստերի վրա։ Հայկ Նահապետն արդեն ուներ բանակ, որ կարողացավ հաղթել Բելին։ Իհարկե, շատերը կասեն՝ դա առասպել է։ Ցանկացած առասպել իր մեջ կրում է իրականություն, ազգային էպոսի հիմքում նույն ազգի պատմությունն է։
Նորանկախ Հայաստանի բանակի հիմքը դրվեց դեռեւս 1988-89 թթ., երբ սկսվեցին ձեւավորվել տարբեր ռազմական ջոկատներ, բանակներ, եւ որոնց միավորումով էլ 1992 թ. հունվարի 28-ին կազմավորվեց պետական բանակը։ Հայաստանի առաջին հանրապետության օրոք նույնպես ունեինք բանակ, որը, չնայած բազում խնդիրներին, կարողացավ ապահովել մեր ժողովրդի գոյապայքարը։ Հայ զինվորի, ռազմիկի՝ երկրի պաշտպանի գաղափարական արժեքների եւ հայոց հազարամյա մշակույթի հետ ունեցած սերտ հարաբերություններին է անդրադառնալու «Հայ ռազմիկ» («hayrazmik.com») նորաբաց կայքը, որի շնորհանդեսը կայացավ հունվարի 28-ին Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում»։ Ներկա էին կայքի հիմնադրման աջակիցներ, արվեստասերներ, պատմաբաններ, ուսանողներ։ Կայքի ծրագրի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ողջունեց ներկաներին եւ անդրադարձավ կայք-հարթակի ստեղծման անհրաժեշտությանը, խնդիրներին, էությանը։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտի եւ հետագա տարիների ընթացքում նահատակված ազատամարտիկների ու զինվորների հիշատակը։
«Հայ ռազմիկ» կայքի նպատակն այն է, որ մեր ժողովուրդը ոչ միայն խորությամբ ծանոթանա հազարամյակներ ձգվող իր հարուստ պատմությանը, գրականությանը, վարքականոնին, էպոսին եւ երաժշտությանը, այլեւ կարողանա այդ գիտելիքներն այսօր կիրառել բանակաշինության, պետականաշինության մեջ, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նշելով այս մասին՝ բանախոսը հավելեց. «Մեր պատմության ընթացքում ժողովրդի ստեղծած մեծ, հարուստ մշակույթի չնչին մասին է այսօր ծանոթ հայ մարդը։ Իսկ պատճառները շատ են, սակայն հիմնականը՝ մեր ժողովրդի՝ օտար տիրապետության տակ գտնվելն է եղել։ Որքան էլ հաջողվել է Հայ եկեղեցու, գրականության միջոցով ավանդույթները փոխանցել սերունդներին, այնուամենայնիվ, պետությունն իր կառույցների, լծակների միջոցով չի կարգավորել ու դասակարգել ահռելի գաղափարաբարոյական նյութը: Խնդիրն առկա է նաեւ այսօր։ Մեր սերունդները լավ ծանոթ չեն, թե ինչ ունենք, ինչ է մեր մեջ արդեն իսկ առկա, եւ ինչպես դա կարելի է կիրառել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ սկսած լեզվական քաղաքականությունից, վերջացրած` նույնիսկ տերմինաբանական հարցերով: Կայքը հատկապես ներկայացնելու է արժեհամակարգային խնդիրները»:
Այնուհետեւ էկրանին ցույց տվեց կայքի ենթաբաժինները՝ «Վարքականոն», «Պատմավեպ», «Պոեզիա», «Գեղանկարներ», «Հուշարձաններ», «Էպոս», «Երաժշտություն», «Ռազմական գրականություն», «Գեղանկարչություն», «Բանահյուսություն» եւ այլն։ Հատուկ բաժին է նվիրված Նժդեհին։ Հատկապես կարեւոր է հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը։ Հայ ժողովրդի մի քանի հազարամյա պատմության ընթացքում հայ զինվորն իր հերոսությամբ, նվիրվածությամբ, մարտիրոսությամբ, նահատակությամբ, մաքառումներով դարձել է նաեւ գեղարվեստական տարբեր բնագավառների հերոս։ Մեր պատմիչները, սկսած Փավստոս Բյուզանդից մինչեւ ուշ միջնադար, իրենց մատյաններում անդրադարձել են հայ զորականի կերպարին։ Հատկապես հայ մշակույթի Ոսկեդարի պատմիչ-ներկայացուցիչներ Բյուզանդն ու Եղիշեն, Խորենացին ու Փարպեցին առանձնակի են ներկայացրել ժամանակաշրջանի հայ զորականի կերպարը։ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի հերոսները, որոնք հիմնականում նույն Եղիշեի ու Փարպեցու, Խորենացու հիշատակածներն են, պարզապես իսկական զինվոր-ասպետի կերպարներ են։ Հայ գրականության շատ ներկայացուցիչներ՝ Խ. Աբովյան, Րաֆֆի, Ռափայել Պատկանյան, Լեո, Ծերենց, Ալիշան, Ստ. Զորյան, Հր. Քոչար, Մ. Գալշոյան, Ս. Խանզադյան եւ այլք, նույնպես իրենց ստեղծագործություններում կարեւոր տեղ են տվել զինվորի վարքագծին։ Առանձնակի տեղ ունի հայ զորականը նաեւ պոեզիայում՝ Վարուժան, Տերյան, Չարենց, Իսահակյան… Հայ զորականի կերպարին անդրադարձել են շատ երաժիշտ-երգահաններ, ինչպես հայեր, այնպես էլ՝ օտարազգիներ։
Առավել ցայտուն է երեւում հայ զինվոր-ռազմիկի կերպարը «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսում։ Այստեղ կարեւորվում են երդումն ու անեծքը։ Սանասարն ու Բաղդասարն ստիպված հետ են գնում Մսր, քանի որ երդվել էին հետ վերադառնալ։ Մեծ Մհերն ու կինը մահանում են երդմնազանց լինելու պատճառով։ Դավիթը, լինելով հայ ժողովրդի, հայ զորականի հավաքական կերպար, որպես զորական՝ մարտի է գնում՝ թշնամուն նախապես պատրաստելով իրեն դիմադրելու։ Նա Մսրա Մելիքին հարվածում է միայն երրորդ անգամ՝ առաջին երկուսը բաշխելով Իսմիլ Խաթունին, ով իրեն ինչ-որ ժամանակ մայրություն էր արել, եւ Մելիքի քրոջը։ Նա ասպետորեն է վարվում նաեւ արաբ ծերունու հետ եւ չի սպանում նրան ու զինակիցներին։ Նույն Դավիթը նույնպես մահանում է, քանի որ խախտել էր երդումը եւ չէր ամուսնացել Չմշկիկ Սուլթանի հետ։ Թշնամու կանանց, երեխաների, տարեցների հանդեպ ասպետորեն էր վարվում նաեւ Նժդեհը։
Արցախյան գոյամարտի ընթացքում էլ հայ շատ զինվորականներ Դավթի ու Նժդեհի պես են վարվել թշնամու խաղաղ բնակիչների հետ Խոջալուում, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում, այլ վայրերում։ «Հայկական ազգային հոգեկերտվածքը մեծապես անթափանց կմնա, եթե ուսումնասիրվի առանց դարերով գոյատեւած հայկական զինվորական բարոյաբանությունը հաշվի առնելու»,- իր խոսքում նշեց Ա. Այվազյանը։ Կայքի բաժինների, ձեւավորման վերաբերյալ ներկաների կողմից եղան հարցադրումներ, առաջարկներ։ Միջոցառման ավարտին հնչեցին ռազմահայրենասիրական երգեր եւ բանաստեղծություններ։ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան ուսանողները։ Իր գրած բանաստեղծությունն ընթերցեց Ռուբեն Թարումյանը, որ նաեւ կայքի ձեւավորման պատասխանատուն է։ Երգիչ Արսեն Համբարյանը կարեւորեց կայքի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն իր դրական ազդեցությունը կունենա հայոց բանակում, դպրոցներում։ Այնուհետեւ կատարեց Վարուժանի «Ձոն» բանաստեղծության հիման վրա գրած իր երգը, ինչպես նաեւ՝ «Սարդարապատ» հեղինակային երգը, որը նվիրված է Սարդարապատի հերոսամարտին։