ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղն Արագած լեռան հարավարեւելյան ստորոտին է՝ Գեղարոտ գետի հովտում։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից՝ 14 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 1875 մ։ Գյուղում պահպանվել է 18-րդ դարում կառուցված եկեղեցի: Ինչպես տարածքի շատ բնակավայրերում, այնպես էլ Շենավանում 19-րդ դարի 30-ական թթ. հաստատվել են Պարսկահայքից ու Արեւմտյան Հայաստանից գաղթած մեր հայրենակիցներ։
Այժմ գյուղն ունի մոտ 2000 բնակիչ: 1879 թ. օգոստոսի 29-ին գյուղում, բնակչության հանգանակությամբ, բացվել է եկեղեցական ծխական դպրոցը, որը գործել է նաեւ 20-րդ դարի սկզբներին։ 1920-1927 թթ. գյուղի օդաներում են արդեն շենավանցի դպրոցականները կրթություն ստացել, մինչեւ կառուցվել է դպրոցի շենքը: Առաջին ուսուցիչներն են եղել Հակոբ Շիրինյանը, Հայկ Ֆահրադյանը, ուսուցչուհիներից՝ Քնարիկը, ով այլ բնակավայրից է եկել դասավանդելու: 1930-40-ական թթ. դպրոցը տնօրինել են Գրիգոր Ղազարյանը, Կարապետ Խալաթյանը, Գառնիկ Ավագյանը, Գուրգեն Ղազարյանը, 1951-56-ին՝ Օվսաննա Հարությունյանը, 1956-68 թթ.՝ դարձյալ Գրիգոր Ղազարյանը: 1958-1968 թթ. դպրոցը եղել է ութամյա։ 1955-56 թթ. դպրոցի համար նոր շենք է կառուցվել, իսկ ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1964 թ. նոյեմբերին: 1968-ից գյուղի դպրոցն արդեն միջնակարգ է: 1968-74 թթ. դպրոցի տնօրենն է եղել Լիպարիտ Ստեփանյանը, այնուհետեւ, մինչեւ 1978 թ.՝ Արամայիս Ստեփանյանը: Վարդգես Գրչաղեկյանը կրթօջախը ղեկավարել է 6 տարի, մինչեւ 1984 թ.: 38 տարի՝ 1984-2022 թթ., դպրոցի տնօրենը եղել է Ազատ Ազատյանը: Դպրոցի նոր շենքի բացումը 1964 թ. եղել է տոնական ու մարդաշատ: Մասնակցել են պետական, կուսակցական այրեր, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Նրանց թվում էր ծնունդով շենավանցի առաջին գիտնականը՝ պատմաբան, դոցենտ Վաչագան Սամսոնի Զաքարյանը, ում անունով էլ 1975-ից կոչվում է կրթօջախը, իսկ բակում նրա կիսանդրն է:
2022 թ. դեկտեմբերի 16-ից տնօրեն է ընտրվել նույն դպրոցի նախկին սան Հայկ Յուրիկի Եղիազարյանը: Ծնվել է 1986 թ. Շենավան գյուղում: 1994-2004 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2006-2012 թթ. ուսանել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 2011 թ. տեղափոխվել է Քաշաթաղի շրջան, աշխատանքի անցել Ծաղկաբերդ գյուղի Աշոտ Նավասարդյանի անվ. միջնակարգ դպրոցում՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: 2012 թ. սեպտեմբերի 3-ից նշանակվել է շրջանի հյուսիսային թեւի Բազմատուսի միջնակարգ դպրոցի տնօրեն: 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տարածքի կամավորականների ռազմական ջոկատի կազմում մասնակցել է շրջանի հյուսիսային թեւի եւ այլ վայրերի պաշտպանական մարտերին: Նույն պատերազմի ավարտից հետո, ինչպես բոլորը, տեղահանվել է Քաշաթաղի շրջանից եւ տեղափոխվել ծննդավայր: 2017-2019 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում: Ամուսնացած է. որդին՝ Մոնթեն, ծնվել է Քաշաթաղի շրջանում, 3 ամսական էր, երբ սկսվեց պատերազմը: Դուստրը՝ Շուշին, ծնվել է Շենավանում:
Օրերս հնաբնակ քաշաթաղցի եւ կրթության բնագավառի աշխատակից Արին-Վոլոդյա Գալստյանի հետ այցելեցինք Շենավանի դպրոց, զրուցեցինք ուսուցիչների, աշակերտների հետ: Արդեն Քաշաթաղի շրջանում լավ ճանաչելով Հայկ Եղիազարյանին՝ համոզված ենք, որ հարազատ կրթօջախն էլ լավ կղեկավարի: Առաջինը մտանք երրորդ դասարան, որտեղ սովորում է 14 աշակերտ: Դասվար Վարդ Ղազարյանը սիրով է աշխատում իր սաների հետ. «Շատ լավ երեխաներ են աշակերտներս, բոլորն էլ լավ են սովորում»: Հպարտանում է, որ հրաշալի սերունդ ունենք:
Չորրորդ դասարանում կա 23 աշակերտ: Կարենը լավ ֆուտբոլ է խաղում, նաեւ երաժշտական դպրոց է հաճախում: Արդեն որոշել է՝ դառնալու է ֆուտբոլիստ ու դհոլահար: Այս դասարանի դասվար Սյուզաննա Սահակյանը նույնպես հպարտ է իր սաներով եւ հավատացած, որ հայրենիքի համար լավ զավակներ են մեծանում: 7-րդ դասարանում ռուսաց լեզվի դաս էր: Ուսուցչուհին՝ Ջուլիետա Խալաթյանն ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը եւ 1988-ից աշխատում է այստեղ, գալիս է Ապարան քաղաքից: Տարիների ընթացքում շատերին է ճանապարհել մեծ կյանք: Այժմ էլ սիրով է աշխատում: Այս դասարանում նույնպես ֆուտբոլի խմբի անդամներ կան, եւ նրանցից Դավիթ Գեղամյանը որոշել է բժիշկ դառնալ: Աննա Ազատյանը պարի դասընթացների է գնում եւ ապագան պարզ է իր համար՝ պարուհի: Իսկ համադասարանցի Վահե Հակոբյանը լավ է երգում, հաճախում է երաժշտական դպրոց եւ համոզված ասում է՝ երգիչ է դառնալու: 5-րդ դասարանում «Հայրենագիտություն» առարկայի դաս էր, ուսուցչուհին՝ Նարինե Ավագյանը, ով ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժինը, ասաց, որ այս տարիքից պետք է մեր երեխաները ճանաչեն հայրենիքը եւ սիրեն: Վահե Գրիգորյանին հետաքրքրում է իրավաբանի մասնագիտությունը, փաստաբան պետք է դառնա: Տղաների մեծ մասը հաճախում է ֆուտբոլի մարզումների, եւ այդ մարզաձեւով մոտ 10 հոգի են ցանկանում զբաղվել նաեւ դպրոցն ավարտելուց հետո: Դպրոցի 9-րդ դասարանում սովորում է 19 աշակերտ: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նինա Հովհաննիսյանը գոհ է՝ կան լավ սովորողներ: Լիլիաննա Սարգսյանը ակնաբույժ է դառնալու, հատկապես լավ է սովորում կենսաբանություն եւ քիմիա առարկաները, դժվարանում է մաթեմատիկայից: Լուսիկ Ղազարյանը քանոնահարուհի է, հաճախում է Ապարանի երաժշտական դպրոց, բայց ապագայում իրեն տեսնում է որպես ծրագրավորող: Նույն դասարանից Գոհար Գեւորգյանը նկարում է, իր գործերը կան դպրոցում: Արցախն է նկարել՝ «Մենք ենք, մեր սարերը» եւ այլն: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Իռա Վարդանյանը 6-րդ դասարանում հայոց լեզու է դասավանդում: Աշակերտների հետ նախապատրաստվում էին ցերեկույթի՝ նվիրված արեւմտահայ պոեզիային: Ռուդիկ Սահակյանը, որ ցանկանում է ծրագրավորող դառնալ, անգիր էր սովորում Դուրյանի «Իմ ցավը» հայրենասիրական բանաստեղծությունը: Սոնա Սահակյանը պատմություն առարկան է լավ սովորում, մասնակցել է դպրոցական առարկայական օլիմպիադայի: Նույն դասարանցի Էլենը հոգեբան է դառնալու, լավ է սովորում հատկապես անգլերեն եւ հայոց լեզու առարկաները:
Դպրոցն ունի նաեւ համակարգչային դասասենյակ, որտեղ օպերատոր է աշխատում դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Արմեն Աղաբեկյանը: Դպրոցի գրադարանն ապահովված է դասագրքերով ու գեղարվեստական գրականությամբ: 1-4-րդ դասարանցիների համար գործում է ճաշարան, որտեղ աշխատում են 2 խոհարար՝ Շուշաննա Վարդանյանը եւ Լիաննա Դիլանյանը: Աշխատում են սիրով ու այնպես, որ մեր երեխաները, նաեւ՝ նախադպրոցական խմբակի 16 սաները, առողջ սնունդ ստանան: Նախադպրոցական խմբակը ղեկավարում է Երանուհի Արշակյանը: Փոքրիկները հիմնականում զբաղվում են խաղերով եւ այստեղ են մնում մինչեւ ժամը 18-ը: Ե. Արշակյանը տեղեկացրեց, որ իր սաները նաեւ գրել ու կարդալ են սովորում, սակայն օգտագործում են միայն մատիտ: Դպրոցի տնօրենը ծանոթացրեց նաեւ իր առաջին ուսուցչուհու՝ դպրոցի երկար տարիների դասվար Գրետա Սահակյանի հետ, ով այժմ կերպարվեստ եւ տեխնոլոգիա առարկաներ է դասավանդում տարրական դասարաններում: Միջանցքի հատուկ պահարաններում մարզական եւ մշակութային բնագավառներում դպրոցի սաների նվաճումների մասին պատմող գավաթներ են, մեդալներ, գովասանագրեր, պատվոգրեր: Ցուցադրվող ձեռքի աշխատանքները Գ. Սահակյանի ուսուցմամբ են պատրաստված: Դպրոցի շենքն այժմ կիսաբարեկարգ վիճակում է, եւ ըստ տնօրենի՝ նախատեսված է մոտ ապագայում տեղում նոր շենք կառուցել: Չնայած այս պայմաններին՝ դպրոցի միջանցքի, դասասենյակների պատերին փակցված են աշակերտների աշխատանքները, գերազանցիկների լուսանկարները:
Առանձին անկյուն նվիրված է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, դպրոցի շրջանավարտ Արմեն Կարապետյանին, ով հերոսաբար զոհվել է Ջրականում: Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցի անցած տարվա 16 շրջանավարտներից 6-ը ընդունվել են տնտեսագիտական բնագավառի բուհեր, 3-ը՝ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Կան նաեւ քոլեջներ ընդունվածներ: