Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Ջավախք աշխարհի աննման գեղեցկությունը

Շատ էի ցանկանում լինել Ջավախքում, տեսնել հատկապես Փարվանա լիճը, Թմկաբերդը, Գանձան…

Մայիսի 26, 2022
Սփյուռք
Ջավախք աշխարհի աննման գեղեցկությունը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
715
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 21-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համագործակցությամբ, «Հրայր եւ Աննա Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի եւ բարերար Ռազմիկ Բլիքյանի ֆինանսական աջակցությամբ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանի Օզնի գյուղում բացվեց «ԱրՄաթ» ճարտարագիտական լաբորատորիա։ Այս կարեւոր միջոցառմանը մասնակցելու եւ այն լուսաբանելու նպատակով առաջին անգամ եղա Ջավախքում։ Գեղեցիկ ու արեւոտ օր էր, երբ առավոտյան դուրս եկանք Երեւանից ՋԱՀ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Կարապետյանի, ծրագրերի ղեկավար Էմիլյա Լալազարյանի, Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի, «reArmenia» կազմակերպության ներկայացուցիչ Գեւորգ Պողոսյանի, երգիչ Վելիխան Ավագյանի հետ։ Իր վեհությամբ ու բացառիկ պայծառությամբ մեզ ուղեկցում էր Արարատը, պարզ ու շքեղ էր նաեւ ալմաստ վահան Արագածը։ Գյումրիում մեզ միացան «Ցայգ» հեռուստատեսության լրագրող Տիգրանուհի Կուրղինյանն ու օպերատոր Ռաֆայել Ավետիսյանը։ Անցանք Շիրակի մարզի հյուսիսային հատվածով, որտեղ նույնպես առաջին անգամ էի լինում։ Վերջապես հասանք Բավրա՝ հայ-վրացական պետական սահման։ Որոշակի արարողակարգերից հետո արդեն Վրաստանում էինք՝ Ջավախքում։

Նինոծմինդա-Բոգդանովկա ավանում ճանապարհը բաժանվում է։ Մենք թեքվում ենք աջ, ուղեւորվում դեպի Ծալկայի շրջան։ Հենց առաջին բնակավայրերի որոշ հնամենի տներ գեղեցիկ տպավորություն են թողնում, չնայած որոշները քանդված ու լքված են։ Իսկ ճանապարհաեզրերի սյուներին, ծառերին արագիլների բներ են։ Ջավախք աշխարհի այս հատվածը հարուստ է նաեւ ջրառատ ալպիական մարգագետիններով։ Նեղ ու դանդաղահոս, ոլորապտույտ գետակները հոսում են հարթ մարգագետիններով՝ ինչ-որ հատվածում դառնալով գեղատես լճակ։ Դրանցից են Խանչալի, Սաղամո լճերը, այլ փոքրիկ լճակներ։ Սաղամո (Թեն, Դումա, Դումայի լիճ, Դուման, Թուման, Սաղամո, Սաղամոն, Սաղամոս, Տուման) անուններով է հայտնի այս լիճը Վրաստանի Նինոծմինդայի շրջանի տարածքում։ Ախալքալաքի սարահարթում է, Փարավանա գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը 4.8 ք/կմ է, միջին խորությունը՝ 1.6 մ, առավելագույնը՝ 2.3 մ։ Լճից է սկիզբ առնում Տումի գետակը։ Փոքր ու կանաչապատ կղզյակներ ու թերակղզիներ ունի լճակը։ Սաղամոյի հյուսիսային ափին համանուն գյուղն է, որտեղ պահպանվել են 3 եկեղեցի՝ կիսաքանդ վիճակով։ Քիչ հեռու է Գանձա գյուղը, որտեղ ծնվել է Տերյանը։ Իր տեսքով, հմայքով այլ է Փարվանան՝ Վրաստանում ամենամեծ քաղցրահամ ջրահավաք լիճը, որը 100 եւ ավելի տարի առաջ հմայել էր Ամենայն հայոց բանաստեղծին՝ Թումանյանին, ով էլ 20-րդ դարասկզբին գրեց հայ գրականության լավագույն գեղարվեստական գործերից մեկը՝ «Փարվանան»։

Փարվանան Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում է՝  Վրաստանի Նինոծմինդայի շրջանում՝ Աբուլ Սամսարի լեռնաշղթայի միջեւ, ծովի մակարդակով 2074 մ բարձրության վրա։ Ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբերին, նվազագույնը՝ մայիս-հունիսին։ Տատանման չափը մոտ 0.7 մ է։ Լճի մակերեսը 37.5 ք/կմ է, միջին խորությունը՝ 2.4 մ, առավելագույնը՝ 3.3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբերից մինչեւ ապրիլ, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչեւ 73 սմ-ի։ Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է նրան։ Անցնել այս հրաշագեղ ծովակի մոտով ու չկանգնել ափին, չհմայվել նրա կոհակներով, ջրի ճողփյունով, ճայերի ու արագիլների ճախրանքով, հնարավոր չէր։ Լճի դիմացի ափամերձ լեռները, ինչպես Թումանյանն է կոչել՝ մթին լեռները, պարուրված էին ամպերի քուլաներով, սակայն «պատմում» էին, թե ինչու Թումանյանը հմայվեց նաեւ իրենցով։

Փոքր ու աչքի չընկնող տներով գյուղակ է Փարվանան։ Փորձում եմ գտնել լեգենդի արքայի ամրոցը, բայց, պարզ է՝ Թումանյանը լեգենդներից է ոգեշնչվել։ Միգուցե դիմացի լեռներում կա ամրոց, եւ հնարավոր չէ՝ չլինի, բայց մոտակայքում միայն լճի ափին ինչ-որ պատի հետքեր նկատեցի։ Իսկ հզոր արքայի գեղանի դստեր արցունքներից առաջացած լիճը գերում ու գերում էր։ Եվ 120 տարի առաջ էլ գերել է Թումանյանին, որ գրել է «Փարվանա» բալլադը։ Այն «Լեգենդ» ենթավերնագրով առաջին անգամ 1903 թ. տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1-ին համարի 33-38 էջերում։ Տողատակին եղել է հետեւյալ ծանոթագրությունը. «Փարվանա լիճը գտնվում է Ախալքալաքից 20 վ. հյուսիս-արեւելք։ Փարվանա են կոչվում եւ այն թիթեռները, որ թրթռում են ճրագի շուրջը»։ Փարվանա արքան մի աղջիկ ուներ, չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորհքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»։ Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը. եւ այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու եւ բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։ Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, եւ նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների եւ մինչ օրս հուր եւ կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհուն, բայց անմիջապես մեռնում են։

Շարունակում ենք ճանապարհը եւ հասնում Ծալկայի շրջան։ Լեռնանցքից հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում՝ լեռների թիկունքում, գրեթե փոսի մեջ, Ծալկայի շրջանի հիմնականում հայաբնակ գյուղերն են՝ Ղուշչի, Նարդեւանի, Օզնի, Արծիվանի եւ այլն։ Հեռվում՝ արեւելյան կողմում, արեւի տակ փայլում է մեկ այլ լիճ՝ Ծալկայի ջրամբարը։ Ոլորապտույտ ճանապարհով իջնում ենք ու հասնում Ղուշչի գյուղ, որի տների մեջ նշմարվում են եկեղեցու քարակերտ զանգակատունն ու կարմիր կղմինդրով նորանորոգ կտուրը։ Սուրբ Գեւորգ եկեղեցին է՝ կառուցված 1860-ական թթ.՝ նույն գյուղի բնակիչներ Մահտեսի Հովակիմ եւ Օհան Մեհրաբյանների ծախսերով։ Ղուշչին հայաբնակ գյուղ է Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հարավ-արեւմուտք: Գյուղի երկու եկեղեցիների մասին տեղեկություններ են հաղորդում ինչպես արխիվային վավերագրերը, այնպես էլ ժամանակի մամուլը: 1845 թ. տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի 1 փայտաշեն ծխական եկեղեցի. խոսքը գյուղի ավելի հին Սուրբ Նշանի սրբավայրի մասին է: Վերջապես հասնում ենք Օզնի (Հունիա-Հինիա) գյուղ, որը ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա է՝ Վերին Ծալկայի հարթավայրի արեւմտյան մասում, տարածված սարահարթի արեւելյան լանջի ստորոտում։ 1830 թ. հուլիսին, գալով Էրզրումի վիլայեթի Օձնի կամ Գունիա անուններն ունեցող գյուղից, օզնեցիներն իրենց գյուղատեղի էին ընտրել այժմյան հունական Գունիա-Կալա գյուղը։ Երկու տարի այնտեղ մնալուց հետո Գունիա-Կալայի բնակիչների հետ փոխում են իրենց տեղը եւ 1832 թ. հիմնում ներկայիս Օզնի գյուղը։ Երկար ժամանակ գյուղը տեղացիների շրջանում երկու անվանում ուներ՝ Օզնի եւ Հունիա (Հինիա)։

Օզնիում՝ գյուղի արեւմտյան կողմի լանջին կանգուն է մի փոքրիկ «Այոռ» անունով մատուռ, իսկ գյուղամիջում 19-րդ դարի եկեղեցին է՝ քարաշեն տանիքով ու զանգակատնով։ Գյուղի մուտքի մոտ պահպանվել է ջրաղացը, որն աշխատել է Օզնի գետակի ջրերով։ Ճանապարհի եզրին գյուղի աղբյուրներից մեկն է՝ արձանագրությամբ, որի մի մասը ջնջված է, սակայն 18 թիվը տեղեկացնում է, որ կառուցվել է 1800-ական թթ.։ Մասնակցելով Օզնիում «ԱրՄաթ» լաբորատորիայի բացմանը՝ հիշեցի՝ նման 5 լաբորատորիա էլ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բացեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Նույն ոգեւորությունն էր նաեւ այդ օրերին։ Մշտապես ներկա էր ԱՏՁՄ-ի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ Օզնիում նույն օրը գյուղի դպրոցի 9 շրջանավարտի «Վերջին զանգի» հանդեսն էր։ Ինչ խոսք, մեր հայրենակիցներին իրենց բնակավայրում օժանդակելը հատկապես նման գիտակրթական ծրագրերով շատ կարեւոր է։ Եվ մեր պատանիներն ու երիտասարդներն իրենց գիտելիքները կօգտագործեն հանուն հայրենի Ջավախքի։

ՋԱՀ-ի ներկայացուցիչ Հերմինե Կարապետյանը տեղեկացրեց՝ Օզնիում բացված «ԱրՄաթ»-ը 10-րդն է Ջավախքում, եւ ծրագիրը շարունակական է։ Երեւան վերադարձանք բարձր տրամադրությամբ ու հավատով՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, բարերարները կշարունակեն հայրենանվեր իրենց ծրագրերը։ 

Երեւան-Ջավախք-Երեւան

Թեգեր: Ջավախք
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
…Եվ հավերժ մնաց 18 տարեկան

…Եվ հավերժ մնաց 18 տարեկան

Զինվորը չպետք է իմանա, թե ինչ է ատելությունը

Զինվորը չպետք է իմանա, թե ինչ է ատելությունը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist