«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Իրանի իրանագետների վարչության անդամ Անդրանիկ Սիմոնյանը:
-Պրն Սիմոնյան, խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք հայ-իրանական հարաբերությունների հարուստ պատմությունը համարժե՞ք է արտացոլված կողմերի պետական հարաբերություններում:
-Չէի ասի, թե պետական հարաբերությունները բխում են այդ հարուստ պատմությունից: 2017 թ. իմ հարցազրույցներից մեկում քննադատեցի փաստը, որ Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը հասնում է ընդամենը 198 մլն դոլարի: Հայ-իրանական քաղաքական ու մշակութային հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են, ինչը, ցավոք, չէի ասի տնտեսական, գիտական եւ այլ կապերի մասին: Մյուս խնդիրը, որը, իհարկե, շատ ցավալի է, Իսլամական Հանրապետության դիրքորոշումն է Ադրբեջանի հարցում: Շատերն էին Իրանում պաշտպանում այդ երկրին: Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն այնտեղ համարվում են իրանական մշակույթի տիրույթ կամ, եթե այդպես չասենք, պարզապես ընդհանուր մշակույթի տիրույթ: Մշակութային ֆոնը նույնն է: Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ Արաքսից հյուսիս Ադրբեջան գոյություն չունի: Այն հարավում է եւ Իրանի նահանգներից մեկն է: Իրանի ցանկացած շարժում սկիզբ է առնում Ատրպատականից, որն Իրանի պատիվն է ու հսկայական արժեք է ներկայացնում երկրի համար: Այն խարիսխ է իրանականության համար: Որոշ ուժեր փորձում են այնտեղ խնդիրներ ստեղծել՝ մարտահրավեր նետելով Իրանի տարածքային ամբողջականությանը, առաջացնելով ներքին վտանգ: Սակայն այդ բոլոր փորձերը, վստահ եմ, դատապարտված են ձախողման:
-Ադրբեջան պետությունը 1918 թ. հորինվեց Թուրքիայի կողմից՝ հետագայում Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար: Զարմանալի է որոշ իրանցիների ադրբեջանամետ դիրքորոշումը:
-1992-1993 թթ. իրանցի մի հրամանատար, ինչպես ինքն է խոստովանել, կռվել է հայերի դեմ՝ ադրբեջանցիների կողմից, եւ հայտարարում է, որ Սյունիքը «թուրանական միջանցք» է: Իսկապես, որոշ շրջանակներ սրտանց պաշտպանում էին Ադրբեջանին: Բայց Բաքվում այնպիսի վարչակարգ եկավ իշխանության, որ ոչ թե շիականության կամ իրանականության հետ է խզում հարաբերությունները, այլ անցյալից եկող ցանկացած հարցի հետ: Այո, 1918 թ. միտումնավոր է այդպիսի անվանմամբ պետություն ծնվել: Այս հարցում լրջություն չկա, կա քաղաքական աստառ, որն Իրանում չէր ընկալվում մինչեւ 44-օրյա պատերազմը: Դուք չեք պատկերացնում, թե այդ օրերին ինչպիսի ջանքեր ու էներգիա է խլվել այն մարդկանցից, ովքեր իրանական ազգային շահերի մասին են մտածում, որպեսզի ցույց տան, թե ինչ է կատարվում: Այնտեղ Թուրքիան է, այնտեղ ՆԱՏՕ-ն է… Ո՞վ է թույլ տվել Թուրքիային, որ ՆԱՏՕ-ի ուժերը, զորքերը, զինամթերքը, ռազմական ամենավերջին նվաճումներն օգտագործի Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ: Ինչպե՞ս դու կարող ես օգտագործել այն, ինչը քեզ պահ է տրված, եթե Կենտրոնը քեզ նման իրավունք չի տվել: Այսպիսով՝ կա այսպես կոչված Ադրբեջան, որը դուրս է եկել Հայաստանի դեմ ու 44-օրյա պարտադված պատերազմ վարել ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր բանակն ունեցող երկրի՝ Թուրքիայի դեմ, պատերազմ, որում ներգրավված էին Իսրայելն ու վարձկան-ահաբեկիչները: Իսկ նրանց հարցում Իրանը դիրքորոշում ունի: Այս ուժերը մոտենում էին Իրանի սահմանին ու կանգ առնում, եւ Թեհրանը ոչինչ չէր խոսում, այլ շնորհավորում էր ադրբեջանցիներին: Սա շատ էական ու շատ ցավալի բան է: Այդ օրերին բացատրական հսկայական աշխատանք էր կատարվում Թեհրանում, բայց չէ՞ որ այն շոշափելի չէր, չէ՞ որ ակներեւ չէր: Հետո ակներեւ դարձավ, հետո բոլորը տեսան, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: Սկսեցին խոսել «Զանգեզուրի միջանցքից», որը երբեք չի եղել: Ի՞նչ միջանցք, երբ հայերին պետք է թողնվեին Քարվաճառի ու Բերձորի շրջանները: Դա հետքայլ էր նախնական պայմանավորվածություններից: Խոսքը ճանապարհների ազատականացման, դրանց օգտագործման ազատականացման մասին է: Իհարկե, վերահսկմամբ, ինչը որեւէ միջանցքի գոյություն չի ենթադրում: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանից միջանցք կորզել: Բրիտանացիները, իրենց հերթին, խոստովանել են, որ ուզում են հասնել Կասպից ծովին: Նրանք գործ ունեն եւ Իրանի հյուսիսի, եւ Ռուսաստանի հարավի, եւ Կենտրոնական Ասիայի, եւ Չինաստանի հարավի հետ: Չինաստանի հարավում ժողովուրդներ կան, որոնք բավական խոշոր թիվ են կազմում: Արտաքին ուժերը, հասկանալով, որ տնտեսական մրցակցության մեջ դժվար թե հաղթեն, մեծ ցանկություն ունեն ներքին պատերազմներ թելադրել ու պարտադրել Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին:
-Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի…
-Որովհետեւ այն հարցականի տակ կդնի Հայաստանի անկախությունը, կկտրի Հայաստանը Իրանից, եւ արդեն չար լեզուներն ասում են, թե այն պետք է ընդգրկվի «Միութենական պետության» կազմի մեջ: Ինչո՞ւ: Մի՞թե Հայաստանը չի կարող ոտքի կանգնել: Երկիրը, որ Եռաբլուր ունի, մի՞թե չի կարող ոտքի կանգնել: Փախչող բանակը Եռաբլուր չի ունենում: Փախչող, կռվել չցանկացող, կռվելու թափ չունեցող ժողովուրդը Եռաբլուր չի ունենում: Եռաբլուր ունենում են այն ժողովուրդները, որոնց զավակները մոր կաթի հետ են ստանում հայրենի երկրի միլիմետրն անգամ կյանքի գնով պաշտպանելու գաղափարը: Կա այսպիսի երիտասարդություն ունեցող Հայաստան, եւ կա Իրան, որն արդեն ընկալել է, թե ինչ է կատարվում, թե դավադրությունը որտեղից ուր է հասնում: Երբ հայտարարվեց, որ միջանցք գոյություն չունի, դավադրություններն իրականություն դարձան Ուկրաինայում. պատերազմի մեջ ներքաշեցին Ռուսաստանին՝ հետագայում այլ ուղղություններով նույնպես նրան հարվածներ հասցնելու համար: Ես կարծում եմ, որ հիմա Իրանը, Հայաստանը, նաեւ Ռուսաստանն այնպիսի միջոցներ են որոնում, որ միջանցք չլինի, եւ չխաթարվի Հայաստանի անկախությունը: Երբ թշնամին նստում է Ջերմուկի գլխին ու տապալում առողջարանային քաղաքի կենսագործունեությունը, էական դերակատարություն են ստանում այն մոտեցումները, որոնք ցուցաբերում է Հայաստանի ղեկավարությունը: Ադրբեջանցին այժմ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է, ոչ իր տարածքում: Եվ ոչ թե պետք է նրան այնտեղից հանել, այլ վռնդել, պարզապես դուրս շպրտել: Որովհետեւ խաղաղության ձգտողը սահմանին զորք չի կենտրոնացնում, հարեւանի տարածք չի ներխուժում, պարզապես սահմանային փոքրիկ ստորաբաժանումներ է պահում՝ հնարավոր խնդիրները լուծելու համար:
-Իրանի դիրքորոշման հիմքում, ըստ Ձեզ, ի՞նչն է ընկած:
-Իրանը 2-3 ամիս առաջ զորավարժություններ անցկացրեց, որոնք Իրաքի հետ ութնամյա պատերազմից հետո խոշորագույն զորաշարժերն են: Արդեն վերջին ռազմական մանեւրների ընթացքում Իրանը գետանցում կատարեց: Իսկ դա նշանակում է, որ կարելի է անցել Արաքսը: Իրանն այդ քայլով պարզորոշ հայտարարեց, որ արտաքին ուժերին չի թույլատրի հաստատվել իր մշակութային ընդհանրությունների տարածքներում: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը՝ կրոնապետը, Հայաստանի մասին այսպես ասաց. «Դա հազարամյա բարեկամության ճանապարհ է»: Ոչ թե սահման, այլ ճանապարհ, որն Իրանից Հայաստանի տարածքով հասնում է Սեւ ծովին՝ Վրաստանում: Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար: Եթե Ադրբեջանում նորմալ վերաբերմունք չկա այս ամենի նկատմամբ, նորմալ հարգանք չկա հազարամյա հարաբերությունների նկատմամբ, բնականաբար, առաջանում է թշնամական իրավիճակ:
-Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Իրան, որը տպավորվեց երկու երկրների ղեկավարների հնչեցրած ուղերձներով:
-Այցը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ այդ ժամանակ Երեւանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովն էր ընթանում, որին նաեւ բավական մեծ թվով իրանահայեր էին մասնակցում: Փաշինյանի այցը Թեհրան բաց ուղերձ էր եւ այդ առումով՝ շատ հետաքրքիր: Սոչիի բանակցություններն ավարտելուց անմիջապես հետո՝ դեպի Իրան. այստեղ մի կողմում հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն են, որոնք արդեն ոչ թե սոսկ պետական, այլ նաեւ ժողովուրդների հարաբերություններ են: Ոչ ոք չի կարող դրանք շքեղացնել կամ խամրեցնել: Մյուս կողմում Հայաստանն ու Իրանն են, որոնք նույնպես վաղեմի բարեկամներ են: Բայց Իրանի իշխանությունները հիմա են հասկանում, թե ինչ է տեղի ունենում, եւ Հայաստանի նկատմամբ զարմանալի վերաբերմունք է դրսեւորվում: Այդ վերաբերմունքը, ի դեպ, միշտ էլ եղել է, բայց Իրանը մեծ երկիր է, որտեղ տարբեր թեւեր, տարբեր խավեր, տարբեր խմբեր, գաղափարաբանություններ եւ մոտեցումներ կան: Իրանում իշխում է ազգային գերագույն շահի գաղափարը, որը գերադաս է այլ շահերի նկատմամբ: Իրանական պետականության տեւականությունը հենց դրանով է պայմանավորված: Ես կարծում եմ՝ հայ-իրանական հարաբերությունները հրաշալի հարաբերություններ են, հատկապես այս օրերին, երբ երկու ժողովուրդները գիտակցում են, որ այդ բարեկամության կարիքն ունեն: Եվ դա հանդիպման ընթացքում ցուցադրեցին նաեւ երկու պետությունների ղեկավարները:
Ռազմավարական «Հյուսիս-Հարավ» ճանապարհին մասնակցությունը ենթադրում է լավ ճանապարհներ, որոնցով հնարավոր կլինի բեռնափոխադրումներ իրականացնել: Իրանը՝ դեպի Սեւ ծով, Հայաստանը՝ դեպի Պարսից ծոց ճանապարհի կարիք ունեն: Ես կարծում եմ՝ լավ ապագա է սպասվում մեր տարածաշրջանին, եթե յուրաքանչյուր երկիր բավարարվի իր ունեցածով: Ամենանուրբ խնդիրը, որն այսօր կա, արցախյան հիմնահարցն է: Իրանի դիրքորոշումն այսպիսին է՝ Արցախում ապրում են հայեր, եւ նրանք ունեն իրավունքներ, որոնք պետք է հարգվեն:
-Պատերազմի ընթացքում ադրբեջանական վայրագությունները, ռազմական հանցագործությունները, զինվորների, այդ թվում՝ կանանց նկատմամբ իրականացված բռնությունները վկայում են այդ երկրի ահաբեկչական էության մասին…
-Ադրբեջանն ու նրա ղեկավարությունն իրենց հաղթողի պես չեն պահում: Երբ 1993-1994 թթ. հայերը հաղթանակ էին տոնել, իրենց այդպես չէին պահում: Պատերազմում հաղթողը վեհություն ունի: Եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն հաղթելու կարողություն չունեք: Ժամանակին Հայոց սպարապետ Մուշեղը պատերազմում հաղթեց պարսկական զորքին ու գերի վերցրեց արքայի կանանոցը: Վեհանձն հայն իր իսկ նախաձեռնությամբ անվնաս վերադարձրեց կանանոցը՝ չվերցնելով ոչ մի գանձ: Դրանից հետո պարսից արքան միշտ խմում էր մի բաժակով, որի վրա գրված էր. «Ճերմակաձին թող գինի խմի»: Մուշեղի արարքն ասպետականություն է, իսկ ասպետականությունը հաղթող կողմի առանձնահատկությունն է: Նա, ով ստրկամիտ է, գիտի, որ իր հաղթանակը ժամանակավոր է: Ադրբեջանը գիտի, որ ինքը չի հաղթել: Հաղթել են թուրքերը՝ վարձկան-ահաբեկիչների օգնությամբ, հաղթել են իսրայելցիները: Եթե նրանք ընկալեին, որ իրապես հաղթող են, այսպիսի խնդիրներ չէին ծագի:
-Ցավոք, ժամանակակից աշխարհում ասպետականության մասին խոսք լինել չի կարող: Հանուն անգամ կասկածելի շահերի ոմանք պատրաստ են զոհաբերել իրենց դաշնակիցներին…
-Ես կարծում եմ, որ Իրանի հետ հարաբերությունների այսօրվա մակարդակը պատմական հիմք ունի: Այդ հասունացումը պետք է տեղի ունենար եւ տեղի է ունենում: Երեւանը հնարավորություններ ունի պահպանել ՌԴ-ի, ինչպես նաեւ Իրանի հետ հազարամյա բարեկամությունը: Երկրորդական է, որ Ռուսաստանը մտածում է, թե Իրանը կարող է Հայաստանով եւ Վրաստանով գազ առաքել Եվրոպա: Ռուսաստանը նման մտահոգություններ ընդհանրապես չպետք է ունենա, հատկապես եթե Իրանի հետ ռազմավարական բարեկամ է: Եթե այս մի գործոնը չլինի, Ռուսաստանը երբեք չպետք է հավանություն տա այսպես կոչված «թուրանական միջանցքին»: Եվրոպան այնքան գազի կարիք ունի, որ եթե եւ Իրանը, եւ Կատարը, եւ Ռուսաստանը ամբողջ ծավալով գազ մատակարարեն, միեւնույն է, լիովին չեն կարողանա բավարարել նրա պահանջարկը: Իմ կարծիքով՝ եթե ռազմավարական բարեկամություն կա, մնացյալ խնդիրները պետք է ինքնըստինքյան լուծվեն: Իրանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները պետք է ընկալեն դա: Պետք է նաեւ գիտակցեն, որ Հայաստանի համար սա գազի հարց չէ, այլ կենաց եւ մահու խնդիր: Հայաստանն այսօր, իհարկե, պարտավոր է սեղմել բոլոր բարեկամների մեկնած ձեռքերը: Եվ պարտավոր է շնորհակալ լինել Բարձրյալին, որ ամենաբարդ պահերին անգամ միշտ մի դուռ է բացել հայության համար: Հիմա այդ դռները բազմաթիվ են: Հայաստանի վաղեմի բարեկամները՝ Ռուսաստանը եւ Իրանը, լուրջ դեր ունեն: Իսկ հեռավոր բարեկամները, որոնք մեծ հարգանք ունեն հայկական մշակույթի նկատմամբ, օրինակ՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, պետք է ըմբռնումով մոտենան ՀՀ-ին: Իմ կարծիքով՝ եթե Հայաստանին հաջողվի կապեր պահպանել այս բոլոր երկրների հետ, լավ ապագայի նախադրյալներ կունենա: ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում հայկական մեծ համայնքներ կան, նաեւ՝ Ռուսաստանում ու Իրանում: Վերջին երկուսի հետ հարաբերությունները բարեկամական են: Բոլորը պետք է հասկանան, որ Երեւանը ոչ թե չարչիություն է անում այդ բարեկամության մեջ, այլ դրանք բնական են եւ անկեղծ: Իսկ անկեղծ բարեկամության մեջ տեղ չունեն ժամանակավոր այնպիսի շահերը, որոնք բխում են թուրանական ծրագրերից: Առավել եւս, որ դրանք հեռանկարում ուղղվելու են նույն Ռուսաստանի դեմ: Չմոռանանք, որ Թուրքիայի հավաքագրած վարձկան-ահաբեկիչները 44-օրյա պատերազմի ընթացքում հասան Չեչնիա:
-Դուք խոսեցիք 44-օրյա պատերազմում Իսրայելի մասնակցության մասին: Թել Ավիվը, ըստ էության, լուծեց Ադրբեջանի տարածքում Թեհրանի դեմ դիրքավորվելու իր գերխնդիրը: Իրանն ինչպե՞ս է վերաբերվում այս հարցին:
-Նախ ուզում եմ շեշտել, որ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները դասական առումով վատը չեն: Երբ Կյուրոս թագավորը մտավ Բաբելոն, ազատություն տվեց ստրկացված հրեաներին, եւ դա նշված է Սուրբ գրքում: Սուրբգրքային նշումներով Հակոբի զավակներն իրենց պարտական են համարում Իրանի հանդեպ: Իսկ հիմա հարաբերությունները թշնամական են: 1948 թ. ՄԱԿ-ը որոշում կայացրեց, որ երկու հանրապետություն պետք է ստեղծվի՝ պաղեստինցիների եւ հրեաների: Հրեաները ստեղծեցին իրենցը եւ պաղեստինցիներին վերցրեցին ճնշման տակ: Մինչեւ այսօր էլ ճնշում են: Իրանն ընդհանրապես չի ընդունում Իսրայելի իշխանությունը: Այն արհեստածին իշխանություն է: Եթե ժամանակին հրեաները խոհեմ լինեին ու թույլատրեին, որ երկու պետություններն էլ ստեղծվեն, այսպիսի խնդիր չէր առաջանա: Համենայնդեպս, Իրանը մահմեդական պետություն է եւ այդ հիմքի վրա պաշտպանում է Պաղեստինին, նրա ռազմավարական շահերը եւ շատ ուշադիր հետեւում է իրավիճակին ու դրա շուրջ ընթացող գործընթացներին: Արդյունքում ձեւավորվում է թշնամական վերաբերմունք Իրանի եւ Իսրայելի միջեւ: Իսրայելը հիմա ձգտում է իր ազդեցությունը մեծացնել ինքնավար Քուրդիստանում: Բայց քրդերը, վերջին հաշվով, իրանական ժողովուրդ են: Որտեղ քրդերեն է խոսվում, այնտեղ իրանականություն է քարոզվում: Որտեղ իրանական ժողովուրդներն են, այնտեղ իրանականություն է քարոզվում: Թեհրանը լավատեղյակ է, որ Իսրայելն Ադրբեջանի միջոցով ԱԹՍ-ներով տարբեր կարգի լրտեսական գործողություններ է իրականացնում: Նրանք նպատակ ունեն հարվածել Իրանի ինքնիշխանությանը: Թեհրանն ուշադրություն չի դարձնում հրեաների ու ադրբեջանցիների ցուցադրական սադրանքներին, քանի որ ունի դիրքորոշում եւ հնչեցրել է այն: Իսկ Ադրբեջանը պարզապես հիմար պետք է լինի, որ աչք փակի Իրանի հետ հարաբերությունների վրա եւ փնտրի նրա թշնամությունը: