Վալենսիայում կայացավ ֆրանսահայ բանաստեղծուհի Աննա Մաճկալյանի «Դեժավյու» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ նույն հեղինակի վրձնին պատկանող նկարների ցուցահանդեսը։
Միջոցառումը վարում էր «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով կոտրելով այդ տեսակ ձեռնարկներին վերաբերող ամեն կարգի կարծրատիպ՝ շատ անմիջական ու հետաքրքիր հունով տարավ ամբողջ երեկոն եւ մեր հայրենակիցներին ներկայացրեց փարիզաբնակ հյուրի կյանքն ու ստեղծագործությունը։ Եվ ծանոթության ձեւն ու ընտրած ոճն այնքան հրաշալի էին այս պարագայում, որ, կարծում եմ, անմոռանալի կմնան բոլոր ներկաների համար։ Համենայնդեպս, հաղորդավարի՝ հումորով, հույզերով եւ վերլուծականով հրամցնելու փորձը հաջողությամբ պսակվեց՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտ, որ հոգնածության մասին խոսք անգամ լինել չէր կարող. ժամանակն, իրոք, աննկատ էր անցնում։ Իսկ շնորհանդեսն իսկապես վերածվել էր հայկական մշակույթին ձոնված արարողության, երբ առիթ եղավ նաեւ, որ մեր համայնքի տաղանդավոր անդամները հանդես գան տարբեր գործերի կատարումներով։
Ձայնային հոյակապ տվյալներ ունեցող օպերային երգիչ Էդգար Աբրահամյանը ունկնդիրներին հրամցրեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» եւ «Նոկտյուրնը»՝ արժանանալով հիացական բացականչությունների եւ ծափահարությունների։ Տուրք տալով քաղաքային ռոմանսների լավագույն ավանդույթներին, երիտասարդ Հարություն Հովհաննիսյանը բեմ դուրս եկավ եւ կիթառով անմոռանալի րոպեներ պարգեւեց ներկաներին՝ երգելով Ռուբեն Հախվերդյանի «Գայլը», Ֆորշի «Դու դեռ չգիտես»-ը, «Մարտիկի երգը» (խոսք՝ Գեղամ Սարյանի, երաժշտությունը՝ Աշոտ Սաթյանի)։ Հարությունից կիթառը ստացած մեր մեկ այլ երիտասարդ հայուհի՝ Վիկտորյա Ղազարյանն էլ իսպաներենով գեղեցկացրեց օրը…
«Տանեմ դեպի իմ մանկություն», «Հայ զինվոր», «Իմ Երեւան», «Հայ կինը», «Այբբենարան», «Եկ խոսենք հայերեն»՝ Ա. Մաճկալյանի այս բանաստեղծությունները հրաշալիորեն արտասանեցին կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Սաղաթելյանը եւ սաները՝ Անիտա Գեւորգյանը, Քրիստինա Սարգսյանը, Արտակ Մկրտչյանը եւ Ասիա Թորոսյանը։ Այլ էր, սակայն, մթնոլորտը, երբ հայկական դպրոցի ուսուցչուհի Տաթեւ Սարգսյանն ասմունքեց բանաստեղծուհու «Օջախից հեռու»-ն։ Անհնար էր գտնել դահլիճում գեթ մեկին, ում աչքերից գոնե մեկ արցունք չհոսեր։
Միջոցառման գեղարվեստական մասը լրացրել էին նաեւ աշակերտները. երաժշտական տաղանդով աչքի ընկնող Անժելա Գեւորգյանը ջութակով կատարեց Արամ Խաչատրյանի «Օրորը», Իզաբելլա Մանուկյանը երգեց «Մեր լեզուն», դաշնամուրի վրա իրենց շնորհը ցուցադրեցին Ինեսա Աբովյանն ու Ասյա Թորոսյանը՝ ներկայացնելով «Անդանտինոն» եւ «Սոնատինան»։
Երեկոյի ավարտին ներկաներն օգտվեցին ուտեստներից, որոնք միջոցառման համար հայ կանայք էին պատրաստել։ Այդ առումով տպավորիչ էր հատկապես Մարիաննա Կնյազյանի տորթը, որը գրքի բաց էջ էր հիշեցնում՝ Աննա Մաճկալյանի գրչին պատկանող բանաստեղծական մի քանի տող վրան անուշ կրեմով գրված։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ ծննդավայր Նավառայից արդեն իր հեղինակած գրքի շնորհանդեսի նպատակով այս օրերին Վալենսիա ժամանած մեր ժողովրդի ջերմեռանդ բարեկամ, գրող Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետան, ով խոստովանեց, թե չէր կարող հայկական կենտրոն այցելելու նման հնարավորությունը բաց թողնել։
Իսկ մեր հայրենակիցները, որոնք դեռ երկար չէին կարողանում բաժանվել իրարից, նկատում էին, որ այս կարգի ձեռնարկների կարիք շատ ունեն, եւ բնավ պարտադիր չէ առիթը՝ այն կարող են հենց իրենք ստեղծել։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար