«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի ներքո հյուրընկալել ենք Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։
-Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, Սրբազան հայր։ Այսօր հայությունն ուՀայաստանը կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Որո՞նք կառանձնացնեիք դրանցից։ Որո՞նք են, ըստ Ձեզ, առաջնային լուծման տեսանկյունից։
-Միայն Հայաստանը չէ, համաշխարհային իմաստով բավական վտանգավոր ժամանակաշրջանի մեջ ենք ապրում։ Աղոթում ենք, որ այս ժամանակաշրջանն անցնի, այն շատ վտանգավոր է համաշխարհային իմաստով, եւ, բնականաբար, Հայաստանն էլ վերջին տարիներին իր դժվարություններն ունի։ Հիմնականը քաղաքական դժվարություններն են, Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները, մեր սահմանների ամրապնդումը եւ Արցախի հարցի լուծումը։ Ներկա պայմաններում այդ հարցի լուծման համար դիվանագիտությունն ամենակարեւորն է, եւ Հայաստանի Հանրապետությունն ու արտաքին գործերի նախարարությունը փորձում են ամեն ջանք գործադրել, որպեսզի կարողանան հաղթահարել այս դժվարությունը։ Երկրորդը տնտեսական դժվարություններն են. եթե երկիրը տնտեսապես զորավոր է, կարելի է ճանապարհներ գտնել երկրի մեջ գոյություն ունեցող ներքին հարցերը լուծելու համար։ Այդ իմաստով էլ ՀՀ կառավարությունը փորձում է լուծումներ գտնել, որպեսզի երկիրը նաեւ տնտեսապես հզորանա։
Հայոց պատմության մեջ մենք միշտ ունեցել ենք ելեւէջներ եւ կարողացել ենք հաղթահարել դրանք։ Ամենակարեւորն այն է, որ չհուսահատվենք եւ հավատքով պայքարենք։ Պետք է ապագայի հանդեպ հույսով եւ հավատքով ծրագրեր ունենալ։ Անձնական մոտեցումս այն է, որ երբեմն անցյալի վրա շատ ժամանակ եւ ուժեր ենք վատնում։ Անցյալը կարեւոր է, այն լավ դաս է մեզ համար՝ տեսնելու, թե ինչն է հաջողել կամ ինչը չի հաջողել, հետեւաբար, անցյալին նայելով մենք պետք է ապագան կերտենք։ Իմ փափագն ու աղոթքն այն է, որ մեր ժողովուրդը կարողանա ավելի դեպի ապագան նայել, ծրագրել եւ այդ ծրագրի շուրջ համախմբվել։
-Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլորովին նոր իրողություն է ստեղծվել մեզ համար։ Պատերազմի օրերին ականատես եղանք, թե որքան միակամ, միմյանց օգնող կարող է լինել հայ ժողովուրդը, ինչը, ցավոք, չենք տեսնում հետպատերազմյան շրջանում։ Ի՞նչ է անհրաժեշտ այս ծանր շրջանը հաղթահարելու եւ նորից միասնական դառնալու համար։
-Ընդհանրապես՝ միասնական դառնալու համար նախ պետք է ապագայի համար տեսիլք ստեղծել եւ այդ տեսլականի շուրջ համախմբել Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայերին։ Հաջող ղեկավարները ոչ միայն քաղաքական առումով, այլեւ մյուսները, նրանք են, որոնք կարող են տեսլական ունենալ եւ դրա շուրջ համախմբել։ Այս ժամանակաշրջանում շատ կարեւոր է, որպեսզի սիրենք միմյանց. երբ սերը կա, ամեն ինչ կարելի է սիրով հաղթահարել։ Այդ սիրո մթնոլորտը պետք է ստեղծել։ Բնականաբար, այն, ինչ պատահեց, հոգեբանական իմաստով ցավ պատճառեց մեզ, եւ այդ ցավի հոգեբանական վիճակում մեր մեջ զայրույթ ծնվեց։ Եվ այդ զայրույթի մեջ մենք իրար ենք հարվածում, ինչը մեզանից յուրաքանչյուրի եւ ամբողջ հայության համար վնասակար է։ Զայրույթի հոգեբանությունից պետք է ձերբազատվենք եւ զայրույթի ու ատելության փոխարեն պետք է սեր սերմանենք։ Անձի, անհատի, ժողովրդի համար ատելության զգացումն ամենավատն է։ Երբ ես որեւէ մեկին ատում եմ, ինձ համար է դժվար, մինչդեռ այն մարդը, որին ատում եմ, ոչինչ չի զգա, այսինքն՝ ատելության զգացումն անձի կամ հավաքականության համար ամենավտանգավոր զգացումն է։ Դրանից անհրաժեշտ է ձերբազատվել սիրով, որովհետեւ բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը, բոլորս էլ առանց բացառության ուզում ենք, որ հայրենիքը հզորանա, զարգանա։
Միշտ ասել եմ, որ հայրենիք-արտասահման տարբերություններ կան, սփյուռքի մեջ էլ ամեն մի երկրում գաղթօջախը տարբեր է, օրինակ՝ Նյու Յորքում ապրող հայությունն ամբողջովին տարբեր է Լոս Անջելեսում ապրող հայությունից։ Երբեմն այդ տարբերությունները լավ են, բայց նաեւ մեզ միացնող երեւույթներ կան։ Մեզ միացնողը հայրենիքն է, ամեն հայ սիրում է Հայաստանը, հայրենիքը եւ հպարտ է զգում իր հայրենիքով։ Դրանից բացի, 90 տոկոսը հայ եկեղեցու ավազանի մեջ են մկրտված, այն նույն մյուռոնով են օծված, որով դարեր առաջ Գրիգոր Լուսավորիչը եւ, նրանից սկսած, մեր բոլոր հայրապետներն են օրհնված։ Հետեւաբար մեզ բաժանող ազդակների վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ է կենտրոնանալ այն ազդակների վրա, որոնք մեզ միավորում են։
-Դուք խոսեցիք հայրենիքի մասին։ Այն առավելապես հոգեւոր, զգայական հարթությունո՞ւմ է գտնվում, թե՞ կարելի է նաեւ նյութական դրսեւորումների մեջ տեսնել հայրենիքը։
-Երկուսն էլ։ Երբ Հայաստանն անկախացավ, եւ ես օրհնեցի Հայաստանի դրոշը, որը Միացյալ ազգերի կազմակերպության շենքի առջեւ բարձրացավ մյուս ազգերի դրոշների կողքին, բոլորի համար դա հպարտություն էր, նույնիսկ երրորդ, չորրորդ ամերիկահայ սերնդի համար։ Նշում էին, որ թեեւ ամերիկացի են, բայց նաեւ հայ են։ Հայրենիքը շատ կարեւոր է արտասահմանում ապրող հայության համար։ Հայկական ոգու շարունականության համար հայրենիքի ներկայությունը, հայրենիքի բարգավաճումը նաեւ ապահովումն են արտասահմանում ապրող մեր ժողովրդին։
-Դարերի ընթացքում հայերին միավորել եւ մեր ինքնությունը պահել են հավատքն ու լեզուն։ Բավարա՞ր են, արդյոք, այս երկու հիմնասյուները մեր օրերում՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց պետք է դիմագրավի այսօրվա սերունդը։
-Մենք շատ հարուստ ժառանգություն ունենք, այն հոգեւոր եւ մշակութային ժառանգություն է։ Ընդհանրապես՝ մեր ժողովրդի մեծ մասը ծանոթ չէ մեր հարուստ ժառանգությանը։ Արտասահմանում շատերը Հայոց ցեղասպանության մասին տեղյակ են, եւ ցեղասպանությունը մեր պատմության մասն է, մենք պետք է պայքարենք արդարության համար, բայց, ցեղասպանությունից բացի, ունենք պատմություն, որում կան սքանչելի, օրինակելի անձնավորություններ, դեմքեր։ Օրինակ՝ Գրիգոր Նարեկացու նման անհատը, որին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կաթոլիկ եկեղեցին ընդունեց իբրեւ համաշխարհային վարդապետ։ Այս տարի հիշատակում ենք Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակը, ՅՈւՆԵՍԿՕ-ն արդեն սկսել է հիշատակության հանդիսությունները։ Երբ ուսումնասիրում ենք Ներսես Շնորհալու կյանքն ու գործունեությունը, տեսնում ենք, որ համաշխարհային մասշտաբի անձ է։
Այսպիսի անհատներ ունենք, որոնց մասին հատկապես մեր երիտասարդ սերունդը պետք է իմանա, որպեսզի կարողանա խանդավառվել այսօրվա պայմաններում սեփական կյանքը եւ իբր հայ ձեւավորելու նպատակով։ Հետեւաբար, շատ կարեւոր է մեր թե՛ հոգեւոր, թե՛ մշակութային այդ ժառանգությանը տեղյակ լինելը։ Արտասահմանի պարագայում, իմ անձնական փորձից ելնելով պետք է նշեմ, եկեղեցին է հայությանը հայ պահել, Ամերիկայի մեջ 130 տարիներ առաջ մեծ հայրապետ Մկրտիչ Խրիմյանը մեկ եկեղեցիով թեմ է ստեղծել, այսօր ավելի քան 140 եկեղեցիներ կան։ Օրինակ՝ Նեշվիլ քաղաքում ունենք հայկական եկեղեցի, եկեղեցու կողքին կա հոգեւոր սրահ, դպրոցները, որոնք հայության կենտրոնն են, Հայաստանն է։ Արտասահմանում եկեղեցու դերը ոչ միայն հոգեւորը, այլեւ ազգային ոգին, մշակույթը շարունակական պահելու մեջ է, անշուշտ, համագործակցելով նաեւ մյուս կազմակերպությունների՝ բարեգործական, մշակութային կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների հետ։
-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի կողմից, ցավոք, դեռեւս անիրական է թվում։ Ավելին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են հետեւողականորեն հակահայկական քաղաքականություն իրականացնել, իսկ Ադրբեջանի կողմից շարունակվում են նաեւ ցեղասպանական գործողությունները։ Ի՞նչ անելիքներ ունեն աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի հայությունն այս ուղղությամբ։ Ճանաչումը, որպես երեւույթ, արդյոք, բավարա՞ր է մեզ համար։
-Առաջին հերթին մենք պետք է իմանանք, թե ինչ է մեր ուզածը։ Ցեղասպանության հարցով եթե ամեն մի հայի հարցնենք, թե ինչ կուզենան, տարբեր պատասխաններ կստանանք։ Նախ պետք է հստակ համաձայնություն ունենալ, թե մեր ուզածն ինչ է։ Դրանից հետո, երբ հստակեցնենք, թե ինչ ենք ուզում, պետք է հստակ ռազմավարություն մշակել մեր ուզածն իրականացնելու համար։ Շատ կարեւոր է որեւէ նպատակ իրագործելու համար ռազմավարություն մշակել եւ դրա շուրջ համախմբվել։ Համախմբումը շատ կարեւոր է, առանց հստակ տեսլականի եւ առանց ռազմավարության հնարավոր չէ որեւէ բան իրագործել։ Նույնն էլ՝ ցեղասպանության հարցում։ Այսօր իրականությունն այն է, որ Ադրբեջանը հստակ ռազմավարություն ունի, շատ պրոֆեսիոնալ, հստակ ծրագրված ռազմավարություն եւ հետեւում է դրան։ Շատ կարեւոր է, որ մենք ընդունենք իրականությունը։
-Ինչպիսի՞ն է այսօրվա հայը, ի՞նչ խնդիրներ ունի որպես անհատ եւ ազգ, որպես հավաքականություն։ Եվ որքանո՞վ է փոխվել դարերի ընթացքում։
-Արտասահմանի պարագայում, երբ Հայաստանն անկախացավ, նրանք, ովքեր բացահայտ չէին արտահայտում իրենց հայ լինելը, հիմա առանց ամաչելու նշում են այդ մասին։ Ազատ, անկախ հայրենիքի գոյությունն ուժ տվեց նրանց, մանավանդ երիտասարդ սերնդին։ Երբ նախկինում Միացյալ ազգերի կազմակերպության շենքի առջեւով քայլում էինք եւ տեսնում բոլոր այդ դրոշները, տխրում էինք, որ հայկական դրոշը չկար, թեեւ հայ ժողովուրդը, Սովետական Հայաստանը կային, բայց ազգերի դրոշների մեջ հայի դրոշը չկար, հիմա՝ կա։ Մեր պետականության վերականգնումը՝ որպես դարերի երազանքի իրականացում, շատ բան փոխեց սփյուռքահայության կյանքում, հետեւաբար, այդ կապը՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է շարունակվեն։ Ծանոթ եմ սփյուռքին տարբեր երկրներում, շատ երկրներում, նաեւ Հայաստանում եմ ապրել եւ գործել եւ այն կարծիքին եմ, որ մինչ այսօր ոչ Հայաստանն է լավ ճանաչում սփյուռքը, ոչ էլ սփյուռքը՝ Հայաստանը։ Սփյուռքի մեջ ունենք այնպիսի հաջողված անձեր, որոնք հայտնի են թե հայկական շրջանակներում, թե համաշխարհային առումով։ Չեմ կարծում, որ մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությունն այդ կարող ուժերը կարողացել է օգտագործել ի նպաստ հայրենաշինության, հայրենիքի հզորացման համար ամեն բնագավառում։
-Նման անուններ կարո՞ղ եք նշել։
-Շատ կան, օրինակ՝ Նուբար Աֆեյանը, որին ճանաչում եմ տարիներ շարունակ։ Գեւորգ Հովնանյանը (ամերիկահայ գործարար, շինարար.-խմբ.), Ասո Թավիթյանը (ամերիկահայ բարերար, արվեստի հավաքորդ, «Syncsort»-ի համահիմնադիր.- խմբ.), «Hyatt» հյուրանոցների ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Մարկ Հոպլամազյանը։ Դիվանագիտության մեջ հաջողության հասած անձեր եւ լավ հայեր էլ կան, օրինակ՝ Էդվարդ Ջերեջյանը, ով ԱՄՆ դեսպանն էր Սիրիայի Արաբական Հանրապետությունում 1989-1991 թթ. եւ Իսրայելում՝ 1993-1994 թթ. (աշխատել է ԱՄՆ 8 վարչակազմերի ընթացքում (1962-1994 թթ.)՝ սկսած Ջոն Ֆ. Քենեդիից մինչեւ Քլինթոնի նախագահության ժամանակահատվածում։ Եղել է նախագահի հատուկ օգնական Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք, ԱԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ (1985-1986 թթ.), ինչպես նաեւ պետքարտուղարի օգնական մերձավորարեւելյան հարցերով (1991-1993 թթ.).-խմբ.)։ Հրաշալի մասնագետ եւ հոյակապ հայ էր։ Կարող եմ շատ այլ անուններ էլ ասել։
-Յուրաքանչյուր ազգի, պետության ապագան որոշվում է երիտասարդության որակով։ Այսօր ունե՞նք այնպիսի երիտասարդություն, որպեսզի վստահ լինենք մեր ապագայի համար։
-Առիթներ եմ ունեցել հանդիպելու Հայաստանում երիտասարդների հետ։ Ասո Թավիթյանը, ով վախճանվեց մի քանի տարի առաջ, ամեն տարի շուրջ 20 երիտասարդների էր տանում Ամերիկա եւ Ֆլետչերի դպրոց, որտեղ վեց ամիս շարունակ մասնավոր ծրագրերի էին մասնակցում։ Առիթներ եմ ունեցել ծանոթանալու, խոսելու այդ երիտասարդների հետ, բոլորն էլ այնքա՛ն խորունկ, այնքա՛ն խելացի երիտասարդներ են։ Շատերն այսօր աշխատում են ՀՀ կառավարությունում, կենտրոնական բանկում, արտաքին գործերի նախարարությունում կամ դասախոսում համալսարանում։ Երեք հարյուրից ավելի երիտասարդների հետ առիթ եմ ունեցել հանդիպելու՝ թե՛ այր մարդիկ, թե՛ իգական սեռի ներկայացուցիչներ։ Նշեմ, որ իգական սեռին պատկանողները շատ ավելի խորունկ են իրենց մտածելակերպով, քան թե այր մարդիկ։ Սա իմ տպավորությունն էր։ Հայաստանում կա փայլուն, խորամիտ երիտասարդություն։ Առանց խտրության պետք է օգտագործել լավագույն ուժերը ի նպաստ մեր հայրենիքի։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
Հռոմ-Երեւան