Մայիսի 25-ին հայտնի են դարձել հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) նախագահական 13-րդ ընտրությունների թեկնածուների անունները: Ընդ որում, նրանք ներկայացնում են Իրանի իսլամական համակարգում առկա քաղաքական երեք հոսանքները՝ 5 պահպանողական, 1 չափավորական եւ 1 բարենորոգչական:
Ինչպես նշել ենք, ընտրություններն իրականացնում է ՆԳ նախարարությունը, իսկ վերահսկողությունը՝ պահպանողական կողմնորոշմամբ Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ): Սահմանադրության համաձան՝ դրա մեկնաբանությունը եւս ՍՊԽ-ն լիազորություններից է, որը, մեկնաբանելով 99-րդ հոդվածը, իրեն վերագրել է նաեւ հավանություն տվող վերահսկողության գործառույթ: Իսկ դա նշանակում է, որ ՆԳՆ-ի գրանցած թեկնածուներն այդպիսին կհամարվեն, երբ ՍՊԽ-ից կստանան «անցագիր»: Այս ընտրություններին ՍՊԽ-ը, մեկնաբանելով Սահմանադրության 115-րդ հոդվածը, որը վերաբերում է նախագահի թեկնածուի հատկանիշներին, մշակել եւ հաստատել է օրենք, ինչի լիազորությունը Սահմանադրությամբ չունի, սակայն ՆԳՆ-ից պահանջել է թեկնածուներին գրանցելիս առաջնորդվել դրանով: Ուստի, երկրի նախագահը ՆԳ նախարարությանը հրահանգել է թեկնածուներին գրանցել ըստ Սահմանադրության:
Այսուհանդերձ, ինչպես հայտարարել էր ՍՊԽ-ի խոսնակ Քադխոդային, այդ օրենքի հաստատմամբ զգալիորեն կրճատվել էր գրանցված թեկնածուների թիվը՝ 592 (նախորդին 1636 էր): ՍՊԽ-ի հաստատած օրենքի համաձայն՝ թեկնածուների տարիքը պետք է լինի 40-75, կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճան, զինվորականներն առնվազն պետք է ունենան գեներալ-մայորի աստիճան, կառավարման 4 տարվա փորձ, դատվածություն չունենան: Զինվորականները եւս առաջին անգամ իրավունք էին ստացել որպես թեկնածու մասնակցելու ընտրություններին: Հանգամանք, որը գնահատվել էր որպես քաղաքական նեոպահպանողական հոսանքի ձեւավորում: Որպես թեկնածու գրանցվել էին Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայից մի խումբ անվանի գեներալներ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար, երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը եւ բանակի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ռոստամ Ղասեմին: Բայց փաստորեն բազմաթիվ զինվորականներից եւ ոչ մեկը չի ստացել ՍՊԽ-ի «անցագիր»: Բացի այդ, թվում էր, թե գրանցված 40 կին գործիչներից գոնե մեկն առաջին անգամ նախագահի թեկնածության «անցագիր» կստանա ՍՊԽ-ից: Կանանց եւ ընտանիքի հարցերով երկրի փոխնախագահ Մաասումե Էբթեքարը մայիսի 23-ին իր թվիթերյան էջում գրառել էր, թե նախորդ շաբաթ նամակով դիմել է ՍՊԽ-ի քարտուղարին եւ պահանջել, հաշվի առնելով Սահմանադրությամբ կանանց ընձեռված հնարավորությունները, առնվազն հաստատել մեկ կնոջ համապատասխանությունը, ինչը կնպաստի հասարակական կապիտալի վերականգնմանը: Իսկ մինչ այդ հույս էր հայտնել, թե ՍՊԽ-ն կհաստատի հայտնի կին քաղաքական-հասարակական գործիչ, պահպանողական հայացքներով Զահրա Շոջաիի թեկնածությունը: Սակայն չեն արդարացվել նաեւ Էբթեքարի հույսերը՝ մերժվել են իգական սեռի բոլոր գրանցվածները:
Նշենք, որ Սահմանադրության 115-րդ հոդվածում նշվում է, որ նախագահը պետք է ընտրվի համապատասխան հոգեւորական եւ քաղաքական գործիչներից: Գործչի համար կիրառվել է արաբերեն «ռաջոլ» բառը, որը նշանակում է տղամարդ, սակայն Իրանի քաղաքական գրականության մեջ դա օգտագործվում է որպես գործիչ, երեւելի: Հանգամանք, ինչը նախագահական վերջին 3-4 ընտրություններին պահպանողականների ու բարենորոգչական հոսանքների միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ էր դառնում, քանի որ ՍՊԽ-ն հակված էր այն տղամարդ մեկնաբանելուն եւ դեմ էր կանանց առաջադրմանը: Հետեւաբար, թեեւ բարենորոգչական հակումներով կին քաղաքական գործիչներ առաջադրվում էին, սակայն, նրանց թեկնածությունը քննարկման առարկա չդառնալով, մերժվում էր: 2017 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, հունվարի 14-ին Քադխոդային նշել էր, թե քաղաքական «ռաջոլի» վերաբերյալ ՍՊԽ-ի հետազոտությունների արդյունքում հայտարարվում է, որ կանանց առաջադրումը որեւէ խնդիր չունի, նրանք կարող են առաջադրվել, ինչպես տղամարդիկ:
Անդրադառնալով հաստատված թեկնածուներին, նշենք, որ այն վկայում է դատական իշխանության ղեկավար, բանիմացների վեհաժողովի փոխնախագահ, մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի երկրորդ փոխնախագահ 61-ամյա Սեյյդ Էբրահիմ Ռաիս ալ Սադաթիի՝ Իրանի հաջորդ նախագահ դառնալու մասին: Նա հայտնի է խիստ պահպանողական հայացքներով, ով միաժամանակ ենթադրաբար Ալի Խամենեիից հետո ընտրվելու է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք՝ հեղափոխության առաջնորդ: Էբրահիմ Ռաիսին առաջադրվել է որպես անկախ թեկնածու: Ըստ երեւույթին, մինչեւ ընտրությունները պահպանողական որոշ թեկնածուներ հօգուտ նրա հեռանալու են մրցապայքարից: Նրա քարոզարշավի կարգախոսն ու կառավարության անվանումը լինելու է՝ «Ժողովրդական կառավարություն հանուն հզոր Իրանի»: Վարչակարգի շահերը տարբերակող, վեհաժողովի իսկական անդամ, մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած 56-ամյա պահպանողական Սաաիդ Ջալիլին, ով առաջադրվել է պահպանողականների միասնության խորհրդի կողմից, երկրորդ տեղում է:
Միակ բարենորոգիչ անկախ թեկնածու, Քիշ կղզու ազատ տնտեսական գոտու տնօրինության անդամ եւ «Ասիայի ջրի զարգացում» ինժեներական ընկերության տնօրեն 65-ամյա Մոհսեն Մեհրալիզադեի, ինչպես եւ չափավորական հայացքներով կենտրոնական բանկի 63-ամյա տնօրեն Աբդոլնասեր Հեմաթի ընտրվելու հավանականությունը, թերեւս, աննշան է: Նրանք չեն կարող մրցակցել ոչ միայն Ռաիսիի, այլեւ մյուսների հետ: Այլ կերպ ասած՝ թերեւս, կարելի է շնորհավորել Ռաիսիի հաղթանակը, «ամեն ինչ հաշվարկված» է՝ երկրի ողջ իշխանությունը պահպանողականներին: ՍՊԽ-ի նման ընտրությունը բարենորոգիչներին ու չափավորականներին խիստ զայրացրել է, նույնիսկ ՍՊԽ-ի անդամ Սադեղ Լարիջանիին է հունից հանել: Նախագահ Հասան Ռոհանին, իրավիճակը շտկելու նպատակով, նամակով դիմել է հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեիին, քանի որ միայն նա է ի զորու պետական հրամանով բեկում մտցնելու հաստատվածների թվի փոփոխության մեջ, ինչի հավանականությունն աննշան է: Հանգամանք, ինչը կնպաստի առանց այն էլ ընտրությունների հանդեպ կրավորական դիրք գրաված ընտրողների թվի նվազմանը, մանավանդ որ որոշ խմբերի կողմից հնչում են ընտրությունները բոյկոտելու կոչեր: