Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում օրեցօր ավելի է մեծանում: Եթե մինչ այդ սահմանային միջադեպերը սահմանապահ ուժերի միջեւ ֆիզիկական ուժի գործադրմամբ էին հիմնականում տեղի ունենում, ապա այսօր արդեն ավելի հաճախ են արձանագրվում փոխհրաձգության դեպքերը:
Սա օրինաչափ է, քանի որ բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների միջեւ առանց սահմանների դեմարկացիայի պայմաններում նման միջադեպեր լինելու են: Այստեղ մտահոգիչն այն է, որ մեր դեպքում դրանց քանակը եւ որակն աճում են մեծ արագությամբ: Մյուս կողմից էլ պարզ է, որ սովորաբար, ինչպես փաստում է համաշխարհային պրակտիկան, սահմանազատման գործընթացը տարիներ է տեւում, եթե չասենք՝ տասնամյակներ, հետեւաբար՝ օպերատիվ ձեւով միջանկյալ լուծումներ գտնելն առաջնային է դառնում:
Այսպես՝ հունիսի 10-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակել էին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ գյուղերի հարեւանությամբ: Կրակոցները պարզ լսելի են եղել Կութ եւ Վերին Շորժա գյուղերում ու արոտավայրերում: Այս միջադեպերին սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել տարածաշրջանում ռազմական ներկայություն ունեցող եւ խաղաղապահի առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը: «Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արձանագրված միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը: Եվ մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում լուծել հակասությունները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նա նաեւ խոսել է Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդրի մասին։ Մարիա Զախարովան հայտնել է, որ այն կյանքի կոչելու մեջ շահագրգիռ են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, եւ համապատասխան համաձայնությունները գրանցվել են այդ երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում: Խոսնակը նաեւ նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները վստահվել են երեք պետությունների փոխվարչապետներին՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Սահմանի խնդրին անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ ԱԳ նախարարությունում ունեցած հանդիպման ժամանակ: Վերջինս շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքներն ադրբեջանական զինուժի կողմից լքելու անհրաժեշտության մասին:
Հատկանշական է, որ վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիներին թույլ չեն տվել ՀՀ սահմանների խախտմամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել: Սա փաստում է, որ եթե պաշտոնական Բաքուն շարունակի սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի մոտ, ապա այն ստանալու է համարժեք պատասխան, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի հերթական լարվածության, որի պատասխանատուն միայն Ադրբեջանն է լինելու: Ստեղծված իրավիճակում այդ երկրի նկատմամբ միջազգային զսպող գործուն մեխանիզմների կիրառումն անհրաժեշտություն է դառնում: