Ուղիղ 30 տարի առաջ, սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ խորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի ժողպատգամավորների համատեղ նիստում, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից երկրամասին սպառնացող լայնածավալ պատերազմի վտանգը եւ «Օղակ» ռազմագործողության հետեւանքով ստեղծված ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, մարտահրավերներին դիմակայելու եւ թշնամու դեմ պայքարն արդյունավետ համակարգելու նպատակով որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Հռչակագրի ընդունումը տարիների ընթացքում հաստատեց անկախության ուղին ընտրած Արցախի ժողովրդի կամքն արտահայտող այդ համարձակ քաղաքական որոշման պատմական ու իրավական անհրաժեշտությունը:
Հատկանշական է, որ սկսված պատերազմի, պաշարման եւ շրջափակման, Ադրբեջանի կողմից աննախադեպ ճնշումների պայմաններում անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվեցին նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համահունչ վճիռներ կայացնելու համար: Նպատակ հետապնդելով վերականգնել պատմական արդարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության, ուշագրավ է նաեւ այն, որ հռչակագրում միաժամանակ ընդգծվում է «հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաթարված բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու, միմյանց իրավունքները փոխադարձաբար հարգելու մասին»:
Ցավոք, ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրականացումը ոչ միայն ըմբռնում չգտավ Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ մերժվեց, ու տասնամյակներ շարունակվող ազգային խտրական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին՝ արցախահայության դեմ սանձազերծած առաջին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմներով եւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայով: Մեզ պարտադրված պատերազմներում ունեցանք հազարավոր մարդկային զոհեր ու վիրավորներ, տասնյակ հազարավոր փախստականներ, բռնազավթված հարյուրավոր բնակավայրեր եւ ավերված տնտեսություն: Թշնամու կողմից գերեվարված են մնում պատմական Դիզակն ու Շուշին, որտեղ բարբարոսաբար պղծվում եւ ոչնչացվում են պատմամշակութային հուշարձաններն ու սրբավայրերը, ոչինչ չի խնայվում՝ հայկական հետքը լիովին վերացնելու համար:
Չնայած Արցախի իշխանությունների կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել ժողովրդական շարժումը ճնշելու, մարդու իրավունքներին բռնանալու, Արցախը հայաթափելու դիրքերից, եւ այսօր էլ հարեւան երկրի ղեկավարության քայլերը միանշանակ միտված են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի խաթարմանն ու արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը: Մինչդեռ միջնորդները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, բազմիցս են ընդգծել խնդրի խաղաղ լուծման եւ Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը:
Պատերազմից դուրս եկած վիրավոր երկիրը շարունակում է բուժել իր վերքերը: Դանդաղ, բայց հաստատակամորեն վերացվում են ավերածությունները, վերականգնվում ենթակառուցվածքները, վճռական քայլեր են ձեռնարկվում մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ: Մայրաքաղաք Ստեփանակերտը վերածվել է հսկա շինհարթակի, որտեղ սեփական օջախներից զրկված անձանց համար պետական միջոցներով եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ կառուցվում են բազմահարկ նոր շենքեր: Գյուղերում ազատ մնացած տներն արագ վերանորոգվում, տրամադրվում են փախստականներին, իսկ մի շարք շրջաններում՝ տեղահանված ընտանիքների, նախկին համայնքի ներկայացուցիչների համաձայնությամբ հիմնադրվում են նոր բնակավայրեր:
Մարդիկ փորձում են հաղթահարել դժվարություններն ու հոգեբանական արգելքները, ձերբազատվել նախապաշարումներից, կառուցել ու շենացնել երկիրը, նախնիների հողը, եւ, չնայած ստեղծված բարդ իրադրությանը, ոչ ոք չի մտածում Արցախը լքելու մասին: Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ նրանց առաջնահերթ խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է, ինչի երաշխավորներն են ռուս խաղաղապահներն ու Արցախի պաշտպանական ուժերը: Խոստովանենք, որ սահմանամերձ բնակավայրերում հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով քիչ միջադեպեր չեն գրանցվում, որոնք խաղաղապահների միջնորդությամբ հիմնականում հարթվում են: Սակայն չպետք է մոռանալ այն ճշմարտությունը, որ Արցախում տեւական խաղաղություն եւ կայունություն կարող է հաստատվել միայն հակամարտության վերջնական կարգավորման, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման պարագայում, ինչին ուղղված պետք է լինեն միջազգային կառույցների, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Այդ ակնկալիքներով է փորձում իր ապագան կերտել բազմաչարչար արցախցին՝ ապավինելով երկրում առկա խաղաղապահ ուժերի առաքելությանը: