ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մոտ կես ամիս առաջ կայացավ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանը եւ ՌԴ գիտությունների ակադեմիայի՝ Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Վարդգես Արծրունու անվան Սեւ եւ Կասպից ծովերի տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Անատոլիի Նադեին-Ռաեւսկին:
Նրանք այսօր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի շրջանակներում անդրադառնում են այն իրողություններին, որոնց արդյունքում ի հայտ են եկել վերը նշված փաստաթղթերը, գնահատում են դրանք, կատարում որոշակի եզրակացություններ՝ զուգահեռաբար անդրադառնալով նաեւ Հարավային Կովկասում այսօր ընթացող իրադարձություններին:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն անմիջապես անցավ սահմանների գծման վերաբերյալ պահանջների ներկայացմանը՝ զուգահեռաբար ներխուժելով բուն Հայաստանի Հանրապետության տարածքներ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում եւ փորձելով խաղարկել «Զանգեզուրի միջանցք» հորինված արտահայտությունը՝ ՛խուճապ առաջացնելու եւ հայկական կողմին փաստաթուղթ պարտադրելու համար: Իհարկե, ամենեւին էլ պարտադիր չէր, որ այդ գաղափարն արտահայտեր ադրբեջանական կողմի իրական ձգտումները: Հակառակորդը, համաձայն իր բնույթի, ներկայացնում է մտացածին ինչ-որ պահանջ, որից հրաժարումը կարող է հետագայում փորձել դիտել որպես փոխզիջում: Այս ամենին, գուցե նաեւ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին Ադրբեջանը հավատում էր այն պատճառով, որ համոզված էր, թե Թուրքիան ՌԴ-ի օգնությամբ կկարողանա ազդել Հայաստանի վրա եւ ստիպել՝ հնարավորինս շուտ ստորագրելու համապատասխան փաստաթուղթ: Եթե նման բան տեղի ունենար, «նոր փաստաթուղթը» կհաստատեր նոր իրավիճակի արձանագրումն Ադրբեջանի ու Հայաստանի կողմից եւ կլցներ իրավական այն բոլոր բացերը, որոնք Հայաստանի դեպքում ունեն Ադրբեջանն ու Թուրքիան:
Բայց իրավիճակն աստիճանաբար դուրս է գալիս թուրք-ադրբեջանական վերահսկողությունից ու սկսում նոր տեսք ստանալ: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պահանջում են, որ ղարաբաղյան հարցը լուծվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչն արմատապես փոխում է իրերի դրությունը, քանզի փաստում է, որ Արցախի հարցը լուծված չէ: Նոր փաստաթղթի պարտադրումն արդեն իրատեսական չէ, քանի որ տարածաշրջանում հայտնվել են նոր խաղացողներ՝ ի դեմս Իրանի, Հնդկաստանի, որոնք հստակ ցուցադրում են իրենց դիրքորոշումները, շահերը, իսկ դրանք, բնականաբար, չեն բխում թուրք-ադրբեջանական հետաքրքրություններից, նաեւ պարտադրում են հաշվի նստել իրենց հետ: Միայն այն փաստը, որ Իրանը վերջին շրջանում զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, վկայում է, որ իր «կարմիր գծերը» խախտելու դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենեւին էլ չի պատրաստվում բավարարվել նախազգուշացումներով: Այդ «կարմիր գծերից» մեկը Սյունիքի նկատմամբ հավակնություններն են. կտրելով Իրան-Հայաստան կապը՝ ադրբեջանաթուրքական ուժերը Թեհրանին կզրկեն Հայաստանի միջոցով Արեւմուտքի հետ կապվելու միակ ցամաքային ճանապարհից, ինչն Իրանը չի կարող հանդուրժել:
Մոսկվայի պայմանագիրը, ըստ էության, առ ոչինչ փաստաթուղթ է: Կարսի պայմանագիրը ստեղծվել է նույն Մոսկվայի համաձայնագրի 15-րդ կետի պահանջի համաձայն եւ նույնպես իրավական հիմք չունի, ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Իսկ ո՞րն է իրավական այն փաստաթուղթը, որը գործնականում կարող է եւ պետք է կարգավորի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, եւ որքանո՞վ է հնարավոր վերադարձն այդ փաստաթղթին:
«Այն փաստաթղթերը, որոնք կնքել են Հայաստանի Հանրապետությունն ու Օսմանյան կայսրությունը, ըստ էության, կամ առ ոչինչ են, կամ չեն գործում: Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց այս առումով, իմ կարծիքով, պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է իրավական հիմք տալ այն իրողություններին, որոնք պատմական հիմք ունեն: Ես այդպես եմ կարծում: Ըստ իս՝ մեր մոտեցումներն այդ հարցում ժամանակի հետ պետք է համընթաց լինեն: Այսինքն՝ չպետք է ժամանակից, իրադարձություններից առաջ ընկնել, այլ անհրաժեշտ է շատ ճիշտ հաշվարկել այն պահը, երբ հնարավոր է հարցը բարձրացնել ու ստանալ դրական որոշում: Իսկ դրական լուծումը, իստ իս, Սեւրի պայմանագիրն է: Ուղղակի պետք է կարողանալ շատ ճիշտ հաշվարկել իրադրությունը, քննարկել բարձր մակարդակով՝ վերլուծաբանների, քաղաքագետների, միջազգայնագետների մասնակցությամբ: Շտապել պետք չէ: Նշեմ մի օրինակ. Խորհրդային Հայաստանի վերջին խորհրդարանը, որն ընտրվել էր 1990 թ., հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը քննարկում էր այդ պայմանագրերի հարցը: Միտումն այն էր, որ հանձնաժողովը դրանք չեղյալ հատարարելու վերաբերյալ որոշում պետք է կայացներ: Ես նկատի ունեմ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը: Բայց նման որոշում չկայացվեց: Բանն այն է, որ այդ քայլը կարող էր միանգամից դժվար կառավարելի իրավիճակ ստեղծել: Ուստի, կարծում եմ, մեր քայլերը պետք է շատ լուրջ հաշվարկենք՝ ելնելով աշխարհաքաղաքական փոփոխություններից, բայց ունենանք մի մեծ գաղափար, դեպի որը պետք է գնանք: Իսկ դա Սեւրի պայմանագիրն է»,– նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Գոյություն ունի պետական սահմանի հաստատման երկու տիպ՝ սահմանարկում (դելիմիտացիա) եւ սահմանագծում (դեմարկացիա): Սահմանարկումը կամ դելիմիտացիան սահմանակից երկրների միջեւ գոյություն ունեցող պայմանագրերի հիմքով պետական սահմանի ընդհանուր ուղղության որոշումն է եւ դրա անցկացումը քարտեզի վրա: Սահմանագծումը կամ դեմարկացիան տեղանքում պետական սահմանի անցկացումն է, նրա աշխարհագրական կոորդինատների որոշումը եւ սահմանանշանների միջոցով սահմանագծի նշումը:
Ստացվում է, որ եթե սահմանարկման գործընթացը դուրս գա ադրբեջանական կողմի պատկերացրած վերահսկողությունից, ինչն արդեն, կարելի է ասել, կատարված փաստ է, ապա Ադրբեջանն ու Թուրքիան «հայտնվում են իրենց իսկ փորած փոսում»: Որովհետեւ անհրաժեշտ մակարդակում համապատասխան գործընթացի իրականացումը կփաստի, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն իրականում ապօրինի են, իսկ օրինական վերջին փաստաթուղթը, որը կարող է հիմք լինել սահմանարկման համար, Սեւրի դաշնագիրն է: Ավելին՝ դա միակ փաստաթուղթն է, որը կարգավորում է ժամանակակից Մերձավոր Արեւելքը, նաեւ միակ միջազգային փաստաթուղթն է, որում խոսվում է քրդական հարցի մասին, նաեւ այն փաստաթուղթն է, որը վկայում է հայկական հողերի երկարատեւ բռնակցման մասին: Իսկ ԱՄՆ-ին տրված հայկական մանդատն անժամկետ է, եւ Վաշինգտոնը ցանկացած պահի կարող է հիշել իր պարտականությունների կատարման անհրաժեշտության մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի առիթով, կապված նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների հետ, հայտարարել է, որ նրանք ԽՍՀՄ-ից դուրս պետք է գան այն սահմաններով, որոնցով մտել են: Այս դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները պետք է դիտարկվեն ըստ 1926 թ. քարտեզի: Բայց սա իմիջիայլոց ենք նշում՝ ցույց տալու համար, որ նույնսկ այդ դեպքում Բաքվի դիրքերը չեն ամրանում: Չենք մոռանում, որ իրավական միակ ուղին տանում է դեպի Սեւրի դաշնագիր, Ադրբեջանն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Խորհրդային Ադրբեջանի իրավաժառանգորդը չէ: Իրավական դաշտում լուրջ աշխատանքը եւ ճիշտ պահի ընտրությունը կարող են լինել այն հիմքը, որը հնարավորություն կտա ստիպել Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիային կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:
Վիկտոր Անատոլիի Նադեին-Ռաեւսկին, պատասխանելով «ՀՀ»-ի հարցին, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը Հարավային Կովկասում որքանո՞վ է համապատասխանում ռուս ժողովրդի հետաքրքրություններին, նշեց, որ «դա երկար հարց է, որն ունի երկար պատասխան»:
«Իհարկե, մեզ հետաքրքրում է միայն այնպիսի դիրքորոշումը, որը չի հանգեցնի ռուսական հետաքրքրությունների թուլացմանը նաեւ Հարավային Կովկասում: Դրանից է կախված եւ Հյուսիսային Կովկասը, ընդհանուր առմամբ՝ ողջ տարածաշրջանը: Սիրիայում պայքարում ենք այն բանի համար, որ մեր հետաքրքրությունները, իրոք, պաշտպանված լինեն՝ գրոհայիններին կանգնեցնելու համար այդտեղ, այլ ոչ թե թույլատրել, որ ներթափանցեն Ռուսաստան: Հարավային Կովկասում դա նույնպես դեր է խաղում, որովհետեւ նրանք հայտնվեցին Արցախի տարածքում: Որքան էլ թուրքերը հերքեն դա, ճիշտ է, որ 300 մարդ այնտեղից փախավ առաջին մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ նրանց չվճարվեցին խոստացված գումարները: Բայց դա թուրքական սովորական մոտեցում է: Այդ առումով ամեն բան նորմալ է: Պայմանագրային եւ ռազմական այնպիսի հարաբերությունների կառուցման անհրաժեշտություն կա, որոնք կապահովեն մեր հետաքրքրությունները: Ամենեւին էլ միշտ չէ, որ հաջողությամբ ենք լուծում խնդիրը: Այստեղից էլ՝ պրն Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները: Նշանակում է՝ նրա քաղաքականության ու գործողությունների վրա ազդեցության գործիքակազմը բավարար չէ: Ուրեմն՝ պետք է աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա ոչ հասարակ որոշում է, ոչ հասարակ քայլեր: Գլխավորն ապագայում հնարավորություն չտալն է, որպեսզի կոտորեն արցախահայությանը, եւ պաշտպանվի բուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Հայաստանը պետք է աշխատի: Ռազմական ոլորտում մեր պայմանագրային հարաբերությունները պետք է ամրապնդվեն փոխադարձ պարտավորությունների համակարգի միջոցով: Դա պարտադիր պետք է արտացոլվի եւ կյանքի կոչվի: Որովհետեւ առանց սահմանների հուսալի պաշտպանության, օրինակ, Հայաստանի համար չափազանց դժվար կլինի: Դժվար է մոբիլիզացնել այնպիսի ուժեր, որոնք կպաշտպանեն թշնամական երկու սահման: Շատ դժվար կլինի»,- նշեց նա: