Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը փորձագետների միայն փոքր շրջանակ էր զբաղված Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վերլուծությամբ, ինչը, թերեւս, լուրջ հետեւանքներ ունեցավ մեզ համար: 1992-ից սկիզբ առած իսրայելա-ադրբեջանական փոխհամագործակցությունն ընդգրկում է 4 ոլորտ` էներգետիկ, կրոնական, դիվանագիտական, ռազմական:
Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում առանցքային է էներգետիկ ոլորտը, որն ուղղակիորեն կապված է ռազմականին: Էներգետիկայի տեսանկյունից Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի ածխաջրածնային պաշարների լուրջ պակաս ունեցող Իսրայելի համար: Առանձնահատուկ պետք է նշել, որ Իսրայելն ադրբեջանական նավթ ներկրող երկրների շարքում զիջում է միայն Իտալիային: Երկու պետությունների էներգետիկ համագործակցությունը բեկումնային փուլ մտավ, երբ շահագործվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Բազմակողմ բանակցություններից հետո Երուսաղեմն ստացավ իր համար գոհացուցիչ արդյունք, եւ արդեն մի քանի շաբաթ հետո սկսեց մատակարարվել ադրբեջանական նավթը Ջեյհանից Հայֆա նավահանգստի միջոցով: Այստեղից կարելի է հետեւություն անել, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության խորացման միջոցով հակազդել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կասպյան ավազանում մյուս գերտերություններին, մասնավորապես՝ Իրանին եւ Ռուսաստանին: Դրանով նա ձգտում է ավելացնել սեփական աշխարհաքաղաքական կշիռն ու ազդեցության լծակները միջինասիական եւ մերձավորարեւելյան տարածաշրջաններում: Նավթ` զենքի դիմաց. ահա այս տրամաբանությամբ են շարժվում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները:
Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերություններում կրոնական բաղադրիչը կարեւոր է արաբա-իսրայելական հակամարտության համատեքստում համամուսուլմանական համախմբման ձեւավորմանը խոչընդոտելու, ինչպես նաեւ Միջին Ասիայում Իրանի ազդեցությանը խոչընդոտելու քաղաքականության առումով: Դրա համար Իսրայելը մտադիր է օգտագործել թյուրքալեզու պետություններում Ադրբեջանի եւ Թուրքիայի լծակները: Այս առումով Իսրայելը մշտապես ունեցել է նաեւ արեւմուտքի լիարժեք աջակցությունը: Իսրայելի ներքին անվտանգության ինստիտուտի եւ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ամի Այալոնն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Իսրայելի համար առաջնային է սուննիական կոալիցիայի ստեղծումը, որը լինելու է Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ: Կոալիցիայի գերնպատակն Իրանին դիմակայելն է եւ վերջինիս ազդեցության չեզոքացումը:
Այս մասով կարելի է հանգել այն եզրակացության, որ տարիներ առաջ Իրանին ժամանակավորապես հաջողվեց չեզոքացնել շիա-սուննի հակամարտությունը: Այսօր Իսրայելը կրկին փորձում է շրջափակման մեջ վերցնել Իրանը, ինչի համար տարատեսակ համաձայնագրեր է կնքում Իրանի հարեւան սուննի պետությունների հետ: Այդ նպատակի իրականացման ձգտումն ակնհայտ էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսրայելի նպատակն էր պատերազմի միջոցով մեծացնել իր ազդեցությունն Իրանի սահմանին: Դա էր պատճառը, որ Ադրբեջանը թիրախավորել էր Արցախի հարավային ազատագրված տարածքները, որոնք սահմանակից էին Իրանին:
Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում մշտապես առանցքային նշանակություն են ունեցել դիվանագիտական հարաբերությունները, որոնք եւս մեծամասամբ առնչվում են ռազմական ոլորտին: Այս առումով կարեւորագույն գործոն են ԱՄՆ-ում իսրայելական ազդեցիկ համայնքը եւ լոբբիստական կազմակերպությունները, որոնք գործում են նաեւ ի նպաստ Ադրբեջանի՝ հակակշռելով ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կառույցներին: Հենց Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունների խորացման շնորհիվ հաջողվեց թուլացնել հայ համայնքի ջանքերով ԱՄՆ Կոնգրեսում առաջարկված հակաադրբեջանական բազմաթիվ օրինագծեր: Թերեւս, ամենավառ օրինակներից ԱՄՆ նախագահի կողմից 907-րդ բանաձեւի ամենամյա շրջանցման հնարավորությունն էր հօգուտ Ադրբեջանի: Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիի դեմ գործում է իսրայելա-ադրբեջանական լոբբին:
Իսրայելա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, հատկապես` վերջին շրջանի զարգացումների ուսումնասիրությունը թույլ է տալիս առավել խոր պատկերացում ունենալ տարածաշրջանային իրողությունների մասին: Պատահական չէ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Իսրայելը շարունակում էր զենք մատակարարել Ադրբեջանին` Արցախի դեմ կիրառելու համար: Ընդ որում` Ադրբեջանն Իսրայելից ոչ միայն ռազմամթերքի օժանդակություն էր ստանում, այլ նաեւ «Մոսադի» հետախուզական ծառայությունների աջակցությունը: Բնականաբար, դա առաջնահերթորեն ուղղված էր Իրանի դեմ, եւ դա լավ հասկանում են պաշտոնական Թեհրանում: Ուստի Իրանի կոշտ դիրքորոշումն այս մասով հասկանալի է ու տրամաբանական: