Թուրքիայի համար, ինչպես արդեն նշել է «ՀՀ»-ն, Իսրայելի հետ փոխհարաբերությունների բնականոնացումն ու սերտացումը դարձել են անհրաժեշտություն, մինչդեռ Թել Ավիվի համար, արաբական 4 երկրների հետ փոխառնչությունների կարգավորումից հետո, Անկարան կորցրել է իր նախկին ռազմավարական նշանակությունը։ Ուստի այժմ Իսրայելի արձագանքն Անկարայի մերձեցման բուռն ձգտումներին ակնհայտորեն թույլ է նախկինի համեմատ։ Թեեւ Թուրքիան, հաշվի առնելով Իրան-Իսրայել թշնամական փոխհարաբերությունները, վերջինիս սիրաշահելու նպատակով օգտագործում է Իրանին «զոհաբերելու» հնարքը։
Ահավասիկ, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցին ընդառաջ Թուրքիան հայտարարեց, թե այդ երկրի գաղտնի ծառայությունները (MIT) հայտնաբերել եւ չեզոքացրել են իրանական ցանց, որը նպատակ ուներ, ի պատասխան միջուկային ֆիզիկայի իրանցի հայտնի գիտնական Ֆահրիզադեհի ահաբեկչության, ոչնչացնել իսրայելցի գործարար 75-ամյա Մայիր Գլերին։ Թուրքիան, Էրդողանի խոսքով, պատմական այցից լուրջ ակնկալիքներ ուներ: Իսրայելի գազը Թուրքիայով դեպի Եվրոպա արտահանելու շուրջ պայմանավորվելուց զատ, ինչը տնտեսապես ձեռնտու է նաեւ Իսրայելին, առավելապես հույս էր փայփայում, թե Թել Ավիվը կաջակցի ԱՄՆ-ից եւս 80 «F-16» գնելու հարցում, ինչը, թերեւս, չի իրականացվել, հետեւաբար՝ Անկարան կրկին թիրախավորել է Իրանին։ Երկիր, որին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն 2021 թ. նոյեմբերի 15-ին Թեհրանում, արտասանելով իրանցի հայտնի բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիի «Որտեղ է բարեկամի տունը» ստեղծագործությունը, հայտարարել էր, թե ինքը միշտ էլ որպես բարեկամի տուն է համարել Թեհրանը։ Ընդգծել էր, որ Թուրքիան պատրաստակամ է ոչ միայն երկկողմ փոխհարաբերություններն ընդլայնել, այլեւ համագործակցել տարածաշրջանում՝ Աֆղանստանում, Իրաքում, Եմենում, ինչպես եւ Հարավային Կովկասում առաջարկված 3+3 ձեւաչափով։ Մինչդեռ օրերս թուրք հայտնի ավագ դիվանագետ, Վաշինգտոնում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասան Մուրաթ Մարջանը, Իսրայելի Մուշե Դայանի անվան համալսարանի հետազոտական կենտրոններից մեկի համար գրած հոդվածում, որը հրապարակվել է նշյալ համալսարանի ռազմավարական ուսումնասիությունների պարբերականում, Իրանին սպառնալիք է համարել։ Նա հոդվածում տարածաշրջանի «հզոր տերություններին» համարել է Իսրայելի ու Թուրքիայի անվտանգությանը սպառնացող ընդհանուր վտանգ՝ կարևորելով երկու երկրների համագործակցությունն անվտանգության ու էներգետիկայի ոլորտներում։ Մեկնաբանները շեշտել են, որ Մարջանն, այդպիսով, անուղղակիորեն ակնարկել է Իրանին, ավելին՝ իսրայելական անգլալեզու «www.ynetnews.com» կայքը մի վերլուծականում անդրադարձել է խնդրո առարկա հոդվածին՝ նախ վերնագրելով «Իրանը Թուրքիայի ու Իսրայելի համար սպառնալիք է», ապա փոխել է այն և դարձրել «Թուրք ավագ դիվանագետն ասում է՝ Իսրայելն ու Թուրքիան անվտանգության ընդհանուր սպառնալիքներ ունեն»։
Այս հոդվածը ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ներում լայն արձագանք է ստացել։ Ահավասիկ, թուրքական Մերձավոր Արեւելքի լրատվական (YDH) կայքը հոդվածի մասին տեղեկատվությունը վերնագրել է՝ «Մուրաթ Մարջան. Իրանը սպառնալիք՝ ընդդեմ Իսրայելի ու Թուրքիայի»։ Անշուշտ, հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն երկու տարի է, ինչ ջանքեր է գործադրում, զիջումների գնալով ու նախապայմաններ ընդունելով, փոխհարաբերությունները կարգավորել արաբական աշխարհի երկու հզոր երկրների՝ Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ։ Նշենք նաեւ, որ առերեւույթ Անկարան դեմ չի արտահայտվել Իրան-5+1 համաձայնությանը, ավելին՝ Չավուշօղլուն Թեհրանում հայտարարել էր, թե ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ խիստ դաժան են ու ոչ ճիշտ՝ ընդգծելով, որ Անկարան մշտապես շեշտել է, թե նրանք, ովքեր հեռացել են համաձայնագրից, պետք է վերադառնան։ Սակայն իրականում Թուրքիան այն երկրների թվում է, որոնք լռելյայն են դեմ դրա վերականգնմանը։ Դա են վկայում նաեւ թուրք վերլուծաբանների տեսակետները։ Թուրքական «Մանա ըֆերզ» կայքում հրապարակված «Թուրք-իրանական փոխհարաբերությունները Ռայիսիի նախագահության շրջանում՝ համագործակցությո՞ւն, թե՞ առճակատում» հոդվածի հեղինակը գրել է, որ թեեւ Թուրքիան Իրան-5+1 համաձայնությանը դեմ հանդես չեկող բացառիկ երկրներից է, սակայն դրա վերականգնումը տարածաշրջանում Իրանի էլ ավելի «հանդգնության» պատճառ կդառնա։ Այնուհետեւ շեշտել է, որ եթե Բայդենի կառավարությունը տվյալ հարցի շուրջ Իրանի հետ համաձայնության գա, ապա այդ երկիրը կտնօրինի Թուրքիային սպառնացող գործիքների եւ լուրջ մարտահրավերների առաջ կկանգնեցնի վերջինիս։
Ի վերջո, փաստերը վկայում են, որ Իրան-Թուրքիա փոխառնչությունները, որոնց շահերը հաճախ եղել են հակադիր, մասնավորապես՝ վերջին տասնամյակում, ընթացել են լուրջ ելեւէջներով, լարվածությունները եղել են ավելի ծանրակշիռ։ Այսուհանդերձ, որոշ գործոններ կողմերի միջեւ համագործակցությունն անհրաժեշտ են դարձնում, այդ թվում՝ տնտեսական փոխառնչությունները եւ երկու երկրների աշխարհաքաղաքական դիրքը: Իրանը Թուրքիայի համար տարանցիկ ճանապարհ է դեպի Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս, իսկ Թուրքիան՝ Իրանի համար ցամաքային ճանապարհ դեպի Եվրոպա։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որպես դեպի Եվրոպա վստահելի տարանցիկ ուղի, Իրանը դիտել է Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ մայրուղին, ինչը չափազանց կարեւոր է համարում եւ, ըստ երեւույթին, հանուն դրա ջանք չի խնայելու։ Մանավանդ այն կարգելակի նաեւ կյանքի կոչել Անկարայի համաթյուրքական երազանքների իրականացումը, որը կմեկուսացնի Իրանը, ինչի մասին երազում է Էրդողանը եւ ինչի իրականացումը կապում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ։