Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ խաղաղության հնարավոր բանակցությունների համատեքստում Հայաստանի ներկայացրած 6 եւ Ադրբեջանի 5 սկզբունքների ձեւակերպումների շուրջ կողմերի միջեւ համաձայնություն չի ձեւակերպվել: Հաշվի առնելով այն, որ հայկական կողմը հայտարարել էր ադրբեջանական կողմի ներկայացրած սկզբունքների ընդունելի լինելու մասին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չի համաձայնում փաստաթղթում ընդգրկել Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը:
ԱԺ-ում արված այդ հայտարարությունից պարզվում է, որ պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է դիտարկել երկու պետությունների հարաբերությունների հաստատման սկզբունքային հարցը՝ արցախցիների միջազգային հիմնարար ինքնորոշման իրավունքը կամ ավելի իրավաքաղաքական ձեւակերպմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Առանց հիմնահարցի բուն պատճառի դիտարկման՝ հարաբերություններ հաստատելու գործընթացի քննարկում հնարավոր չէ, դա բոլոր դեպքերում փակուղի տանող ճանապարհ կլինի: Մյուս կողմից էլ նույն Ադրբեջանի առաջնորդն ու իր «եղբայր» Էրդողանը պարբերաբար հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու եւ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օգտին: Բայց եռակողմ բանակցությունների արդյունքների մասին հրապարակվող հայտարարությունների ենթատեքստերում հստակ ընդգծվում է պաշտոնական Բաքվի խոսքի եւ գործի հակասությունը:
Եթե Ալիեւը համառորեն չի ցանկանում դիտարկել Արցախի կարգավիճակի հարցը, բայց անկեղծորեն ձգտում է Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ապա դա հնարավոր կլինի միայն մեկ դեպքում՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման հարցն անջատել երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի օրակարգից՝ պարտավորվելով այն քննարկել գործող միջազգային ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային հարթակում:
Լուծման այդ տարբերակի մասին ԱԺ վերոնշյալ նիստում բարձրաձայնեց նաեւ ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ այն դիտարկվում է հնարավոր սցենարներից մեկը երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթացը փակուղի չտանելու համար, առավել եւս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման բանակցային գործընթացը դե-ֆակտո ընթանում է հենց Մինսկի խմբի ձեւաչափում, բայց առայժմ համանախագահների՝ միմյանցից առանձին գործողություններով: Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան այդ գործընթացներում ընդգրկված է իր ներկայացուցչի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ակտիվ գործում, իսկ ՌԴ-ն՝ երկրների ղեկավարների ձեւաչափով հաճախակի դարձած հանդիպումների եւ ԱԳ նախարարությունների խողովակների միջոցով:
Ուկրաինական հակամարտության ֆոնին օրինաչափորեն նրանց միջեւ կարող են ուրվագծվել հակասության տարրեր, բայց բոլոր երեք երկրների նպատակը նույնն է՝ արցախյան հիմնահարցի երկարաժամկետ կարգավորում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Այդ հակադրության մասին էր օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան տեսնում է, որ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով փորձում է միջամտել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ համաձայնագրերի գործընթացին: Նա նաեւ հույս էր հայտնել, որ Բրյուսելը ցանկության դեպքում կօգնի դրանք իրականացնել, այլ ոչ թե՝ աշխարհաքաղաքական խաղեր տալ, եւ հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության եւ բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։ «Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով»,-հայտարարել էր Զախարովան:
Վերոշարադրյալից կարելի է անել մեկ հետեւություն՝ չնայած առկա տարաձայնություններին, աշխարհաքաղաքական երեք կենտրոնները՝ ՌԴ-ն, Եվրոպան եւ ԱՄՆ-ն, հայտարարում են նույն բանը՝ հիմնահարցի համապարփակ եւ երկարաժամկետ լուծման անհրաժեշտությունը, իսկ դա հնարավոր է միայն Արցախի կարգավիճակի խնդրի լուծման դեպքում: Այլ կերպ ասած՝ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները հայտնում են մի բան, որին փորձում է հակադրվել Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ՝ իր ավագ եղբոր հորդորով: Սակայն տարածաշրջանում կարգավորման գործընթացը շարունակելու համար առնվազն պետք է այդ հիմնարար խնդրի քննարկումն առանձնացնել այլ ձեւաչափում: