Թուրքական Իզմիր քաղաքում սկսվել է «Efes-2022» զորավարժությունների վերջին փուլը, որը կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 9-ը: Լայնամասշտաբ վարժանքները սկսվել են մայիսի 8-ին, դրանցում ներգրավված են Ադրբեջանի առանձին համակցված բանակի եւ ռազմածովային ուժերի զինծառայողները:
«ProNews» հունական լրատվական գործակալությունն անդրադարձել է իր երկրի սահմանների մոտ անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին եւ տեղեկացրել, որ դրանք ընթանալու են ծովից հակառակորդի թիկունք ներթափանցելու սկզբունքով՝ «մաքրելով» առափնյա գիծը եւ ոչնչացնելով պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտները։
Զորավարժությունների սցենարով՝ թուրքական եւ ադրբեջանական հատուկ ջոկատայինները նմանակելու են Էգեյան ծովի հունական կղզիներ օդից դեսանտի իջեցումը եւ ներթափանցումը պայմանական թշնամու թիկունք: Հունական պարբերականը հայտնում է, որ իր երկրի օդային սահմանների մոտ արդեն նկատել է Ադրբեջանի տարբերանշանով «Բայրաքթարի» թռիչքը:
Զորավարժությունների հիմնական նպատակն է հունա-թուրքական հնարավոր զինված հակամարտության դեպքում ադրբեջանական եւ թուրքական հատուկ ջոկատայինների համատեղ գործողությունների ապահովումը։ Հիշեցնենք, որ մինչ այդ նույն սցենարով վարժանքներ էին անցկացրել նաեւ Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ ջոկատայինները։
«Թուրքիան Ադրբեջանին ծանոթացնում է Էգեյան ծովի շրջակա միջավայրի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն իր պարտքը մարի Թուրքիայի առաջ Արցախում տարած հաղթանակի համար: Առանց «Բայրաքթարների» կիրառման այդ պատերազմը կավարտվեր ադրբեջանցիների պարտությամբ»,- գրում է հունական պարբերականը: Հոդվածագիրը նաեւ հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Բաքվում անցկացված «Տեխնոֆեստ» ռազմական փառատոնի ժամանակ Էրդողանը կրկին uադրիչ հայտարարություններ էր հնչեցրել ոչ միայն Հայաստանի, այլեւ Հունաստանի հասցեին:
Թուրքիան Ադրբեջանի եւ Պակիստանի հետ համատեղ զորավարժություններով պատասխանում է Հունաստանի, Եգիպտոսի, Իտալիայի, ԱՄԷ-ի եւ Կիպրոսի պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժություններին, ինչպես նաեւ հայ-հունական հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներին:
Վերոշարադրյալից մեկ եզրակացություն կարելի է անել՝ աշխարհն աստիճանաբար սկսում է տեսնել եւ բարձրաձայնել Արցախի ժողովրդի դեմ 2020 թ. սանձազերծած ագրեսիայի իրական հեղինակների եւ դրա ծավալապաշտական բնույթի մասին: Այստեղ խնդիրն այն է, որ եվրոպական երկրներն արցախյան վերջին հակամարտության մասին սկսում են խոսել միայն այն ժամանակ, երբ նույն սցենարով առարկայական վտանգներ են տեսնում նաեւ իրենց համար: Հայաստանը եւ Արցախը մշտապես հայտարարել են, որ միջազգային հանրության կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային համարժեք գնահատական չտալու դեպքում այդ «ուղտը» չոքելու էր նաեւ տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների դարպասների առաջ:
Իսկ Բաքուն վճարել ու կշարունակի վճարել Թուրքիային 44-օրյա պատերազմի ելքն ապահովելու դիմաց: Ադրբեջանը դա անում է իր միջազգային սուբյեկտայնության, բանակի կորստով, տնտեսության հիմնական ճյուղերը հանձնելով: