Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանի հրավերով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 4-ին մեկօրյա այցով Թեհրանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆի հետ։
ԱԳ նախարարները, ըստ իրանական ԶԼՄ-ների, քննարկել են փոխհարաբերություններում երկուստեք կարեւորվող տարբեր հարցեր։ Այնուհետեւ նրանք մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի, որի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում առաջացած փոխադարձ թյուրիմացությունների սահուն վերացման առնչությամբ։ Ապա շեշտել է, որ այժմ երկու «եղբայրական» երկրների փոխհարաբերություններում նոր փուլ է սկսվել, ինչը վերջին 10 ամսվա ընթացքում նախագահներ Ռայիսիի ու Ալիեւի կրկինակի հանդիպման, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ընթացքում բազմաթիվ հարցերի շուրջ քննարկումների արդյունք է, որոնց ընթացքում համագործակցության բազում համաձայնություններ են ստորագրվել։ Ամիրաբդոլահիանը նշել է, որ Իրանը խիստ կարեւորում է երկու երկրների փոխառնչությունների խորացումը, որոնք հիմնված են փոխըմբռնման, փոխադարձ շահերի ու փոխվստահության վրա։ Ինչ վերաբերում է փոխվստահությանը, ապա հարկ է նշել, որ որքան էլ միմյանց «եղբայր» կոչեն ու այդ մասին հայտարարեն, միեւնույն է, դրանից կողմերի միջեւ փոխադարձ անվստահությունը բնավ չի նվազի, քանի որ Ադրբեջանի գոյացումը հակաիրանական նպատակ է հետապնդում, ուստիեւ «թյուրիմացությունները» Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների մշտական ուղեկիցն են լինելու։ Հանգամանք, ինչով էլ պայմանավորված են այդ երկրների փոխառնչություններում առկա լուրջ ելեւէջները։ Մյուս կողմից՝ դրանք ունեն նաեւ ընդհանուր շահեր, հանուն որոնց ձգտում են վերահսկել դրանցում առաջացող սրացումները։
Ակնհայտ է, որ արցախյան խնդիրը եւս կողմերի քննարկման առանցքային հարցերից է եղել։ Այդ մասին մամուլի ասուլիսում Ամիրաբդոլահիանը հայտնել է, որ քննարկումներում շեշտը դրվել է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման, կողմերի տարածքային ամբողջականության եւ միջազգային ընդունված իրավական սկզբունքների վրա։ Նա հավելել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ հարցում մնացյալ խնդիրները բանակցություններով լուծելու՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելով։ Ըստ ամենայնի՝ Ամիրաբդոլահիանի այս առաջարկը պայմանավորված է ՀՀ խորհրդարանի խոսնակի՝ Իրանում արած հայտարարությամբ, որտեղ նա Թեհրանին առաջարկել էր աջակցել խաղաղության հաստատմանը։ Այս առնչությամբ Բայրամովի պատասխանից կարելի է ենթադրել, որ հարցը լուծված է, եւ Բաքուն աջակցության անհրաժեշտություն չի տեսնում։ Նա, ընդգծելով, որ Թեհրան-Բաքու փոխհարաբերությունները խարսխված են պատմական, մշակութային ընդհանրությունների, եղբայրության ու հարեւանության վրա, հավելել է, թե 44-օրյա պատերազմով Ադրբեջանը վերջ է դրել «իր» տարածքների 30-ամյա բռնազավթմանը՝ իբր, միջազգային օրենքների եւ պատմական արդարության վերականգնման շրջանակներում։ Ինչպես ասում են, մարդիկ շատ են խոսում այն բանի մասին, ինչը չունեն, եւ ահա, թեւավոր խոսք դարձած՝ «կոկակոլայի» «պատմության» չափ պատմություն ունեցողը խոսում է պատմական ընդհանրություններից ու արդարությունից։ Բայրամովը շեշտել է, թե հետպատերազմյան շրջանում Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկություն է ներկայացրել, եւ այդ շրջանակներում քայլեր են կատարվում՝ հավելելով, որ սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ եւս առաջարկություն են ներկայացրել, այլ խոսքով՝ իրենք իրենց հարցերը լուծել են, եւ աջակցության կարիք չկա։
Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ Բաքվի առաջնահերթությունը «ազատագրված» տարածքների կառուցապատումն է, որպեսզի փախստականները վերադառնան։ Այդ առումով տարածաշրջանի երկրների եւ, մասնավորապես, կարեւոր հարեւան Իրանի հետ համագործակցությունն է անհրաժեշտ, որի ընկերություններին է հանձնարարված մի դպրոցի ու հիվանդանոցի կառուցումը։ Բացի այդ, նախատեսվում է Թեհրանի հետ համագործակցություն՝ տնտեսական ազատ գոտիներում ու արդյունաբերական ավաններում։ Բանակցությունների օրակարգում է եղել նաեւ Ալիեւի թեհրանյան այցը։ Բայրամովն իրանական կողմին է փոխանցել այդ առնչությամբ Ալիեւի պատրաստակամության երկտողը, ինչի ժամկետների շուրջ համաձայնության են եկել։ Նշենք, որ ինչպես Ամիրաբդոլահիանը հայտարարել է, Ռայիսին ու Ալիեւը անցյալ 10 ամիսների ընթացքում Աշգաբադում հանդիպել են երկու անգամ ՝ 2021 թ. նոյեմբերի 28-ին Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) եւ ընթացիկ տարվա հունիսի 29-ին՝ մերձկասպյան երկրների գագաթնաժողովների ժամանակ։ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիայում իր պաշտոնակցի հետ համաձայնության են եկել Թեհրանում ԱԳ նախարարների եռակողմ՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հանդիպման վերաբերյալ, իսկ Բայրամովի հետ հստակեցրել են ժամկետը։ Ամիրաբդոլահիանն անդրադարձել է նաեւ 3+3 ձեւաչափին՝ նշելով, որ այդ ձեւաչափով քննարկումներ են տեղի ունենում փորձագետների մակարդակով, որոնց հաջորդելու է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի եւ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կամ Իրանի որեւէ այլ քաղաքում։ Նշենք, որ իրականում Վրաստանն ի սկզբանե այս ձեւաչափին հակված չի եղել, անգամ 2020 թ., երբ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հիշյալ տարբերակը քննարկելու նպատակով շրջայց կատարեց նշյալ երկրներում։ Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը վերջինս կարեւորել էր Պարսից ծոց-Սեւ ծով ճանապարհը, ինչը ենթադրվում էր, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով։
Թեեւ Թեհրան-Բաքու փոխհարաբերությունները «եղբայրական» են, իսկ Թբիլիսին սերտ բարեկամական կապեր ունի Բաքվի հետ, սակայն, ըստ ամենայնի, երկուսի համար էլ գերադասելի է Հայաստանի տարբերակը, որը, թերեւս, այլընտրանքային կլիներ։ Մինչդեռ Բայրամովը համատեղ մամուլի ասուլիսում շեշտել է, թե Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի հարցը, որն անցնելու է Ադրբեջանով, Ամիրաբդոլահիան-Բայրամով քննարկումներում խիստ կարեւորվել է, մեծ նշանակություն է տրվել Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի դերակատարությանը, այլ կերպ ասած՝ կրկին Բաքվի օրակարգում Հայաստանը շրջանցելու հարցն է։ Բայրամովը, խոսելով երկու երկրների փոխհարաբերությունների մասին, նշել է, թե նախագահների մակարդակով քաղաքական կամք կա՝ դրանք էլ ավելի զարգացնելու եւ ընդլայնելու, ապա հավելել, որ Թեհրան-Բաքու տնտեսական կապերը 2021 թ. 30, իսկ 2022 թ. առաջին 5 ամիսներին՝ 18 տոկոս աճ են գրանցել։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են Խոդաֆերինի ու Գիզգալասի ջրամբարների շուտափույթ գործարկման, Բաքվում ավտոպահեստամասերի ու տրակտորների արտադրության գործարանի կառուցման, էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցեր։