Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղիղ կապ ստեղծելու թեման շարունակում է քննարկումների առիթ դառնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Քննարկումների մեխանիզմի ստեղծման կապակցությամբ արտահայտելով իրենց կարծիքները, «դրական միտումների» հետ մեկտեղ քաղաքական գործիչներն ու դիվանագետները հատուկ պարզաբանումների խնդիր են տեսնում, լուրջ մտահոգություններ արտահայտում Ադրբեջանից հնչող նոր սպառնալիքների վերաբերյալ:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի համոզմամբ՝ արցախահայության շահերի հաշվին որեւէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի: «2022 թ. ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանը հայտարարություն էր տարածել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշաձող չի կարող իջեցվել: Վերահաստատում եմ արված հայտարարությունը: Արցախի նախագահը եւս այդ մասին խոսել է: Վերջերս ես նաեւ Արցախում ընդդիմության հանրահավաքին եմ մասնակցել: Ոչ թե որեւէ անձ, այլ քաղաքական որեւէ ուժ չի կարող Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել: Մենք անկեղծ, ազնիվ ենք ժողովրդի հետ՝ փաստաթուղթ չկա այս պահին, որ ներկայացնենք»:
Երեկ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանի, Թաթուլ Մանասերյանի եւ Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կազմակերպված «Արցախյան հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության մասին» քննարկումների ժամանակ վերստին ընդգծել է, որ «Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է. Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Արցախահայության շահերի հաշվին որեւէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի: «Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը եւ սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Քննարկման մոդերատոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության առանցքում ողջ հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական հայեցակարգի ձեւակերպումն է՝ հանուն հայկական պետականության պահպանման եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման:
ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը դրական համարելով Արցախի սուբյեկտայնության փաստի արձանագրումը ԱՄՆ դեպարտամենտի կողմից, միեւնույն ժամանակ ցանկանում է պարզել, թե ինչ ձեւաչափով պետք է ընթանա այդ երկխոսությունը: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը սկզբունքային հարց է, եւ Արցախի իշխանությունների համար այն գերխնդիր է մնում: Վերջին տարիներին արված բոլոր հայտարարություններում այս ձեւակերպումն է արձանագրվում: Հետեւաբար, ըստ Դ. Բաբայանի, հենց Մինսկի խմբի ձեւաչափում է ամրագրված Արցախի՝ հակամարտության ու բանակցությունների կողմ լինելու հանգամանքը: «Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստակամ է եղել բանակցություններ վարել Բաքվի հետ,- նշում է նախարարը:- Միեւնույն ժամանակ, մենք բազմիցս ենք ընդգծել, որ Ադրբեջանի կողմից այդ բանակցությունները չպիտի տարվեն ստորադասված, ինչ-որ «թվացյալ կազմավորման» պարագայում»:
Ավելի քան 20 տարի շարունակ այցելելով տարածաշրջան, Մինսկի խմբի համանախագահները երբեք չեն շրջանցել Ստեփանակերտը ու միշտ հանդիպումներ են ունեցել Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ցավոք, վերջին այցելությունը եղել է մինչեւ 44-օրյա պատերազմի սանձազերծումը: Դ. Բաբայանը կարծում է, որ «Հայաստանը լիազորված է Արցախի շահերը ներկայացնել այնքան, որքան որ վերականգնված չէ բանակցությունների լիարժեք ձեւաչափը՝ Մինսկի խմբի շրջանակներում»:
Այսօր անգամ ուրվագծված չեն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ կապեր հաստատելու մեխանիզմները: Իսկ ի պատասխան արցախյան կողմի «լավատեսական» կանխատեսումների՝ Ադրբեջանի նախագահն Ակնայում կայացած Ադրբեջանի քաղաքաշինական համաժողովում հայտարարել է, թե «Բաքուն մտադիր չէ միջազգային որեւէ կենտրոնի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը»: Ավելին՝ նա Արցախում ապրող հայերին համարել է Ադրբեջանի քաղաքացիներ: Մինչդեռ, «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, ով երեկ հանդիպել է Շառլ Ազնավուրի կենտրոնի տարածքում հավաքված մի խումբ քաղաքացիների հետ, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի վերջին զարգացումներին առնչվող հարցերին եւ մասնավորապես՝ Ի Ալիեւի հայտարարությանը, շեշտել է, թե «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ Ադրբեջանի մաս չի կարող կազմել»: