Հայաստանը միայն նոյեմբերի 26-ին է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվին ներկայացրած իր առաջարկների պատասխանը: Դրանք ադրբեջանական կողմին տրամադրվել էին նոյեմբերի 7-ին` Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Պատասխանը ստացվեց այն ներկայացնելուց 20 օր անց, այն դեպքում, երբ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի արագացման մասին պարբերաբար հայտարարություններ են հնչում հենց Բաքվից:
Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանը Երեւանին պատասխանեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը Ալիեւի հետ քննարկել էր Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ստացված պատասխանի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է. «Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ եւ նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են»:
Ադրբեջանն ակնհայտորեն դանդաղեցնում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացը, ինչը պատճառ է դառնում միջնորդ կենտրոններից վերջինիս հետ շփումների ինտենսիվացման: Օրերս էլ Ադրբեջան կատարած այցից հետո իր դիտարկումներով էր կիսվել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իր թվիթերյան գրառման մեջ նա նշել էր. «Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջվում են զսպվածություն եւ ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու եւ համապարփակ կարգավորման հասնելու համար»:
Եվրոպացի պաշտոնյան մարտահրավերներ է արձանագրել Ալիեւի հետ հանդիպումից հետո: Դժվար չէ պատկերացնելը, թե Բաքվի առաջնորդն ինչ լույսի ներքո է ներկայացրել տարածաշրջանային գործընթացները, բայց ԵՄ ներկայացուցիչն իր գրառման մեջ զսպվածության կոչ է անում, ինչը միանշանակ ուղղված է ադրբեջանական կողմին, որի առաջնորդն օրեցօր մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, դրան զուգահեռ` հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացմամբ ավելի շիկացնում Արցախի հետ շփման գծի եւ Հայաստանի սահմանի իրավիճակը: Ադրբեջանը նման ձեւով փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա՝ չմտածելով, որ նման գործողությունները կարող են միայն խանգարել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Մյուս կողմից էլ` այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ինչ-որ արտաքին ազդակների կամ զարգացումների է սպասում:
ՀՀ արտաքին գործերի նախարարը հարցազրույցում արձանագրեց, որ քննարկումները շարունակվում են: Սա նշանակում է, որ բանակցություններում ակնկալվող արդյունքներ ունենալու համար ընդամենը անհրաժեշտ է, որ պաշտոնական Բաքուն գա կառուցողականության դաշտ, հրաժարվի բանակցությունները ձգձգելու եւ այլ իրողությունների ու արտաքին ազդակների սպասելու քաղաքականությունից:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սուբյեկտները միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, օբյեկտն էլ պարզ է, եւ դրանց դրական ելքը կարող են ապահովել միայն երկու կենտրոնից՝ Երեւանից ու Բաքվից: