Հայ ժողովուրդը եւ աշխարհի քաղաքակիրթ հասարակությունն այս օրերին միջազգային կառույցներից գործողություններ են ակնկալում Արցախի Հանրապետությունը լիակատար շրջափակման մեջ պահող պաշտոնական Բաքվի դեմ: Վերջինիս նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արդեն հրամայական է, քանի որ մեկ շաբաթից ավելի ձգձգվող լիակատար շրջափակման իրողությունն արդեն վերածվում է հումանիտար աղետի:
«Կյանքի ճանապարհի» փակված լինելու պատճառով Ստեփանակերտի հիվանդանոցներում արդեն արձանագրվել է ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի մահը, որին տեղի բժշկական կարողությունների անբավարարության պատճառով անհրաժեշտ էր տեղափոխել Հայաստան, ինչը հնարավոր չի եղել Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից արդեն մեկ շաբաթից ավելի փակ պահելու հետեւանքով: Արցախի հիվանդանոցներում արդեն 10 երեխա ծանր վիճակում սպասում է Հայաստան տեղափոխվելուն՝ այդքան անհրաժեշտ բուժում ստանալու նպատակով: Արցախցի վիրաբույժները ստիպված են հետաձգել բազմաթիվ պլանային վիրահատություններ: Հանրապետությունում արդեն սուր կերպով զգացվում է սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի պակաս, ձմռան ցուրտ եղանակն էլ ավելի է բարդացնում բնակչության վիճակը:
Այս իրավիճակում, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել՝ Բաքվին պարտադրելով մինչեւ դեկտեմբերի 19-ը բացել Բերձորի միջանցքը, քաղաքակիրթ աշխարհն էլ համաշխարհային խոշորագույն կառույցից սպասում է նոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ԵՄ բարձր հովանավորությամբ Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի ղեկավարների միջեւ ստորագրվում է համաձայնագիր, որով Ադրբեջանից դեպի ԵՄ արտահանվելու է «կանաչ» էներգիա։ Հուշագիրը ստորագրել են Իլհամ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւ Ռումինիայի վարչապետ Նիկոլա Չուկեն։
Այստեղ հատկանշականն այն է, որ հուշագրի ստորագրման արարողությանն իր ներկայությամբ պատվում է Բուխարեստ ժամանած Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը: Այս ամենի ողբերգական վերջին արարն այն էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը գովասանքի խոսքեր է ուղղել մի ողջ ժողովրդի դեմ ահաբեկչություն իրականացնող պետության ղեկավարին՝ Ադրբեջանին համարելով ԵՄ «հուսալի գործընկեր»։ Լիովին օրինաչափ էր, որ գովասանքի խոսքեր լսելով եւ Բաքվի հանցագործ գործողությունների մասին որեւէ ակնկարկ չլսելով՝ Ադրբեջանի առաջնորդը պետք է այդ ամենն իր հանցագործությունների շարունակման համար «կանաչ լույս» ընկալեր եւ չկատարեր ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը՝ սահմանվածի համաձայն դեկտեմբերի 19-ին չբացելով Բերձորի միջանցքը:
Այս իրողությունն արժեզրկում է նաեւ մինչ այդ ԵՄ-ից եւ ՄԱԿ-ից՝ թեկուզ ուշացած, բայց հնչած հայտարարություններն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման եւ հումանիտար ճգնաժամ թույլ չտալու վերաբերյալ: Հերթական անգամ գործի են դրվում երկակի չափանիշները: Եթե քաղաքական գործընթացներում երկակի չափանիշների օգտագործման հետեւանքներն անմիջական ազդեցություն շատ դեպքերում չեն ունենում, ապա այս դեպքում վտանգվում են Արցախի Հանրապետության ողջ ժողովրդի առողջությունն ու կյանքը:
Միջազգային իրավունքի պաշտպան խոշորագույն կառույցի նման պահվածքը ոչ միայն վտանգում է արցախցիներին, այլեւ անդառնալի հարված է հասցնում մարդու իրավունքների, հումանիտար, համամարդկային այլ արժեքների եւ իրավունքների համակարգին: Արդյունքում ստացվում է, որ պատկան կառույցների ներկայացուցիչները գործում են համաշխարհային կարգի հիմք հանդիսացող արժեքների ոտնահարմամբ, որոնց պաշտպանությունը նրանց հիմնական առաքելությունն է: Այլ կերպ ասած՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպան կառույցները դրանք ստորադասում են քաղաքական, տնտեսական նեղ, կարճաժամկետ շահերին, ինչը համաշխարհային ապոկալիպսիսի նախադրյալներ է նախանշում՝ խարխլելով գործող իրավական եւ բարոյական նորմերի ողջ համակարգը: