2020 թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ դրան հաջորդած Հայաստանի սահմանների ուղղությամբ 2021 թ. մայիսի եւ 2022 թ. սեպտեմբերի հարձակումները վեր հանեցին մի շարք խնդիրներ, առաջին հերթին՝ ռազմական դրության ժամանակ պետական կառավարման, երկիրը ռազմական դրության ռեժիմի անցկացման եւ մոբիլիզացիայի իրականացման գործընթացներում: ՀՀ սահմաններին տեղի ունեցած ռազմական գործողություններն էլ առաջ բերեցին նաեւ ոչ ողջ հանրապետությունով, այլ առանձին տարածաշրջանում ռազմական դրություն հայտարարելու ռեժիմի սահմանման եւ հստակեցման անհրաժեշտությունը:
Վերեւում շարադրված հանգամանքներն օրինաչափորեն անհրաժեշտություն են առաջացրել օրենսդրական հիմնարար կարգավորումների համար, առաջին հերթին՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում, առավել եւս, որ այն ընդունվել է գրեթե 17 տարի առաջ՝ 2006 թ.:
44-օրյա պատերազմը մարտի դաշտից բացի ոչ պակաս ինտենսիվությամբ ընթանում էր տեղեկատվական ու քարոզչական ճակատում, որտեղ հակառակորդը հսկայական ռեսուրսներ էր ներդրել դրան նախապատրաստվելու եւ բուն ռազմական գործողությունների ժամանակ այդ ոլորտում տարբեր միջոցներով հայկական պետությունների հանրային կարծիքի վրա ազդելու, հոգեբանական ներգործություն ունենալու նպատակով: Պատերազմի հենց սկզբում Ադրբեջանն իր տարածքում արգելափակեց սոցիալական ցանցերը՝ դրան զուգահեռ տարբեր կեղծ քարոզչական տեղեկատվություն տարածելով սոցիալական հարթակների հայկական տիրույթներում:
Պատերազմը փաստեց, որ տեղեկատվական անվտանգության խնդիրների կարգավորումը ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է: Արդարադատության նախարարությունը նաեւ այս նպատակով շրջանառել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծ, որտեղ պետական կառավարման համակարգը եւ տնտեսությունը ռազմական դրության բերելու գործընթացից բացի, նաեւ տեղեկատվական պատերազմի գործիքների կատարելագործում է առաջարկվում: Հատկանշական է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նաեւ կապի միջոցներից օգտվելու հատուկ կարգ է սահմանվում: Գաղտնիք չէ, որ այս խնդրի պատճառով արցախյան երրորդ պատերազմում պաշտպանության բանակը զգալի մարդկային եւ ռազմատեխնիկայի կորուստներ ունեցավ: Կապի միջոցներից օգտվելու գործընթացի կանոնակարգումը կարեւորագույնն է տեղեկատվական տեխնոլոգիաների արդի զարգացվածության բարձր պայմաններում:
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող եւ համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը եւ տեղեկատվության տարածումը: Մյուս լրացմամբ սահմանվում է Հայաստանի տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում: Վերջինի դեպքում, սակայն, նախատեսվում է պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների ու ենթակառուցվածքների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովում:
Լոկալ պատերազմական գործողությունների դեպքում կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ` որպես վարչապետին կից խորհրդակցական մարմին: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել սահմանելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման կարգը, ինչպես նաեւ սահմանափակումների ոչ ենթակա մարմինների ցանկը:
Պետության անվտանգության ապահովման հրամայականի առաջնայնության պայմաններում անքննելի պահանջ է նաեւ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու ազատության նման սահմանափակումների գործիքի հիմքում հիմնավորումների բովանդակության լիարժեք սահմանումը, որպեսզի չխախտվեն նաեւ ժողովրդավարության հիմնարար նորմերը: Պատմության փորձությունը բռնած ճշմարտություն է, որ պատերազմները կանխարգելելու հիմնական միջոցը դրանց առավելագույնս պատրաստ լինելն է, ոչ միայն սպառազինության ապահովվածության, մարտունակության բարձր մակարդակում, այլեւ ռազմական դրության պայմաններում պետական օղակների գործելու եւ տեղեկատվական պատերազմին պատրաստ լինելու առումով: