2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկով ամրագրված է, որ կողմերի զինված ուժերը կանգնում են այդ օրվա դրությամբ զբաղեցրած դիրքերում, եւ շփման գծում տեղակայվում են ռուսական խաղաղապահ ուժերը: Սա նշանակում է առնվազն արցախյան հիմնահարցի ռազմական լուծման փորձի դադարեցում եւ խնդրի լուծման մյուս՝ քաղաքական տարբերակի գործընթացին վերադարձ, բայց ոչ երբեք՝ հիմնահարցի վերջնական լուծում:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, թե Արցախի հիմնահարցը լուծել է մարտի դաշտում, իսկ վերջին շրջանում նմանատիպ հայտարարությունները զուգակցում է այն իմիտացնող գործողություններով: Մասնավորապես, անհաջող փորձեր են արվում վերահսկողություն հաստատել Արցախի Հանրապետության խոշոր ջրային պաշարի՝ Սարսանգի ջրամբարի եւ արդյունաբերության ողնաշարը համարվող Դրմբոնի ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքավայրի վրա: Արդեն մեկ ամիս է հերթափոխով Բաքվից տարբեր խմբեր են «գործուղվում» Բերձորի ճանապարհը փակելու եւ, իբր, «սեփական տարածքի» բնապահպանական խնդիրներ լուծելու համար:
Նման էժանագին, արտաքին լսարանին ուղղված անհաջող քարոզչական ակցիաները ուղեկցվում են իմիտացնող նոր հայտարարություններով: Այսպես, Արցախի մեկամսյա պաշարման ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, թե իր երկրի բնական ռեսուրսներն անօրինական կերպով շահագործում են, որն էլ Բերձորի միջանցքի փակման պատճառն է: Այդ հեռախոսազրույցի նախօրեին էլ Ալիեւը հայտարարում է, որ եթե արցախցիները չեն ուզում Ադրբեջանի քաղաքացի լինել, ապա ճանապարհը բաց է, կարող են… հեռանալ:
Բայրամովի հայտարարությունն անտրամաբանական եւ անորոշ է, պարզ չէ, թե ում է մեղադրում հանքավայրն «անօրինական շահագործման մեջ»՝ Հայաստանի՞ն, թե՞ Արցախին: Իսկ իրականությունն այն է, որ Արցախի Հանրապետությունում գրանցված ընկերությունը միջազգային, այդ թվում նաեւ՝ բնապահպանական նորմերին համապատասխան շահագործում է հանքավայրը, որն Արցախի տարածքում է, եւ որտեղ Ադրբեջանը որեւէ իրավասություն չունի, ինչն ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Հետեւաբար, նման ծիծաղելի փաստարկներով Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն առնվազը վիրավորում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին: Այստեղ չենք խոսի Բայրամովի իրարամերժ փաստարկների մասին, երբ մի կողմից արդարացնում է կեղծ բնապահպանների ճանապարհի փակումը, իսկ մյուս նախադասությամբ ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյային հավաստիացնում, թե ճանապարհը փակ չէ, եւ Արցախում հումանիտար աղետ չկա:
Ալիեւի հայտարարությունն էլ ավելորդ անգամ մերկացնում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Վերջինս արդեն, ըստ էության, անթաքույց հայտարարում է, որ ցանկանում է հայաթափել Արցախը՝ իր հազարամյա բնօրրանից դուրս մղելով մի ողջ ժողովրդի: Տարածաշրջանի երկրները, որոնք քաջածանոթ են արցախյան 100-ամյա խնդրին, լավ գիտեն, որ այն Ադրբեջանի մշտական հայատյաց քաղաքականության դրսեւորումն է, երբ պատմական հայրենիքից էթնիկ զտման շարունակական գործողություններ են տարվում: Բայց միջազգային հանրության համար Ալիեւի հայտարարությունը կարող է դիտարկվել միայն որպես ինքնախոստովանություն: Ալիեւն արդեն չի էլ թաքցնում, որ էթնիկ զտումների քաղաքականություն է փորձում վարել:
Մյուս կողմից էլ նման անհաջող հայտարարություններով Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարներն անհաջող փորձեր են անում իմիտացնելու, թե Արցախի վրա որեւէ ազդեցություն ունեն եւ պատերազմով լուծել են 100-ամյա հիմնահարցը: Այս դեպքում միշտ էլ տեղին է մեջբերել հայտնի ժողովրդական ասացվածքը. «Շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանում»:
Իրականությունն այն է որ արցախցի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ընդունել է ինքնորոշման ակտ, 30 տարվա ընթացքում ձեւավորել ժողովրդավարության բոլոր չափանիշներին համապատասխանող պետություն, որի տրամագծորեն հակառակ հարթությունում է ադրբեջանական ավտորիտար պետական համակարգը: Արցախցին, իր անկոտրում բնավորության համաձայն, հաստատակամ է սեփական ճակատագիրը տնօրինելու որոշման մեջ, ամուր կանգնած է իր հազարամյակների պապական հողի վրա, պայքարել ու մինչեւ վերջ կպայքարի իր իրավունքների համար, քանի դեռ ժողովուրդների ինքնորոշման՝ հիմնարար նորմը դուրս չի հանվել միջազգային իրավունքի օրենսգրքից: Այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունն ընդամենը պետք է սթափ գնահատի իրողությունները եւ արժանապատիվ երկխոսության մեջ մտնի Արցախի ժողովրդի հետ: