Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ քաղաքական դիսկուրսում Ադրբեջանը մշտապես փորձել է խնդիրը տեղափոխել կրոնական հարթություն։ Այդ համատեքստում մեծ ջանքեր է գործադրել իսլամական աշխարհը հակամարտության մեջ ներգրավելու համար։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը եւ հայերն արցախյան հիմնախնդիրը երբեւէ չեն դիտարկել կրոնական համատեքստում։ Մեզ համար այն ունեցել է պատմական արդարությունը վերականգնելու, սեփական անվտանգությունն ու հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու նպատակով մղվող պայքար։
Իսլամական բազմաթիվ երկրների հետ Հայաստանն ունի լավ, որոշների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված քաղաքակրթական, պատմական, մշակութային սերտ առնչությունների վրա։ Հայկական ուժեղ համայնքների մի մասը ձեւավորվել եւ զարգացել է հենց իսլամական երկրներում, որտեղ հայերը վայելել եւ վայելում են տեղի բնակչության, իշխանությունների հարգանքն ու լավ վերաբերմունքը։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը՝ եգիպտական «Veto Gate» արաբալեզու պարբերականում վերջերս հրապարակված հոդվածում ընդգծել էր, որ Ադրբեջանը մշտապես փորձում է Հայաստանի դեմ հանել իսլամական երկրներին, հատկապես արաբական երկրներին՝ արցախյան հակամարտությանը տալով կրոնական երանգ։ «Մինչդեռ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք կրոնական համատեքստում չի դիտարկել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական երկրների ճնշող մեծամասնության, այդ թվում՝ արաբական երկրների հետ, եւ դարեր շարունակ հայերը եղել եւ մնում են արաբ-իսլամական աշխարհի հասարակությունների մի մասը եւ նպաստել արաբական շատ երկրների զարգացմանը»,- նշել է ՀՀ դեսպանը։
Իսլամական միջավայրում հակահայկական տրամադրություններ ձեւավորելու եւ արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանամետ դիրքորոշում ապահովելու համար Ադրբեջանն օգտագործում է «Իսլամական համագործակցության կազմակերպությունը», որի անդամն է 1991-ից։ Օգտվելով այդ միջազգային հարթակում Հայաստանի բացակայությունից՝ Ադրբեջանը փորձում է արցախյան հակամարտությունը ներկայացնել կրոնական համատեքստում՝ ներկայացնելով Հայաստանին որպես իսլամի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիր։ Սակայն որքան էլ Ադրբեջանը փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել, այնուամենայնիվ, դա նրան չի հաջողվում, քանի որ իսլամական աշխարհի երկրների մեծամասնության հետ Հայաստանը շարունակում է հարաբերություններ զարգացնել։ Վերոհիշյալ հոդվածում դեսպան Փոլադյանը հիշեցրել է, որ Մերձավոր Արեւելքում Հայաստանի առաջին դեսպանատունը բացվել է հենց Կահիրեում, ապա նաեւ նշել, որ այսօր Հայաստանն ու Եգիպտոսը բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ունեն։ Փոլադյանի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի կառավարության դրական վերաբերմունքը Եգիպտոսի հայ համայնքի նկատմամբ, ուստի արցախյան հակամարտությանը կրոնական ենթատեքստ հաղորդելու Ադրբեջանի փորձերը ոչ այլ ինչ են, քան նրա քաղաքականության հերթական հորինված վարկածը։ «Հայաստանը հուսով է, որ Հայաստանին ու հայ ժողովրդին որպես իսլամի թշնամի ներկայացնելու եւ պատմական բարեկամական հարաբերությունները սաբոտաժ անելու Ադրբեջանի փորձերը հաջողություն չեն ունենա»,- շեշտել է դեսպանը։ Հոդվածում Փոլադյանը հանգամանալից անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակմանը եւ Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրներին։
Առաջիկա օրերին տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին։ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերություններն առանձնանում են քաղաքակրթական, պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ։ Ներկայումս էլ Հայաստանն ու Եգիպտոսը բարիդրացիական հարաբերություններ եւ բազմաշերտ համագործակցություն զարգացնելու ներուժ ունեն։ Հայաստանի անկախության ավելի քան 30 տարիների ընթացքում միջազգային տարբեր հարթակներում երկու երկրները դրսեւորում են միմյանց աջակցելու պատրաստակամություն, առկա է նաեւ փոխվստահություն։ Ի վերջո, գլոբալ առումով Հայաստանն ու Եգիպտոսը հանդիսանում են Մերձավոր Արեւելքի անվտանգային համակարգի բաղկացուցիչը եւ շատ հարցերում ունեն համընկնող կամ առնվազն չհակադրվող շահեր, ինչը հիանալի հնարավորություն է ստեղծում քաղաքական երկխոսությունը առավել սերտացնելու համար։ Եգիպտոսը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել արցախյան հակամարտության նկատմամբ եւ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրների կարգավորման օգտին:
Անդրադառնալով պատմական առնչություններին՝ նշենք, որ Եգիպտոսի հայկական համայնքն իր ուրույն եւ կայուն դերն ունի այդ երկրի քաղաքական, հասարակական, մշակութային կյանքում։ 20-րդ դարի սկզբում եգիպտահայ համայնքը եղել է սփյուռքահայ քաղաքական մտքի եւ մշակույթի զարգացման առաջատար կենտրոնը, որում իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության հետեւանքով տարագիր դարձած մեր հայրենակիցները։ Հայաստանի անկախությունից հետո եգիպտահայ համայնքը կամուրջ է դարձել Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման հարցում։