Պատերազմներն օգտագործվում են պատային խաղերը զրոյացնելու նպատակով, իսկ այսօր այդպիսի իրավիճակ է։ Քաղաքատնտեսական փոխակերպումները երկարատեւ գործընթացներ են, բայց ռեսուրսների համար պայքարը ստիպում է արագ արդյունքների հասնել։ Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի ինտենսիվորեն սկսվեց պայքար գաղափարական, արժեհամակարգային գերակայության համար։ Նվաճել, հաղթել, դառնալ յուրային արժեքային հիմքով. սա էր անցած երեսուն տարիների հակամարտության առանցքը։ Այսօր ավելի կոշտ միջոցների ժամանակն է, նոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում նոր զինատեսակների փորձարկումը, բարեբախտաբար, դեռ չեն հանգեցրել համաշխարհային պատերազմի, սակայն նախապատրաստական փուլը կարծես թե «հաջողությամբ» է ընթանում։ Իսկ այդ «հաջողությունն» ապահովում է տեղեկատվահոգեբանական պատերազմը, որը ձեւավորում է յուրայինի եւ թշնամու մասին պատկերացումները։
Արդեն իսկ անցած տարվա ընթացքում առավել սուր ուրվագծվեցին թեժ օջախները, որոնք անհրաժշտության դեպքում կարող են նոր թափով բռնկվել։ Արցախը, Կոսովոն, Մերձդնեստրը, Մերձավոր Արեւելքը, Իրանը, Թայվանն առավել հավանական կետերն են։ Ռուս-ուկրաինական պատերազմը կամ Ռուսաստան-Արեւմուտք միջնորդավորված հակամարտությունը դարձել է ճամբարների հստակեցման կատալիզատոր, այդտեղ նաեւ փորձարկվում են զինատեսակները։ Արցախյան երկրորդ պատերազմում նույնպես դրանք փորձարկում անցան՝ հաշվի չառնելով անգամ միջազգային իրավունքների նորմերը։ Մեր տարածաշրջանի ապակայունացման գործընթացը կանգ չի առել։ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մեծացնել ռազմական ներուժը՝ բարձր պահելով մարտական պատրաստվածությունը։ Այս օրերին Կարս քաղաքի մերձակայքում երկու երկրները եւս վեց պետությունների զինված ուժերի մասնակցությամբ անցկացնում են զորավարժություններ ինչպես օդային, այնպես էլ տանկային դիվիզիայի ստորաբաժանումների եւ մեքենայացված հետեւակային դիվիզիայի մասնակցությամբ։
Հայաստանի, այդ թվում՝ Արցախի նկատմամբ ահաբեկչական քաղաքականությունը բավարար հակազդեցություն չի ստանում՝ խրախուսելով Թուրքիային եւ Ադրբեջանին՝ շարունակելու ծավալապաշտական ծրագրերի իրականացումը։ Ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը հնարավոր չէ հակազդել դատապարտող հայտարարություններով, եթե դրանք չեն ամրապնդվում քաղաքական, տնտեսական պատժամիջոցներով։ Արեւմտյան պատժամիջոցներից առաջացած դժվարությունները շրջանցելու համար Ռուսաստանը խուսափում է կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում, առավել եւս, որ Բաքվի իշխանությունների հետեւում երեւում է Անկարայի ստվերը։ ԵՄ-ն նույնպես հայտարարությունների եւ երկխոսության օգնությամբ հարցերը լուծելու կողմնակից է եւ պատժամիջոցների մեխանիզմի կիրառումը չի դիտարկում Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շրջափակման հետ կապված իրավիճակը հանգուցալուծելու միջոց։ «Պատժամիջոցները ԵՄ մեխանիզմներից մեկն են միայն եվրոպական ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության նպատակներն առաջ տանելու համար, եւ այս դեպքում դրանք չեն դիտարկվում»,- այդ մասին նախօրեին ասել էր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցման։
Նման իրավիճակում ռազմական ագրեսիային դիմակայող պատվարն Իրանի «կարմիր գծերն» են, սակայն վերջին օրերին Իրանի շուրջ ընթացող գործընթացներն առավել մտահոգիչ են դառնում։ Իրանի եւ Հայաստանի դեմ գործող թուրք-ադրբեջանական տանդեմին սկսել է արդեն բացահայտ աջակցել Իսրայելը։
Երեկ իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարները՝ քննարկելով «տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները»։
Նկատենք, երբ անցած տարվա վերջին Իրանի կողմից պարբերաբար կոշտ եւ հստակ հայտարարություններ հնչեցին սահմանների որեւէ փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ, Իրանում ներքին անկայունություն հրահրվեց։ Արդեն իսկ 2020-ին ակնհայտ էր, որ հաջորդ թիրախը դառնալու է Իրանը, այդ մասին էին հուշում Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները։ Լայնածավալ բախման սկիզբը կարող է շատ ավելի մոտ լինել. Իրանը փորձում է հետաձգել բախման մեկնարկը, սակայն թուրք-իսրայելական հետաքրքրությունների տիրույթում գտնվող Ադրբեջանն օգտագործվում է «տաք» պատերազմը մոտեցնելու համար։ 2020 թ. Արցախում եւս բախվում էին տարածաշրջանով հետաքրքրված ուժերը, սակայն այն դեռեւս հնարավոր էր պահել որպես տեղային պատերազմ, մինչդեռ Իրանի անմիջական ներգրավմամբ պատերազմական գործողությունները կարող են ավելի շատ երկրների ներքաշել արյունալի մսաղացի մեջ։
Ի վերջո, համաշխարհային պատերազմի մեկնարկը կտա առավել թույլ օղակը։ Ներկայումս շոշափվում են կողմերի հնարավորություններն ու «նյարդերի» ամրությունը, մանեւրելու տարբերակներն ու հասարակությունների դիմադրողականության աստիճանը։ Զսպող գործոն շարունակում է մնալ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման հավանականությունը, որը հաղթող կողմին կպարգեւի պյուռոսյան հաղթանակ։ Հայաստանի համար առաջնայինը մեկ անգամ եւս «թույլ օղակ» դառնալուց խուսափելն է։