Արեւմուտք-Ռուսաստան ծավալումների այս համապատկերում ռուս-թուրքական օրեցօր ավելի սերտ մերձեցում է նկատվում նույնիսկ այն դեպքում, երբ ռուսական կողմը հստակ տեսնում է, թե Արեւմուտքի հետ ինչ խաղեր է տալիս Թուրքիան։ Արեւմուտքը, իր հերթին, տեսնում է, թե թուրքական կողմն ինչ խաղեր է տալիս Ռուսաստանի հետ, բայց ձայն չի հանում։ Բոլորը խաղում են բոլորի հետ, բոլորը խաղերից տեղյակ են եւ բազմաշերտ կեղտոտ այս քաղաքականությունում կշահեն այն կողմերը, որոնք հարմար ու ճիշտ պահին կխաղարկեն իրենց ամենակեղտոտ խաղաքարտերը։
Դրանցից մեկն այս պահին ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքներն են. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում Արեւմուտքը, բայց վերջինիս պետք են էներգակիրներ։ Արանքում հայտնվել է թյուրքական կողմը, որ ծառայություններ է մատուցում ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտյան կողմին, ընդ որում՝ երկու կողմերի գիտակցմամբ էլ։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Բերձորի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, բայց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաեննը Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ կանաչ էներգետիկայի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանին դարձնում է Եվրոպայի «հուսալի էներգետիկ գործընկերը»։ «Հուսալի» Ալիեւը հայտարարում է, թե 2023 թ. կարտահանի 24 մլրդ խմ գազ, որից, ի դեպ, 11 մլրդ-ն է եվրոպական բաժինը։ ԵՄ սպառման ցուցանիշը 400 մլրդ խմ է։ Եվ այս 11-ի համար Եվրոպան «մոռանում» է ալիեւյան բռնատիրությունները։ Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն մեղադրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենին, ով Ալիեւին համարում է «հուսալի»։ Բուայեն նշում է նաեւ, որ Ադրբեջանն արտահանում է ավելի շատ գազ, քան արտադրում է, այն է՝ «այնտեղ կա նաեւ ռուսական գազ, որը Ռուսաստանից գնում են ու վաճառում ավելի թանկ գնով, եւ նրանք երկերեսանիությամբ են զբաղվում»:
Սա՝ նախորդ տարեվերջին։ Իսկ այս տարեսկզբին թյուրքական կողմն ավելի «հուսալի» է դառնում։ Ալիեւը Հունգարիա այցի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպայի համար էներգիայի հուսալի մատակարար լինել։ Ավելի վաղ (սեպտեմբերին թյուրքական պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ) Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, թե Ադրբեջանից Եվրոպա եկող գազի ծավալը մոտակա տարիներին կկրկնապատկվի՝ դա անվանելով եվրոպական էներգակիրների դիվերսիֆիկացման ամենաիրական հնարավորությունը։
Ու ոչ ոք չի «հիշում», որ ընդամենը 2019 թ. պարզ էր դարձել, որ «Բաքվի գազային հավակնությունները չեն ամրագրվում տեղական ռեսուրսներով»։ Ի՜նչ է, այս 3-4 տարում տեղական պաշարները շատացա՞ն։ Ինչեւէ։ 2019 թ. ռուսական մամուլը գրեց («finance.rambler.ru»), որ «Ադրբեջանի գազային աղքատությունը հանգեցրել է Հարավային գազային միջանցքի ձախողման»։ Այդ ժամանակ Ռուսաստանի Էներգետիկայի ազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովն ասել էր՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իր երկիրն ամբողջությամբ կլցնի հարավային գազային միջանցքը հումքով, կարելի է երկու կերպ մեկնաբանել։ Մեծ կասկածներ կան, որ Ադրբեջանը կարողանում է ամբողջությամբ իր հումքով լրացնել նույնիսկ TANAP-ի ծավալները, որն Ադրբեջանի սահմանից թուրքական տարածքով ձգվում է մինչեւ Եվրամիության ծայրամասեր։ Այս նախագիծն ի վիճակի է մատակարարել 16 մլրդ խմ, որից 6-ը պետք է մնա թուրքական շուկայում, իսկ 10 մլրդը կգնա դեպի Եվրամիություն։ «Շահ Դենիզ-2» ադրբեջանական բազային հանքավայրի ռեսուրսային պոտենցիալը սպասվածից քիչ էր, ինչի պատճառով Բաքուն «Գազպրոմի» հետ կնքեց տարեկան 5 մլրդ խմ գազի գնման պայմանագիր՝ իր արտահանման պայմանագրերը երաշխավորելու համար։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը վստահ չէ, որ գազի արդյունահանման իր ծավալը կապահովի գազի մատակարարումը Եվրամիություն։ Ֆրոլովի խոսքով եվրոպական 10 մլրդ խմ-ից 2-ը կհասցվի Բալկաններ, իսկ 8-ը՝ ավելի հեռու՝ Իտալիա»։ Եվ որ համեմատելով Եվրամիության ընդհանուր սպառման եւ Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարումների հետ, որոնք միայն կավելանան «Թուրքական հոսքի» երկրորդ գծի կառուցումից հետո, սա, մեղմ ասած, բավարար չէ։ Ֆրոլովը շեշտել էր. «Ադրբեջանի կողմից գազի անհրաժեշտ պաշարների բացակայությունը նույնիսկ ենթադրություն չէ, այլ փաստ։ Ադրբեջանցիներն իրենք են ասում, որ բավականաչափ գազ ունեն, եւ նրանց հետ կարելի է համաձայնել այն պատճառով, որ Բաքուն հնարավորություն ունի գազ գնել Ռուսաստանում «Գազպրոմից»։ Դա թույլ կտա Ադրբեջանին փակել ցանկացած պակաս»։
Այսինքն՝ ռուսական գազն է ապահովում ադրբեջանական արտահանումը։ Ֆրոլովը ընթացքում հիշում է ձախողված «Nabucco» գազատարը, որի համար այդպես էլ ներդրող չգտնվեց՝ չնայած բոլոր ծրագրերին։ Չմոռանանք, որ «Nabucco»-ի ժամանակ մեծ հույսեր էր կապվում ադրբեջանական գազի հետ։ Եվ ինչպես նշյալ էներգետիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալն է հիշեցնում, «Nabucco»-ն հանգավ, դրա տեղում առաջացավ TANAP-ը, եւ այո, Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումներն իսկապես իրականացվում են, բայց հարցը դեռ մնում է Բալկանների եւ Իտալիայի տիրույթում։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն ունի Թուրքիայի համար գազի արտահանման ծավալներ, բայց ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրներին, ապա դրա հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, թեեւ դարձյալ այս գազատարն անպայման բեռնված կլինի ռուսական գազով. «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանի Դաշնությունից, այնուհետեւ այն կվերավաճառի ԵՄ երկրներին, բայց դա, իր հերթին, բացասաբար կանդրադառնա այս նախագծի վերադարձելիության վրա, քանի որ «Գազպրոմից» հումքը կգնվի շուկայական գներով, այնուհետեւ կվերավաճառվի Եվրոպային»:
«Ես հասկանում եմ, որ Եվրամիության, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կա որոշակի քաղաքական եւ իմիջային բաղադրիչ, բայց տնտեսության տեսանկյունից նման ձեռնարկման իրագործելիությունը մեծ հարց է»,- ամփոփում է Ֆրոլովը։ Ըստ էության՝ Ֆրոլովն ուղղակիորեն հաստատում է Բուայեին. ադրբեջանական գազը ռուսական լցոնումով է։ Այն է՝ Եվրոպան ստացավ հարավային գազային միջանցքը, որ նախատեսված էր Ռուսաստանից գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու, կախվածությունը նվազեցնելու համար, բայց իրականում Եվրոպան զերծ չմնաց ռուսական հումքից։
Սա է այն խաղը, որում ընդգրկված են նշյալ կողմերը, լավ տեղեկացված են խաղից, բայց յուրաքանչյուրը տանում է իր դերը՝ «որոշակի քաղաքական ու իմիջային» բաղադրիչից ելնելով։ Եվրոպան պիտի ցույց տա իր «իմիջը», որ կարողացել է դուրս գալ ռուսական էներգակրի «ազդեցության գոտուց», թյուրքական կողմը պիտի ցույց տա, որ օգնում է եվրոպական կողմին՝ պահելու իր «իմիջը», ռուսական կողմն էլ պիտի թյուրքական կողմի ձեռքը սեղմի՝ իրականության բաղադրիչից ելնելով։ Ահա այս ամենում էլ հայտնված հայկական կողմը կստանա Արցախի ու Հայաստանի հետ կապված հայտարարությունների տրամաբանության պատասխանը, ինչն էլ մատնանշում է մեր ուղին՝ մե՛ր շահով առաջնորդվելու։