Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին չդադարող լրահոսը խոսում էր պաշտոնական իրավիճակը հետեւողականորեն լարելու Բաքվի փորձերի մասին: Մարտի 5-ին ադրբեջանական զինուժը պատերազմական իրավիճակի մեջ լիովին տեղավորվող գործողություն իրականացրեց՝ դիվերսիա կազմակերպելով օկուպացված Շուշիի հարակից տարածքում, ինչի հետեւանքով զոհվեց Արցախի Հանրապետության ոստիկանության 3 աշխատակից, իսկ չորրորդը ծանր վիճակում է:
Արցախի պաշտպանության բանակը տվել է համարժեք պատասխան, իսկ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս անգամ էլ կթաքցնի իր կորուստները, սակայն էականը սա չէ: Արցախցու մարտական ոգուն ադրբեջանական զինուժի ղեկավարները քաջածանոթ են, թերեւս, միայն պարբերաբար նրանց հիշողությունը թարմացնելու կարիք է զգացվում: Ուշադրության արժանի փաստն այն է, որ Ադրբեջանը դիվերսիա է իրականացնում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, բացահայտ արհամարհելով Մոսկվայի գործոնը: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն ծրագրված եւ նպատակային անում է քայլեր, որոնք մեծ հարցականի տակ են դնում Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունն ընդհանրապես, եւ դա անում է աստիճանաբար՝ մեծացնելով Ռուսաստանին հարվածներ հասցնելու ուժգնության չափաբաժինը: Ադրբեջանական պետության այս գործելաոճը նախկինում նմանատիպ սադրանքներին ոչ համարժեք արձագանքելու հենց Մոսկվայի պահվածքի հետեւանք է: Նման գործողություններով Ադրբեջանը գցում է ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության արդյունավետությունը, նրա հեղինակությունը եւ վերջին հաշվով հարցականի տակ դնում ընդհանրապես Արցախում ռուս խաղաղապահների ներկայության իմաստը:
Ռուսաստանը վերջին ադրբեջանական հանդգնությունից պետք է, կարծում ենք, հետեւություններ անի՝ համարժեք գնահատականներ տալով Բաքվի հակառուսական, ավելի շուտ՝ հակահայկական քայլերին: ՌԴ-ն պարտադրված է արձագանքել միջադեպին, հակառակ դեպքում կստացվի, որ իր թողտվությամբ է ադրբեջանական զինուժը նման դիվերսիաներ իրականացնում: Առնվազն տարակուսելի է նաեւ, որ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում հրապարակվող ռուս խաղաղապահների պարբերական տեղեկագրում տեղ չի գտել վերջին դիվերսիայի վերաբերյալ տեղեկությունը: Քաղաքական քայլերից զատ ՌԴ-ն պետք է վերանայի խաղաղապահ զորակազմի գործողությունների մեխանիզմը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով նրա թվաքանակը, սպառազինությունը եւ իրավասությունները, այլապես լիովին կարժեզրկվի նրա ներկայությունը տարածաշրջանում:
Մյուս կողմից էլ հատկանշական է, որ Բաքուն նման խոշոր ռազմական սադրանքի գնաց Արցախի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումներից հետո, երբ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շտապեց իր գոհունակությունը հայտնել կողմերի հանդիպման վերաբերյալ, թե բա՝ պաշտանական Բաքուն կառուցողական քայլեր է անում տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Հետեւաբար՝ նման հայտարարությունից հետո հակառակի մասին փաստող ադրբեջանական դիվերսիան նաեւ Բրյուսելի ուղղությամբ էր՝ հիմնովին ժխտելով Կլաարի, ասել է թե՝ ԵՄ-ի լավատեսական սպասումները: Սակայն պարզվեց, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ճիշտ եզրակացություն չէր արել դիվերսիայի փաստից եւ նույն օրը Բաքու կատարած այցի ժամանակ «Թվիթերում» գրել էր. «Այսօր տեղի ունեցած մահվան ելքով միջադեպն ընդգծում է կայունության եւ խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»: Տոյվո Կլաարը նախ որեւէ քննադատական խոսք չի հնչեցրել Ադրբեջանի ուղղությամբ, մյուս կողմից էլ, այդքանից հետո, բովանդակային հանդիպում էր ակնկալում Ալիեւի հետ: Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ստիպված էր հրապարակավ իր տարակուսանքը հայտնել Կլաարի ձեւակերպմանը: Բեգլարյանը «Թվիթերում» գրել է. «Նա կա՛մ սիրողական դիվանագետ է, կա՛մ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կա՛մ կոռումպացված պաշտոնյա է, կա՛մ ունի եվրոպական արժեքների, շահերի եւ մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակներն էլ փոփոխություններ են պահանջում»:
Ադրբեջանը հերթական անգամ ցինիկորեն խախտեց տարածաշրջանում հրադադարի միակ փաստաթղթի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնադրույթը, եւ լիովին օրինաչափ էր ԱՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններին համարժեք քայլերի է դիմում: Բաքվի բռնապետն այնքան է կրկնել կեղծ թեզը, թե 44-օրյա ագրեսիայով լուծել են Արցախի խնդիրը, որ իր հրամանատարության տակ գտնվող զինուժի հրամանատարներին թվում է, թե կարող են խախտել արցախա-ադրբեջանական շփման գիծը եւ անպատիժ դիվերսիա իրականացնել արցախցու դեմ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են փաստաթուղթը ստորագրելու պահին, իսկ Ադրբեջանը հետեւողականորեն խախտում է դրանք, մասնավորապես՝ Փառուխի դեպքում, եւ կրկին համարժեք պատասխան չհնչեց խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրից, այն դեպքում, երբ գործողությունները նրանց պատասխանատվության գոտում էին, շփման գծից շատ ավելի ներս:
Ադրբեջանի հերթական սադրանքի պատճառը միջազգային կառույցների կողմից անպատժելիությունն է՝ ուժի չկիրառման սկզբունքի խախտման, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, դրան հաջորդած Արցախի շփման գծում եւ ՀՀ սահմանին ռազմական ագրեսիաների եւ վերջապես Արցախի Հանրապետությունը արդեն 3-րդ ամիսը շրջափակման մեջ պահելու համար: Վերոնշյալ փաստերը խոսում են այն մասին, որ պետք է լրջագույնս խմբագրվեն տարածաշրջանում խաղաղության պահպանման մեխանիզմները: Նման գործողություններով Ադրբեջանը բարձրացնում է Արցախում խաղաղապահ առաքելության ՄԱԿ-ի ձեւաչափի կիրառման անհրաժեշտությունը: