Պար՝ արվեստի ձեւ, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից եւ կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ունենում՝ ստեղծելով կոմպոզիցիա։
Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը եւ հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։ Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները՝ ծնունդը, մահը, կռիվը, նոր առաջնորդի ընտրությունը, հիվանդի ապաքինումը եւ այլն, ուղեկցվել են պարով։ Դրանով են արտահայտվել անձրեւի, արեւի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները։