Այս խոշոր քաղաքական գործչին սովորաբար հակասական են անվանում։ Այսօր, երբ նա չկա այլեւս, մենք նրա ելույթներում եւ վարքագծում տեսնում ենք գլխավորապես անզիջում ուղղամտություն, հետեւողականություն եւ սկզբունքայնություն։ Կարելի՞ է նրան անվանել հայ ժողովրդի մեծ բարեկամ։
Ժիրինովսկին ճշմարտության ու իր հայրենիքի` Ռուսաստանի մեծ բարեկամն էր, նվիրյալը։ Պարզապես այնպես է ստացվել, որ ճշմարտության բոլոր բարեկամները հայ ժողովրդի բարեկամներն են դառնում, իրենց հայրենիքի անկեղծ, անշահախնդիր նվիրյալները` նույնպես հայ ժողովրդի բարեկամները։ Հայ ժողովրդի բարեկամներն են նաեւ բոլոր քաղաքակիրթ, խելոք, անկեղծ եւ ճշմարտախոս մարդիկ։ Իսկ Ժիրինովսկին քաղաքակիրթ էր, խելոք էր, անկեղծ եւ ճշմարտախոս։ Չի կարելի ասել, թե նա մոտիվացիաների ընդհանրապես ենթակա չէր, նույնիսկ հակառակը։ Նրա խոսքում, ելնելով իրավիճակներից, տարբեր ձեւակերպումներ կարելի է գտնել անգամ նույն իրողության վերաբերյալ, նա կարողանում էր նույնիսկ իրականությունը ենթակա դարձնել իր մտքի ուժին։ Այդ իրականությունը բազմադեմ է, կարեւորն այն է, որ այդ բազմադեմության մեջ նա երբեք չի դավաճանել երկու երեւույթի՝ հայրենիքին եւ ճշմարտությանը։ Ուստի եւ բոլոր նրանք, ովքեր կարոտ էին ճշմարտության, ձգվում էին դեպի նա։
Իր այս հատկանիշների շնորհիվ Ժիրինովսկին չէր կարող մի կողմ կանգնել հայ ժողովրդի ճակատագրից կամ ենթարկեցնել այն աշխարհում գործոն հանդիսացող ամենատարբեր շահերի։ Այս իսկ հիմնավորումներով` նա Հայաստանի եւ մեր ժողովրդի մեծ բարեկամն էր։ Լինելով բարձր կրթվածության եւ ինտելեկտի տեր անձնավորություն, կարողանում էր թափանցել ճշմարտության խորքերը։ Իսկ ճշմարտության աշխարհում մենք միշտ արդար ենք։ Որպես մեր ասածի ապացույց, բերենք հատվածներ առաջին պատահած նրա մի բանավոր ելույթից, չեզոք լսարանի համար` ոչ ամենանշանակալիցը եւ ոչ ամենահայտնիներից, պարզապես` մեկ անգամ եւս վերհիշելու` ինչպիսի գիտնական եւ ինչպիսի անհատականություն էր ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ, եւ որքան ազդեցիկ, խորն ու ընդգրկուն էր նրա ճշմարտությունը։ Հիշեցնեմ` նա նաեւ մասնագետ թուրքագետ էր։ Այսօր մատների վրա անգամ դժվար է հաշվել թուրքագետների, որոնք պատրաստ են կանգնել ճշմարտության դիրքերում։ Ժիրինովսկու մահով պակասեց դրանցից եւս մեկը` մի ուրույն, արժանավոր, գրավիչ եւ անփոխարինելի քաղաքական գործիչ։
«…Հայաստանը տուժել է բոլորից ավելի եւ պատմականորեն իր` հայերի հայրենիքում, հայկական քաղաքակրթության օջախում։ Հայոց սրբազան վայրերը մինչեւ այսօր գտնվում են օտար տիրապետության տակ, հայկական հողերը առանց հայերի ցանկության հետ հաշվի նստելու հանձնվում էին Թուրքիային կամ Ադրբեջանին։ Անընդհատ վերաձեւում էին հայոց պետականությունը, արհամարհում հայ ժողովրդին, նրա մշակույթը, պատմությունը։ Թուրքերը եկան Բյուզանդիա որպես նվաճողներ, Տաշքենդի կողմերից` սա է իրենց հայրենիքը։ Նրանք շարժվեցին նվաճելու ուրիշների երկրները, իսկ հայերը ոչ մեկին չեն նվաճել, նրանք այնտեղ ապրել են մշտապես, դա իրենց հայրական տունն է, հայրենիքը, օջախը։ Իհարկե, Հայաստանը միշտ տուժել է այս եկվորներից, որոնք բարբարոսական մեթոդներով ավերում էին հայոց հնադարյան երկիրը։ Որքան քաղաքակիրթ է ժողովուրդը, այնքան նրա համար դժվար է զենքի դիմել, իսկ բարբարոսները, քոչվորները հակառակը` նրանց մշակույթը չի հետաքրքրում, նրանց համար առաջնայինը զենքն է։ Հայերը ուրիշ քաղաքակրթություն են։ Հայերն իրենց գիրն ունեն, իսկ թուրքերը վերցրել են տարբեր ժամանակներում տարբեր տեղերից, նրանց բոլոր հուշարձանները ուրիշների հուշարձաններ են` բյուզանդական կամ հայկական հուշարձաններ։ Հայերն ապրում էին իրենց հողում, իրենց խելքով, իրենց աշխատանքով, նրանց մոտ իրենց հնադարյան մշակույթն է, որը նաեւ համաշխարհային մշակույթի վրա է ազդեցություն ունեցել։ Բազմաթիվ հայեր ԽՍՀՄ մարշալներ են եղել, մեծ կոմպոլիտորներ, քաղաքական գործիչներ, աշխատել են ողջ ԽՍՀՄ չափանիշներով, այդ մասին բոլորը գիտեն։ Դա մեծ ներդրում է, իսկ դատել պետք է ըստ ներդրումների։ Թուրքերը համաշխարհային մշակույթին ոչինչ չեն տվել, նրանք ոչնչացրել են համաշխարհային մշակույթը։ Ուստի Հայաստանի նկատմամբ պետք է ավելի բարյացական վերաբերմունք։ Հարեւանները կարող են նեղանալ, բայց մենք չենք կարող դավաճանել ճշմարտությանը, մենք ելնում ենք միայն իրականությունից։ Հայաստանը զոհ է գնացել բարբարոս արշավանքներին, պատերազմներին, նվաճումներին, եւ պետք է գա այն ժամանակը, երբ նա պետք է ստանա փոխհատուցում իր կորուստների համար։ Հայերի դժբախտությունը առաջին դաժան դասն էր ամբողջ աշխարհի համար, բազմաթիվ խորհրդարաններ են որոշումներ ընդունել, դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, մեր Պետդուման նույնպես ընդունել է եւ սատարել։ Բոլոր միջազգային կազմակերպությունները` ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, նույնիսկ ՆԱՏՕ-ն, պետք է ընդունեն այս ճշմարտությունը` որպես հրեշավոր ակտ հայ ժողովրդի դեմ՝ հասցված թուրքական ղեկավարության կողմից, 1915 թվականին, եւ պետք է բարձրացվի փոխհատուցման հարցը։ Գերմանիան վճարում է այսօր Իսրայելին, համարյա 3 միլիարդ դոլար տարեկան, այնպես որ հերթը Թուրքիայինն է։
Վլադիմիր Ժիրինովսկի, 2004 թ.»
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ