Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրությանը տրամաբանորեն հետեւում է նաեւ Թուրքիայինը: Շարքը սկսում ենք քրդական հիմնախնդրով, քանի որ այն ամենասուրն է:
Թուրքիայի Հանրապետության ազգային քաղաքականությունը, ինչպես միշտ, այժմ էլ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Թուրքական «ներքին դիվանագիտությունը» երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների (քրդեր, ասորիներ, արաբներ, չերքեզներ եւ այլն) նկատմամբ: Թուրքիան փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական պետություն, սակայն 1982 թ. ընդունված Սահմանադրությունն ակնհայտորեն հակասում է ժողովրդավարության համընդհանուր սկզբունքներին։ Համաձայն Սահմանադրության` Թուրքիայի բնակիչը թուրքական պետության հետ կապված է քաղաքացիության պարտավորության միջոցով։ Այսինքն՝ ցանկացած մարդ, ով ունի Թուրքիայի քաղաքացիություն, ինքնաբերաբար թուրք է. այլ ազգերի գոյությունը չի ճանաչվում երկրի տարածքում։ Սահմանադրության մեջ նշվում է, որ պաշտոնական լեզուն թուրքերենն է, եւ այլ ժողովուրդների ազգային լեզվի օգտագործման ու պահպանման երաշխիքներ չեն տրվում։ Երկրի հիմնական օրենքում ասվում է, որ Թուրքիան աշխարհիկ պետություն է, սակայն կրոնական ազատության սկզբունքը չի հարգվում։ Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն քարոզում է սուննի իսլամը, իսկ այլ ուղղությունների ու կրոնների հետեւորդները ենթարկվում են հալածանքների: Այսպիսով՝ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրության ու ձուլման քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով` հանգեցնելով էթնոքաղաքական բախումների։
Էթնոքաղաքական հակամարտությունների օրինակ է քրդական հարցը։ Ժամանակակից պատմագիտության ու քաղաքագիտության տեսանկյունից քրդական հիմնահարցում ներառվում է երեք մոտեցում.
ա. Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքներում քրդական համալիր խնդիրներ,
բ. այս երկրներում քրդական չլուծված խնդիրների պատճառով առաջացած սպառնալիքներ,
գ. համաշխարհային տերությունների կողմից քրդական գործոնի օգտագործումը որպես քաղաքական լծակ:
Քրդերն աշխարհի ամենահին եւ ամենամեծ ժողովուրդներից են, որոնք այսօր չունեն սեփական պետություն ու պետականություն։ Պատմականորեն նրանք բնակվել են Մերձավոր Արեւելքի Քրդստան կոչվող տարածքում, որը երկար դարեր վեճի առարկա էր Իրաքի եւ Թուրքիայի միջեւ: 1514 թ. քուրդ բնակչություն ունեցող տարածքների մեծ մասը բռնակցվեց Օսմանյան կայսրությանը, իսկ 1920 թ. Քրդստանի տարածքը բաժանվեց Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի միջեւ։ Սակայն բռնի թուրքացումը եւ ձուլումը ոչ միայն չհանգեցրին քրդերի` որպես ազգ անհետացմանը, այլեւ ընդհակառակը, նպաստեցին քրդական ինքնության գիտակցման աճին ու լայնածավալ ազատագրական շարժումների առաջացմանը։
1970-ականներին քրդական ապստամբությունները վերածվեցին զանգվածային ազգային-ազատագրական շարժումների։ Նույն ժամանակահատվածում ձեւավորվեցին թուրքական քրդերի գաղափարաքաղաքական հայեցակարգերը։ Քրդական ազատագրական շարժման հիմքը մարքսիզմն է։ Սկսում են ի հայտ գալ ընդհատակյա քրդական կազմակերպություններ, որոնցից ամենաազդեցիկը դառնում է Քրդստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ-PKK, հիմնադրվել է 1978 թ., Աբդուլլահ Օջալանի կողմից): Կուսակցության սկզբնական նպատակն էր ազատ, անկախ եւ միացյալ Քրդստանի ստեղծումը, սակայն հետագայում այն գործում էր միայն Թուրքիայում հնարավոր ինքնավարություն ձեռք բերելու համար: Հենց այս կուսակցության գործունեության հետ է կապված թուրքական քրդերի եւ Անկարայի կառավարության կատաղի դիմակայության ներկա փուլը, որը շարունակվել է 1984 թ. եւ «ավարտվել» 2013 թ.` զինադադարի կնքմամբ։
Քաղաքացիական պատերազմի ընթացքում ՔԲԿ-ն բազմիցս միակողմանի զինադադար է կնքել թուրքական իշխանությունների հետ՝ կոչ անելով ժողովրդավարական փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ եւ հարգել քրդական փոքրամասնության իրավունքները։ Թուրքիայի կառավարությունը որոշակի փոփոխություններ կատարեց իր ազգային քաղաքականության մեջ։ Սակայն քրդերի հետ կապված քաղաքական բարեփոխումները կիսատ էին եւ չէին կարող լրջորեն ազդել ներքաղաքական իրավիճակի վրա: Դա էին վկայում նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շարունակական հարձակումները հարավարեւելյան շրջանների քուրդ բնակչության վրա։ Բացի այդ, քուրդ առաջնորդները թուրքական իշխանությունների կողմից ենթարկվում էին բռնաճնշումների։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նազմի Գյուրը փաստում է, որ ներկայումս Թուրքիայում կա մոտ 10 հազար քուրդ քաղբանտարկյալ: Այսպիսով՝ 1999 թ. ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանն առեւանգվեց թուրքական հետախուզության գործակալների կողմից եւ դատապարտվեց ցմահ ազատազրկման:
1990-ականներին քրդական հակամարտության միջազգայնացման արդյունքում հիմնախնդիրը նոր փուլ մտավ։ Այս ժամանակահատվածում Թուրքիայի համար առաջնահերթություն դարձավ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելը, որի հիմնական խոչընդոտը քրդական հարցի չլուծված լինելն էր։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը եւ շուկայական տնտեսությանը կողմնակից «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը բացարձակ հաղթանակ տարավ 2002 թ. խորհրդարանական ընտրություններում։ Սրանով Թուրքիայի ազգային քաղաքականությունը մի շարք փոփոխությունների ենթարկվեց` օրինականացվեցին քրդական հրապարակումները։ Բացի այդ, մասնավոր դպրոցներում, հեռուստատեսային եւ ռադիոալիքներում իրավունք տրվեց օգտագործել քրդերենը։ 2009 թ. ընդլայնվեց քրդերենի օգտագործման շրջանակը թուրքական լրատվամիջոցներում, մասնավորապես ստեղծվեց քրդական ազգային առաջին հեռուստաալիքը։ Սակայն պետք է նշել, որ նման հեռուստաալիքի ստեղծման նպատակն առաջին հերթին քուրդ հանդիսատեսին թուրքական տեսակետը քարոզելն էր ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։
2013 թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունեց «ժողովրդավարացման փաթեթ» ծրագիրը, որը նախատեսում էր Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնում։ Քրդերն ստացան մասնավոր դպրոցներում երեխաներին քրդերեն դասավանդելու եւ քրդական գրականություն ազատ հրատարակելու իրավունք։ Պետական ընտրություններում ընտրական շեմի իջեցումը հնարավորություն տվեց քրդամետ կուսակցություններին մտնել խորհրդարան։ Թուրքիայի կառավարության զիջումները քրդերի նկատմամբ պայմանավորված էին միայն ԵՄ-ին հնարավոր անդամակցությամբ, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության ժողովրդավարացմամբ։ Օրինակ՝ քրդական կուսակցությունները մեծ դժվարությամբ անցան խորհրդարան, եւ բազմաթիվ քուրդ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՔԲԿ-ին օգնելու պատրվակով։ Քրդական լրատվամիջոցները նույնպես հաճախ են բախվել ահաբեկչական կարգախոսներ քարոզելու եւ թուրքական կառավարությունը տապալելու փորձի անհիմն մեղադրանքներին։
Դժգոհությունը թուրքական «դիվանագիտությունից» հանգեցրեց քրդերի լայնածավալ բողոքի ակցիաների։ 2010 թ. քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը բոյկոտեց Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հանրաքվեն, քանի որ այն չէր բխում քուրդ ազգի շահերից: 2012 թ. քրդերը զանգվածային հացադուլ կազմակերպեցին՝ պահանջելով մայրենի լեզվով կրթություն ստանալու եւ դատարաններում քրդերենն օգտագործելու իրավունք։ Միջազգային լրատվամիջոցներում այս ակցիայի լայն լուսաբանման պատճառով թուրք դիվանագետները ստիպված եղան բանակցել ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի հետ։ Արդեն 2013 թ. մարտին Օջալանը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել հացադուլը եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Նույն թվականին զինադադար կնքվեց Անկարայի կառավարության եւ ՔԲԿ-ի միջեւ։
Թուրք-քրդական հակամարտությունը սրվեց 2015 թ., որի պատճառը Սիրիայում եւ Իրաքում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումների ռմբակոծումն էր։ Խախտվեց Թուրքիայի կառավարության եւ ՔԲԿ-ի միջեւ կնքված հրադադարի մասին երկամյա պայմանագիրը։ Սիրիայի քրդերի հանդեպ թուրքական կողմի ավիահարվածների պատճառ են դարձել Թուրքիայի՝ հիմնականում քրդերով բնակեցված Սուրուչ քաղաքում ահաբեկչական գործողությունները։ Քրդերը մեղադրել են Էրդողանի կառավարությանն ահաբեկչական Իսլամական պետության (ԻՊ) զինյալներին ոչ համարժեք դիմակայություն ցուցաբերելու մեջ։ Երկրի հարավ-արեւելյան հատվածում թուրքական իշխանությունների դեմ զանգվածային ցույցեր տեղի ունեցան, որոնք դաժանորեն բռնաճնշվեցին Թուրքիայի ուժային կառույցների կողմից, եւ ինքնապաշտպանական գործողությունների արդյունքում ավարտվեցին թուրք ոստիկանների սպանությամբ, ինչի պատասխանատվությունն ստանձնեց ՔԲԿ-ն։
Թուրքական իշխանությունների «պաշտոնական» արդարացումն այն էր, որ քրդական պաշտպանական դիրքերի վրա հարձակումներն իրականացվել են թուրքական պետության ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Ստացվում է, որ Թուրքիան ԻՊ-ին հակազդելու համար ՔԲԿ-ի հետ ուժերը միավորելու փոխարեն սկսում է ագրեսիվ պայքար մղել հենց քրդական բանակի դեմ։ Եվս մեկ անուղղակի ապացույց, որ Թուրքիան հովանավորում էր եւ է ԻՊ-ին:
Այսպիսով՝ քրդական հարցը մնում է Թուրքիայի ազգային քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը։ Թուրքիայի կառավարությունը, հրաժարվելով օրենսդրության ժողովրդավարացումից եւ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հնարավորությունից, ռազմական գործողություններ է սկսում քուրդ ժողովրդի դեմ: Դա, բնականաբար, հանգեցնում է երկրում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման։ Թուրքիայի իշխանությունները նշում են, որ քանի դեռ քրդական գործոնի մեջ տեսնում են «ազգային անվտանգությանը միտված սպառնալիքներ», քրդական հիմնախնդրի խաղաղ կարգավորում հնարավոր չէ։ Թուրքիայի բռնաճնշումային գործողություններն արդարացնելու տեսանկյունից այս միտքը քարոզվում է թուրքական իշխանությունների մակարդակով: