Սիրիուս (լատ.՝ Sirius)ˌ ինչպես նաեւ α-Մեծ շան (լատ.՝ Canis Majoris), գիշերային երկնքի ամենապայծառ աստղը։ Թեեւ նրա լուսատվությունը 25 անգամ գերազանցում է Արեւի լուսատվությանը, այնուամենայնիվ, աստղերի աշխարհում ռեկորդ չի համարվում։ Սիրիուսի բարձր տեսանելի պայծառությունը պայմանավորված է նրա հարաբերական մոտիկությամբ։ Սիրիուսին կարելի է տեսնել Երկրի ցանկացած շրջանից, բացառությամբ ծայր հյուսիսային շրջաններից։ Սիրիուսն Արեգակնային համակարգից հեռու է 8.6 լուսային տարի եւ համարվում է մեզ ամենամոտ աստղերից մեկը։
Շատ հինավուրց մշակույթներ Սիրիուսին հատուկ նշանակություն են տվել։ Նեղոս գետի հովտի բնակիչները երկրպագում էին նրան դեռեւս վաղ թագավորության ժամանակ, ինչպես երկրպագում էին Սոպդեթ (հունարեն՝ Sothis, Σῶθις) աստվածուհուն՝ Իսիդայի երկնային մարմնավորմանը։ Սիրիուսը հաճախ պատկերում էին Իսիդայի տեսքով՝ կանգնած երկնային նավակի վրա, հնգաթեւ աստղը գլխավերեւում, գլուխը՝ դեպի աջ կողմում կանգնած Օսիրիսը:
Շումերա-աքքադական աստղագիտության մեջ աստղն անվանում էին Նետ եւ կապում էին Նինուրտա աստծո հետ։ Թիգլաթպալասար 1-ինի (մ. թ. ա. 11-րդ դար) հուշաքարի գրառման մեջ ասվում է. «Սառը օրերին, սառնամանիքին, սառույցին, Նետ աստղի հայտնվելու օրերին, որը բոսորագույն է, ինչպես պղինձը»։
Հունական դիցաբանության համաձայն՝ Սիրիուս աստղը դարձավ Օրիոնի կամ Իկարիուսի շունը։ Իլիականում (22-րդ 30) Հոմերոսն այն անվանում է «Օրիոնի շուն»։ Հույները նույնպես Սիրիուսն ասոցացնում էին ամռան տապի հետ. աստղի անունը ծագում է «տաք օր» բառից։ Ըստ մ. թ. ա. 3-րդ դարի հույն բանաստեղծ Արատուսի՝ աստղն այդպես է կոչվում այն պատճառով, որ փայլում է «կուրացնող պայծառ փայլով»։