«Եվրատեսիլ»՝ երգի ամենամյա հեռուստամրցույթ, որը հիմնականում անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում գտնվող երկրների միջեւ։ Մրցույթի հիմքում ընկած է Իտալիայում անցկացվող «Սանռեմո» երաժշտական փառատոնը։
Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացնում է նոր երգ, որը ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ պետք է կատարվի հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, այնուհետեւ յուրաքանչյուր երկիր քվեարկում է մյուս մասնակիցների օգտին՝ հաղթողին պարզելու համար։ Մրցույթը ամեն տարի հեռարձակվում է սկսած 1956-ից եւ համարվում է աշխարհի ամենաերկարակյաց հեռուստատեսային ծրագրերից մեկը։ Սա նաեւ ամենադիտվող ոչ սպորտային իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում, որը ըստ վերջին տարիների տվյալների՝ մոտավոր ունենում է 100 միլիոնից ավելի հեռուստադիտող Եվրոպայում եւ ընդհանուր 600 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ «Եվրատեսիլը» հեռարձակվում է նաեւ Եվրոպայից դուրս գտնվող երկրներում։
Մրցույթում ամենաշատ հաղթանակները տարել է Իռլանդիան՝ 7 անգամ, ներառելով նաեւ 5 տարում տարած 4 հաղթանակները՝ 1992-ին, 1993-ին, 1994-ին, 1996-ին։ Ամենաբարձր միավորներով հաղթանակ տարած մասնակիցը Ալեքսանդր Ռիբակն է, ով 2009-ին հավաքեց 387 միավոր։