Երբ խոսում ենք ՀՀ-ում էներգետիկ համակարգի անվտանգության մասին, նվազագույնը պետք է պատկերացնենք, թե տարածաշրջանում էներգետիկ ինչ քաղաքականություն է տարվում։ Որովհետեւ էներգետիկայի համակարգը յուրօրինակ ցուցիչ սարք, ինդիկատոր է, որ լավագույնս է հուշում իրական աշխարհաքաղաքականության պատկերը, զարգացումների ընթացքը, դիտարկվող օբյեկտների ծավալումներն ու տեղաշարժերը։ Որովհետեւ էներգետիկայի ոլորտում «կոմերցիա» ասվածը երբեք զուտ կոմերցիա չի լինում, այն կառուցվում է քաղաքական նպատակների ու շահերի վրա։ Եվ երբ որոշ ժամանակ առաջ մեր էներգետիկ ոլորտի փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ Էներգետիկ տրիլեմայի ինդեքսի համաձայն (World Energy Council)՝ վերջին երկու տասնամյակում Հայաստանում էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը գրանցվել է 2021 թ., ասացինք, որ սա թույլ է տալիս հասկանալ մեր բացթողումը։ Այլ կերպ՝ մենք մեր երկրի էներգետիկ համակարգը պետք է դիտարկենք անվտանգության հարթությունում, այլ ոչ թե բացառապես սպառողական տրամաբանության շրջանակներում։
Իսկ անվտանգության հարթությունն անհնար է դիտարկել առանց արտահանման թվերի։ Ըստ այդմ՝ հստակ պատկեր ներկայացնենք. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը 2021 թ. մոտավորապես 25 տոկոսով նվազել է։ Մինչդեռ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան 26 տոկոսով ավելացել է։ Անկեղծ լինելու համար այլ թվեր էլ պետք է ավելացնենք, օրինակ՝ ծավալների անհամադրելիության՝ Հայաստանից 990 մլն կՎտ.ժ-ի փոխարեն ադրբեջանական 260 մլն կՎտ. ժ ցուցանիշը։ Բայց սա մխիթարանք չէ՝ հաշվի առնելով այն, թե Իրանի ու Ադրբեջանի միջեւ ինչ ակտիվ էներգետիկ «երկխոսություն» է սկսվել համակարգերի սինքրոնիզացման ուղղությամբ։ Ի վերջո, ինչ կլինի հայտարարը, ընթացքը ցույց կտա։ Բայց որ մենք մտածելու շատ բան ունենք մեր էներգետիկ քաղաքականության առումով, առավել քան ակնհայտ է։ Մեկ այլ թիվ էլ մեջբերենք. ընդհանուր առմամբ, նախորդ տարի արտահանել ենք 995.2 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ 25.3 տոկոսով նվազել է։ Իսկ ներմուծման ծավալն ավելացել է 15 տոկոսով։ Թվերը միանշանակ հուշում են՝ արտահանման քաղաքականությունը պետք է վերանայվի։
Անվտանգության արտահանման բաղադրիչից կրկին գանք բուն էներգետիկ տիրույթում տարածաշրջանային որոշ զարգացումների, ինչը կօգնի մեզ հասկանալ ոլորտում քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության դրսեւորումները եւ, ըստ այդմ, էներգետիկ անվտանգության առումով մեր ճիշտ դիրքավորման անհրաժեշտությունը։ Միայն մեկ օրինակ մեջբերենք՝ ադրբեջանա-ռուսական էներգետիկ համագործակցության, որը, սակայն, գնալով ձեւափոխվում է էներգետիկ բախման։ Երբ Բաքուն հայտարարեց, որ Ռուսաստանից ներկրվող բնական գազի դիմաց՝ տարեկան մինչեւ 2 մլրդ խմ, չի պատրաստվում ռուբլիով վճարել, Մոսկվան հրապարակային չպատասխանեց։ Կարճ ժամանակ անց ռուսական կողմից փորձագիտական շրջանակները հաղորդեցին, որ «Գազպրոմբանկը» որոշ ծրագրերի վարկավորում չի անի։ Ի դեպ, խոսքն այն ծրագրերի վարկավորման մասին էր, ինչը պետք է իրականացվեր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում։
Սրան հետեւեցին այլ իրադարձություններ։ Բաքուն ասաց, թե որոշել է ռուսական «Տատնեֆտ» ընկերությանը պատկանող Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով նավթի մատակարարումը դադարեցնել, փոխարենը դա կանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Պատճառն այն էր, որ «Տատնեֆտը» որոշել էր տարանցման համար վճարները նույնպես ռուբլիով գանձել։ Հավելենք, որ «Տատնեֆտը» Ռուսաստանի նավթային խոշորագույն ընկերություններից է, գործունեությունը կենտրոնացած է զտման, նավթի եւ գազի քիմիայի, նավթի եւ գազի արդյունաբերության սարքավորումների արտադրության վրա: «Տատնեֆտը» մասնակցություն ունի նաեւ ֆինանսական (բանկային եւ ապահովագրական) հատվածի ընկերությունների կապիտալում։
Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ էներգետիկ հատվածում հակասություններին այստեղ չենք անդրադառնա, քանզի դրա մասին խոսել ենք՝ ներկայացնելով Անկարայի՝ հյուսիսային Իրաք ներխուժման նպատակները, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքով Եվրոպա ածխաջրածինների այլընտրանքային մատակարարումներ իրականացնելուն։ Զուգահեռ կարող ենք խոսել նաեւ Ռուսաստանի հանդեպ էներգետիկ պատժամիջոցներից՝ նավթի ու գազի արտահանման կասեցումից, բայց պետք է նաեւ մեկ այլ փաստ հաշվի առնենք. 2019 թ. հաստատված ՌԴ էներգետիկ անվտանգության ռազմավարությունում այս երկիրը սպառման գլխավոր շուկա է ընտրել Ասիան։ Չմոռանանք «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմի» հետ Չինական նավթագազային ազգային ընկերության կնքած երկարաժամկետ պայմանագիրը՝ 10 տարվա կտրվածքով։
Էներգետիկ քաղաքականության այս ծավալումների պատկերի հակիրճ նկարագիրը մեկ նպատակով մեջբերեցինք, որպեսզի ավելի ակնառու լինի էներգետիկ մե՛ր համակարգի անվտանգությանն ուղղված երկարաժամկետ կայուն եւ հստակ քաղաքականության հրամայականը, որն ուղղված կլինի լիիրավ ինքնաբավությանը, արտահանման ընդլայնմանը։ Կարո՞ղ ենք հասնել սրան։ Այո, եւ՛ ներուժն ունենք, եւ ոլորտն է դիվերսիֆիկացված՝ ԱԷԿ ունենք, ՋԷԿ-եր, հիդրոկասկադներ, ՀԷԿ-եր, ՓՀԷԿ-ներ, արեւային կայաններ, հողմակայան (այսինքն՝ ավանդական եւ վերականգնվող)։ Մնում է զարգացման ծրագրեր մշակել՝ անպայման սոցիալական բաղադրիչները հաշվի առնելով, մատակարարման ուղիներն ու ձեւերը բազմազանեցնել, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույցների կարեւորագույն շահառու դառնալ։