Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ընդդիմությունը 2023 թ. նախագահական ընտրություններին պետք է առաջադրի միասնական թեկնածուի: Դա կարող է զգալիորեն կրճատել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրվելու հավանականությունը՝ վերընտրվելու իր պաշտոնում: Երկրի բազմամյա առաջնորդը վստահության ճգնաժամ է զգում տնտեսական ծանր իրավիճակի պատճառով, իսկ արտաքին քաղաքական քայլերը, այդ թվում՝ Սիրիայում սկսվող ռազմական գործողությունը դժվար թե օգնեն նրան՝ փրկելու վարկանիշը համատարած գործազրկության ու արժեզրկման պայմաններում: Ըստ հարցումների՝ հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի են հավակնում Անկարայի ու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետները:
«Նոր նախագահ կդառնա կամ վեց կուսակցություններից մեկի ղեկավարը, կամ միասնական թեկնածուն»,- նախկին վարչապետի խոսքը մեջբերել է «Karar» թերթը: Դավութօղլուն հայտարարել է, թե ով էլ լինի միասնական թեկնածուն, պետք է հետեւի որոշակի սկզբունքների, որոնք կմշակի ընդդիմությունը: Այդ թեկնածուի հաղթանակի դեպքում նա պետք է հաշվի նստի դաշինքի հետ, որն աջակցել է նրան: Դավութօղլուն «խորհրդարանական հանրապետություն» արտահայտությունը չի հնչեցրել: Սակայն նրա խոսքի իմաստից հետեւում է, որ Էրդողանին հաղթողի կառավարումն ավելի
շուտ նման կլինի դրան, քան ներկայիս համակարգին, որում նախագահը մեծ լիազորություններ ունի: Ընդհանուր առմամբ՝ թուրքական ընդդիմությունը հանդես է գալիս խորհրդարանական հանրապետության օգտին: Մնում է ընտրողներին համոզել, որ ղեկավարի փոփոխությունն անհրաժեշտ է երկրին:
Նախագահական ու խորհրդարանական ընտրությունները պլանավորված են 2023 թ. հունիսին: Իշխող «Ժողովրդական դաշինքը», որում ընդգրկված են «Արդարություն ու զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, կանխատեսելիորեն հայտարարել է, որ իրենց թեկնածուն կլինի Էրդողանը:
Գործող նախագահի դրությունն այժմ նախանձելի չէ: «MetroPOLL» հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հարցման արդյունքներով, որոնք մայիսին ներկայացրել է «Financial Times»-ը, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յաշինի ու Էրդողանի՝ երկրորդ փուլ անցնելու դեպքում առաջինը մոտավորապես կստանա ձայների 53.9 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 36.5 տոկոսը: Մնացած 9.6 տոկոսը չկողմնորոշվածներն են: Նման իրավիճակ կառաջանա նաեւ այն դեպքում, եթե Էրդողանի հետ երկրորդ փուլ անցնի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Վերջինս կստանա ձայների 49.7, իսկ Էրդողանը՝ 40.8 տոկոսը: Երկրի գործող ղեկավարի համար այսպիսի ցուցանիշներն ահազանգ են: Դեռ երբեք չի եղել, որ ընտրություններից մեկ տարի առաջ նախագահն ավելի քիչ հեղինակություն ունենա, քան նրա հիմնական մրցակիցներից յուրաքանչյուրը:
Էրդողանի վարկանիշի անկման հիմնական պատճառը տնտեսական վիճակն է. այն երկրում ողբալի է: Ապրիլին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է գրեթե 70 տոկոսի։ Ճիշտ է՝ մինչեւ տարեվերջ, երկրի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, այնուամենայնիվ, դա կդանդաղի, բայց միայն՝ 42.8 տոկոսի սահմաններում։ Թուրքական լիրան 2021 թ. դեկտեմբերին այլ արժույթների համեմատությամբ էժանացել է գրեթե մեկ երրորդով։ Սա անձամբ Էրդողանի քաղաքականության հետեւանք էր, ով պնդում էր, թե երկրի Կենտրոնական բանկն իջեցնի հիմնական տոկոսադրույքը, որն այժմ 14 տոկոս է: Դա ամենաշատը հարվածում է թուրքական միջին խավին։ Պատահական չէ, որ Թուրքիայի գործող նախագահն ավելի մեծ աջակցություն ունի մարզերում, քան խոշոր քաղաքներում։
Ի դեպ, առայժմ հարց է՝ արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ օգտվել ստեղծված իրավիճակից ու գոնե պայմանավորվել միասնական թեկնածուի վերաբերյալ՝ հաղթահարելով իրենց տարաձայնությունները: «Էրդողանի դեմ տրամադրված ուժերը հաճախ տարբեր գաղափարախոսություններ են ունենում: Օրինակ՝ ձախ՝ որոշ չափով մարքսիստական շարժումներն ու կուսակցությունները, օրինակ՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը, շփման եզրեր չունեն ազգայնականների հետ: Այսինքն՝ միասնական թեկնածուի առաջադրման համար ինչ-որ մեկը հաստատ պետք է նահանջի սեփական սկզբունքներից, ինչը անելը, սակայն, այնքան էլ հեշտ չէ»,- բացատրել է ՌԴ Ե. Պրիմակովի անվան ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
«Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Նադեին-Ռաեւսկին շեշտել է, որ Էրդողանն արդեն կարողացել է «ազատվել» արժանի շատ ընդդիմադիրներից: Դա վերաբերում է ինչպես երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, այնպես էլ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ թաքնվում է ԱՄՆ-ում: Բայց, ի դեպ, դա էլ դժվար թե փրկի Էրդողանին: Տնտեսության մեջ դրությունը, իրոք, շատ ծանր է: Երիտասարդության շրջանում գործազրկությունը, ինչպես շեշտել է Նադեին-Ռաեւսկին, հասնում է 40 տոկոսի: Եվ բնակչության այդ շերտը, ամենայն հավանականությամբ, կքվեարկի Էրդողանի դեմ:
Նրա վարկանիշի հետ կապված իրավիճակը որոշ չափով փրկում են արտաքին քաղաքական հաջող քայլերը, որոնք դուր են գալիս որոշակի շրջանակների: Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի թեկնածությունների դեմ վետոյի կիրառման, Միջերկրական ծովում անօրինական հորատումների եւ, վերջապես, Սիրիայում քրդական կազմավորումների դեմ գործողության մասին է, որի սկսվելու մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է չորեքշաբթի օրը:
Սակայն տնտեսության հետ կապված խնդիրները կարող են գերակշռել արտաքին քաղաքականության բոլոր հաջողություններին՝ հաշվի առնելով, որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա զբոսաշրջության ոլորտն այս ամառ զերծ պահել մեծ կորուստներից: Այս կարծիքին է փորձագետը։ Սա կհանգեցնի նրան, որ Թուրքիայի նախագահը նվազագույնը չի կարողանա խուսափել երկրորդ փուլից։ Իսկ այդ դեպքում Էրդողանի համար շատ դժվար կլինի հաղթանակի հույս ունենալ։
Սիրիայում նոր՝ արդեն չորրորդ ռազմական գործողության անցկացմամբ Անկարան հույս ունի ընդլայնել իր դիրքերն այդ երկրում՝ դա բացատրելով քրդական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Նախորդ ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների ավելի քան 40 տոկոսի աջակցությունը, իսկ հիմա, ըստ սոցիոլոգների, այդ ցուցանիշն իջել է մինչեւ 30 տոկոս: